Փաշինյանի՝ «աննախադեպ փետրվարը». 604 հազարով ավելի ՀԴՄ է տպվել
Մինչ կառավարության հերթական նիստի մեկնարկը` Նիկոլ Փաշինյանը խոսեց փետրվարի՝ «աննախադեպ» առաջին կեսի մասին. նա տեղեկացրեց, թե «Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում»: Փետրվարի աննախադեպությունը կապված էր Փաշինյանի շատ սիրած ՀԴՄ կտրոնների հետ
«Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով, հանրապետությունում ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12%-ով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետև դեռ Հայաստանում կորոնավիրուսի դեպք մենք չէինք արձանագրել: Իսկ 2020թ-ի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019թ․ նկատմամբ:
Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Իհարկե, էլի ասում եմ, որ էստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ և, իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ հավելեց, թե դրամաշրջանառության աճը, ինչպես նաև ՀԴՄ գործարքների աճը կապված են սպառման ծավալների, արտադրության ու ծառայությունների մատուցման ոլորտներում գրանցված աճի հետ:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հորդորեց «լավ նորության» դեպքում անգամ չպետք է թուլանալ, այլ պետք է ուշադրություն դարձնել տենդենցներին:
«Շատ տիպի սպառումներ, օրինակ՝ հարսանիքներ, միջոցառումներ և այլն, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պարտքերն են մարվում: Եվ պետք ա ուշադիր լինենք և դեռևս չթուլացնենք էն աջակցությունը, որը մենք հատկացնում ենք տնտեսությանը, մինչև որ համոզված լինենք, որ արդեն ստաբիլ, կայուն վիճակում ենք գտնվում»,- ասաց Վահան Քերոբյանը, ում դիրքորոշումը կարծես թե Փաշինյանի սրտով չէր, ու վերջինս որոշեց ֆիքսել, որ «նույնիսկ ստաբիլ, կայուն վիճակում չենք դադարեցնում տնտեսությանը աջակցելը, էնպես որ…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: