Նորմալ քաղաքներում այսպիսի բարձրահարկ շենքեր չեն սարքում. Երևանում 9 հարկից բարձր չպետք է լինի. Սաշուր Քալաշյան
Փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15։29-ին երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.11 աստիճան և արևելյան երկայնության 44.54 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվեց Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Շողակաթ և Ճամբարակ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ:
Սեյսմոլոգ, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել տեկտոնական երկրաշարժ, որը պայմանավորված է նրանով, որ մենք ապրում ենք սեյսմաակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր:
«Տվյալ դեպքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է, ոչ մի խոսք չի կարող գնալ որևէ բիոլոգիական կամ այլ զենքի մասին: Կա հետցնցումային սեյսմիկ ակտիվություն, և հնարավոր է՝ լինի այնպիսի ուժգնության հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից: Օրինակ, Սպիտակի երկրաշարժի հետցնցումային ակտիվությունը տևել է 3 տարուց մի քիչ շատ: Այս՝ 4.7 մագնիտուդի համար, կախված մի քանի պայմաններից, կարող է տևել, ենթադրենք, 10 օր, 20 օր, բայց գնալով մարում է: Մինչ օրս գրանցվել է մոտ 110 հետցնցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոս Մարգարյանը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ, օրինակ, Երևանում ԽՍՀՄ տարիներին սարքած շենքերը նույնիսկ 7 բալի համար են վտանգավոր, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ կիսելով մասնագիտական այդ կարծիքը, նկատեց.
«Վերջին տարիներին՝ համենայնդեպս երկրաշարժից հետո, մենք ինչ նախագծում ենք, բոլորը դիմակայուն են և որակով են կառուցում, իսկ այն, ինչ սովետական տարիներին են կառուցվել, դրանք հնացած են, արդեն կյանքն ապրած շենքեր են: Սակայն հին շենքերն ամրացնելու եղանակ, իհարկե, կա՝ սեյսմակայուն բարձիկներ և այլն, որպեսզի հուսալիությունը մեծանա: Քանի որ այդ շենքերը հիմա պետական գույք չեն, բոլորը մասնավորեցված են, ապա դա մնում է շենքի բնակիչների ցանկությանը: Եթե նրանք ուզում են իրենց շենքն ամրացնել, ապա կարող են գումար հավաքել: Մեծ ծախսեր չեն, կազմակերպել է պետք: Այս պահին կդժվարանամ ասել, թե ինչ արժե, բայց ֆանտաստիկ թվեր չեն»:
Ճարտարապետը ցավով նշեց՝ ամենավատն այն է, որ Երևանում շատ են կառուցում բարձրահարկ շենքեր:
«Առհասարակ պետք է խուսափենք այդ բարձրահարկ շենքերից: Այսօրվա նորմերն այնպիսին են, որ թույլատրվում է մինչև 20 հարկ կառուցել, բայց չեմ կարծում, որ 20 հարկանի շենքը բնակչի համար հարմար է: Կարող է վարչական շենք լինի, գրասենյակներ, բայց՝ ոչ բնակելի: Նորմալ քաղաքներում այսպիսի բարձրահարկ շենքեր չեն սարքում, Եվրոպայում որտե՞ղ են բնակելի բարձրահարկ շենք սարքում, ոչ մի տեղ: Կարծում եմ՝ Երևանում 9 հարկից բարձր չպետք է լինի»,- եզրափակեց Սաշուր Քալաշյանը: