«Միանշանակ Քարվաճառը հայկական է». Շահումյանի շրջանի վարչական ղեկավար
Արցախյան պատերազմից հետո Հայաստանի իշխող վերնախավը շարունակաբար առաջ է տանում այն տեսակետը, թե Արցախի տարածքների մեծ մասը, որը գրավվել է Ադրբեջանի կողմից՝ հայկական չեն։
Դեռևս նախորդ տարի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, որը նախկինում ունեցել է 90 տոկոս ադրբեջանական ազգաբնակչություն։
«Այս կարգավիճակում Շուշին հայկակա՞ն եք համարում»,- խորհրդարանում ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Գրեթե նմանատիպ միտք երեկ հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` այս անգամ Քարվաճառի վերաբերյալ։
«Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ական թվականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր՝ որպես Արցախի պաշտպանական գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեին, և Արցախը ստանար կարգավիճակ։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը կասկածում է։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է՝ Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ-արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»,- ասել էր իշխող քաղաքական ուժի պատգամավորը։
Թեև պատմություն իմացող մարդը շատ լավ գիտի, որ Քարվաճառը և Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի մյուս շրջանները հայկական են, այդուհանդերձ հարց է առաջանում՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ինչո՞ւ են Ադրբեջանի շահերը պաշտպանում՝ տարածելով նրանց թեզերը։
168.am-ի հետ զրույցում Շահումյանի շրջանի վարչական ղեկավար Սերգեյ Չիլինգարյանը սկզբում չցանկացավ մեկնաբանել իշխանական պատգամավորի հայտարարությունները՝ ընդգծելով, որ ճշմարտությունը մեկնաբանելու կարիք չկա, այդուհանդերձ նշեց․
«Միանշանակ Քարվաճառը հայկական է, ինչպե՞ս կարող է Քարվաճառը հայկական չլինել։ Քարվաճառն այնպիսի սրբավայրեր ու պատմություն ունի, որոնք հստակ ցույց են տալիս, որ այն հայկական է, ինչի՞ մասին է խոսքը։ Ես միայն այսքանը կարող եմ ասել»։
Ի դեպ, ապրիլի 1-ն ադրբեջանական օկուպացիայից Քարվաճառի ազատագրման օրն է։ 1993 թվականին Մոնթե Մելքոնյանի, Յուրի Խաչատուրովի, Գուրգեն Դալիբալթայանի հրամանատարությամբ հայ զինվորները կարողացան ազատատագրել Քարվաճառը։
Նախորդ տարի նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրած Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, առանց մեկ կրակոցի Քարվաճառը հանձնվեց թշնամուն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: