Հիմա շատ ավելի ծանրակշիռ խաղացողներ կան, որոնք իրենց դեռևս թույլ չեն տալիս ո՛չ օրվա մասին խոսել, ո՛չ առավել ևս՝ հնարավոր սցենարի մասին. Քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո իր համար ավանդական դարձած ձևաչափով՝ ֆեյսբուքյան գրառմամբ, հայտնեց՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այսօր արդեն՝ տեղեկացանք, որ Փաշինյանը, թեև ոչ պաշտոնապես, բայց արդեն սկսել է քարոզարշավը. նա այսօր Արագածոտնի մարզում էր՝ համայնքային այցերի:

Ընտրություննե՞ր, թե՞ բլեֆ. Հարցը քաղաքական, քաղաքագիտական ու հասարակական քննարկումների ծիրում է:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով թեմային՝ վստահեցրեց՝ ալգորիթմը, որով շարժվում է իշխանությունն ընտրությունների շուրջ, որևէ օրինական տրամաբանության մեջ չի տեղավորվում:

«Եթե նույնիսկ Հայաստանում պետք է լինեն ընտրություններ, ապա, եթե հերթականությամբ դիտարկենք, մինչ «օրվա» մասին հայտարարությունը, 4 քայլ դեռ պետք է իրականացվի,- պարզաբանեց քաղաքագետը՝ թվարկելով այդ քայլերը,- Պետք է Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ հրաժարական տա, հետո պետք է նոր վարչապետ չընտրվի, նորից հրաժարական տա, նոր վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը լուծարվի, դրանից հետո միայն՝ նախագահը և այլք ինչ-ինչ քայլեր անեն, և հայտարարվի օրվա մասին:

Նիկոլ Փաշինյանը սկսել է վերջից. լավ է՝ դեռ չի հայտարարել՝ ամսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները, լավ է՝ դրանից չի սկսել: Այսինքն՝ այս պահի դրությամբ իր հայտարարածը որևէ իրավական հիմք չունի»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ որևէ հստակություն և վստահություն այդ հայտարարության նկատմամբ չի կարող լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական վստահությունը մոտենում է զրոյի:

«Այս հայտարարությունը և Ն. Փաշինյանի հետ բանակցությունների մեջ մտած խորհրդարանական ընդդիմության բավականին երկչոտ արձագանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է այդ բանակցային պրոցեսը ևս հօգուտ իր փիառի աշխատեցնել:

Այսինքն՝ ի՞նչ էին հայտարարում ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն. ԼՀԿ-ն ասում էր՝ մինչև հունիսի 1-ը պետք է լինի ընտրությունը, հակառակ դեպքում՝ մենք որևէ երաշխիք չենք տալիս, այս պրոցեսն ավարտված ենք համարում (իրենք ուզում էին ցույց տալ, որ այս պրոցեսը ղեկավարվում է իրենց կողմից), ԲՀԿ-ն ասում էր՝ իրենք գնալու-պահանջելու են հրաժարական և անհապաղ ընտրություններ, սակայն, ինչպես տեսնում ենք՝ ընտրությունների ժամկետի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ այդ օրը հունիսի 20-ն է, և անմիջապես հրաժարական չի տվել, և նույնիսկ դրա մասին նույնիսկ դեռ խոսք չկա: Խոսք չի եղել նաև, թե ինչ Ընտրական օրենսգրքով է լինելու այս ամեն ինչը:

Ինչո՞ւ ինքն այդքան շտապ, ափալ-թափալ հայտարարեց Ծառուկյանի հետ հանդիպումից հետո. Ինքն ուզեց ցույց տալ, որ՝ սա իմ վերահսկողության տակ է, իմ քմահաճույքն է: Այսինքն՝ այնպես չէ, որ եկան-պահանջեցին, ես ասեցի՝ հա, ու գնացին»,- հավելեց Վ. Հակոբյանը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը թեև դեռ հրաժարականի մասին չի հայտնել, բայց ԱԺ իմքայլական փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ մինչ ընտրությունները հենց Նիկոլ Փաշինյանն է լինելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքագետն արձագանքեց, որ, եթե նույնիսկ որպես աքսիոմ ընդունվի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ, դեռևս մեկ ամսից էլ ավելի ժամանակ հետո նոր կարող է հրաժարականը լինել, իսկ մինչ այդ անորոշությունները շատ են.

«Մինչ այն պահը, երբ տեղի կունենա բուն ԱԺ նիստը, որտեղ հրաժարական կլինի, խոսել նրա մասին, թե որ սխեմայով է ամեն ինչը գնալու, կարծում եմ՝ վաղաժամ է, որովհետև ամեն ինչ կախված է ճնշումներից, քաղաքական իրավիճակից, շատ բան կախված է արտաքին քաղաքական գործոններից:

Ընդ որում, եթե նախկինում խոսքը հիմնականում Ռուսաստանի գործոնի մասին էր, հիմա արդեն՝ շատ բան կախված է նաև Արևմուտքի գործոնից. Մենք տեսնում ենք, որ Արևմուտքը փորձում է վերադառնալ կոնկրետ մեր տարածաշրջան:

Դրա համար՝ ով ինչ է ասում, ինչ է կանխատեսում՝ ով է լինելու ժամանակավոր վարչապետը, թե ինչ է լինելու. այսօրվա օրով խորհուրդ չեմ տա, որ որևէ մեկը նման կանխատեսումներ անի՝ առավել ևս, որ շատերը, ովքեր նման կանխատեսումներ են անում, իրենց քաղաքական քաշը չի բավարարում, որպեսզի իրենք նման հայտարարություններ անեն, որովհետև տարածաշրջանում և ներքին քաղաքական դաշտում հիմա շատ ավելի ծանրակշիռ խաղացողներ կան, որոնք իրենց դեռևս թույլ չեն տալիս ո՛չ օրվա մասին խոսել, ո՛չ առավել ևս՝ հնարավոր սցենարի մասին խոսել»:

Այս համատեքստում նա շեշտեց՝ մինչև հնարավոր ընտրություններն առկա մեկ ամիսը ստուգատեսային ժամանակահատված է թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար, ապա խոսեց տարածաշրջանային նոր խաղացողների ակտիվացման և հավակնությունների մասին. «Այս մեկ ամսում իրենք դիտարկելու են՝ ինչ իրավիճակ է, դրսից ով ինչ է ասում:

Նիկոլ Փաշինյանն ունի որոշակի պարտավորություններ, օրինակ, թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հանդեպ, բայց հիմա տարածաշրջանում սկսել են խաղալ այլ խաղացողներ ևս:

Թուրքիան խստորեն տարբեր մակարդակներով դատապարտում էր Հայաստանում «ռազմական հեղաշրջման փորձը», և միանգամից ողջունեցին արտահերթ ընտրությունները:

Թուրքիան մինչև կապիտուլյացիան երբեք իրեն թույլ չէր տալիս ուղղակիորեն մտնել հայաստանյան ներքաղաքական հարցերի մեջ, առավել ևս՝ դատապարտել կամ ողջունել. դա միշտ համարվում էր այլ աշխարհաքաղաքական ուժերի մենաշնորհ (սովորաբար նման բան իրեն թույլ էր տալիս ՌԴ-ն, լավագույն դեպքում՝ նաև ԱՄՆ-ը և մի քիչ էլ Ֆրանսիան, ԵՄ-ն):

Թուրքիան սրանով ընդամենը փորձում է փաստել իր նոր կարգավիճակը տարածաշրջանում և Հայաստանի նկատմամբ իր հավակնությունները, որ ինքն արդեն այնքան կա, որ կարող է Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին հավասար՝ Հայաստանի ներքին քաղաքական իրադարձությունների վրա ազդել ու գնահատականներ տալ: Մինչև հիմա չէր եղել նման բան. Թուրքիան երբեք իրեն թույլ չի տվել, չուներ էլ այդ իրավունքը: Հիմա ինքը համարում է, որ ինքն այդ իրավունքն ունի՝ երեք անգամ կարող է մտահոգություն հայտնի, որ ոնց կարող է Հայաստանում ռազմական հեղաշրջում լինի, հանկարծ Նիկոլին ձեռք տան, հետո էլ ողջունի արտահերթ ընտրությունները:

Շատ բան փոխվում է ռեգիոնում, շատ արագ է փոխվում, դրա համար այս մեկ ամսվա ընթացքում, նայած՝ ինչպես իրեն կպահի արտախորհրդարանական ընդդիմությունը, ինչպես իրեն կպահի նույն խորհրդարանական ընդդիմություն կոչեցյալը, որը մի բան հայտարարում է, բայց ուրիշ բան ստացավ, նայած՝ ով ինչ ռեսուրսներով է իրականում ուզում մտնել ընտրությունների, ուզում են պայմանավորվե՞լ, թե՞ ուզում են կռիվ տալ իշխանության համար, ինչ նոր ուժեր կարող են մտնել հանկարծ»:

Տեսանյութեր

Լրահոս