Տխուր կանխատեսումներ

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները տխուր կանխատեսումներ ունեն Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ։ Նույնիսկ ամենալավատեսական սցենարով, այսպես շարունակվելու դեպքում մեզ տարիներ պետք կլինեն կորցրածը վերականգնելու համար։

Պաշտոնական վիճակագրությունը դեռևս չի հրապարակել անցած տարվա տնտեսական աճի տարեկան ցուցանիշները։ Առայժմ հայտնի է միայն, որ տնտեսական ակտիվության անկումը կազմել է 7,5 տոկոս։ Տնտեսական աճի նախնական ցուցանիշը կհրապարակվի ավելի ուշ, հավանաբար՝ փետրվարի վերջին։ Մինչ այդ կան տարբեր գնահատականներ Հայաստանի տնտեսության անցած տարվա զարգացումների վերաբերյալ։

Ամենալավատեսական կանխատեսումներով՝ 2020թ. ՀՆԱ անկումը գնահատվում է 8 տոկոսին մոտ։ Այդպիսին է նաև Համաշխարհային բանկերի փորձագետների գնահատականը։

Հայաստանի Կենտրոնական բանկը ՀՆԱ անկումը գնահատել է 7,8 տոկոս։

Անկախ նրանից, թե վերջնական արդյունքում ինչպիսին կլինի Հայաստանում տնտեսական անկումը, այն լինելու է վատագույն ցուցանիշը՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում։ Թեև դրանում առկա է նաև ղարաբաղյան պատերազմի ազդեցությունը, այնուհանդերձ մինչև պատերազմն էլ Հայաստանի տնտեսության անկումը փոքր չէր և վատագույններից էր։ Պատերազմն ավելացրեց անկման տեմպը, սակայն այնպես չէ, որ ունեցավ վճռական ազդեցությունն։

Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունները սկսվեցին շատ ավելի վաղ՝ կապված համավարակի հետ։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ համարժեք քայլեր ձեռնարկել այդ ազդեցությունները մեղմելու ուղղությամբ։

Նույնիսկ հակաճգնաժամային նախատեսված ծրագրերը չհաջողվեց ամբողջությամբ իրականացնել։ Էլ չենք խոսում դրանց ցածր արդյունավետության մասին։

Ճիշտ է, համաշխարհային մակարդակով Հայաստանի անցած տարվա տնտեսության անկման ցուցանիշները վերջինը չեն, սակայն շատ ավելի վատ են վերականգնման հեռանկարները։ Տնտեսության վերականգնման հույսերը չափազանց փխրուն են։

Արժույթի միջազգային հիմնադրամը 2021թ. Հայաստանում ընդամենը 1 տոկոս աճ է ակնկալում։ Այն էլ՝ 2020թ. սպասվող առնվազն 8 տոկոսանոց անկումից հետո։

Սա նշանակում է, որ մեր տնտեսությունը չունի վերականգնման պոտենցիալ, ինչն ամենամտահոգիչն է այս ամենի մեջ։ Նախկինում էլ Հայաստանի տնտեսության պոտենցիալը բարձր չի եղել։ Այնպես չէ, որ 2019թ. արձանագրված 7,6 տոկոս աճը կապված էր տնտեսության պոտենցիալի ավելացման հետ։ Դրա գերակշիռ մասը վարչարարության կամ վիճակագրության արդյունք էր։ Տնտեսական պոտենցիալի ազդեցությունն այն ժամանակ էլ շատ փոքր էր։ Տնտեսական պոտենցիալի բարելավման ուղղությամբ ժամանակին այդպես էլ համարժեք քայլեր չարվեցին։ Դրա հետևանք է ոչ միայն արձանագրված անկման բարձր տեմպը, այլև վերականգնման թույլ հեռանկարը, որն ունենք։

Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների առումով չեն փայլում նաև Համաշխարհային բանկի գնահատականները։ Թեև ՀԲ-ն ավելի դրական կարծիք ունի, այնուհանդերձ, այն ևս լավատեսության մեծ հույսեր չի տալիս։

ՀԲ փորձագետների վերջին կանխատեսումներով՝ 2021թ. Հայաստանի տնտեսական աճը կլինի 3 տոկոսի սահմաններում։ Անցած տարվա հոկտեմբերի գնահատականը շատ ավելի դրական էր, կար 4,6 տոկոս տնտեսական աճի հավանականություն։ Հիմա աճի կանխատեսումը միանգամից մեկ երրորդով նվազեցվել է։

Ավելի հոռետես է Հայաստանի Կենտրոնական բանկը։ ԿԲ-ն այս տարվա տնտեսական աճի հավանականությունը գնահատել է ընդամենը 2 տոկոս։

Այս տեմպով շարժվելու պարագայում տարիներ են պետք, որպեսզի կարողանանք վերադառնալ 2019թ. մակարդակին։

Հիշեցնենք, որ 2019թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքը կազմեց 6,551 տրիլիոն դրամ։

Չնայած անցած տարվա համար նախատեսել էինք, որ ՀՆԱ-ն կհասնի 7,1 տրիլիոնի, այն շատ ավելի քիչ կլինի, քան 2019թ. էր։ Սպասվող 8 տոկոս անկման պարագայում Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի ընդամենը 6 տրիլիոնից մի փոքր ավելի։

Եթե իրականանան Համաշխարհային բանկի կանխատեսումները և 2021թ. ունենանք 3 տոկոս տնտեսական աճ, ապա Հայաստանի ՀՆԱ-ն կհասնի, լավագույն դեպքում, 6,2 տրիլիոնի։ Նույնիսկ այդ պարագայում այն 5,3 տոկոսով փոքր կլինի 2019թ. ցուցանիշից։

Տնտեսության վերականգնման հետաձգումն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ։ Տնտեսության վերականգնման հետ են կապված՝ ինչպես պետական բյուջեի եկամուտները, այնպես էլ՝ սոցիալական հարցերի լուծումը։ Եթե 2021թ. մեր ՀՆԱ-ն պիտի շարունակի ավելի քիչ լինել, քան 2019թ. էր, ապա դա նշանակում է, որ ավելի քիչ կլինեն նաև բյուջետային եկամուտները։ Զարմանալի չէ, որ կառավարությունն այս ու այն կողմ է ընկել՝ բյուջեի եկամուտների ավելացման այլ աղբյուրներ գտնելու համար։ Ու որպես այլընտրանք՝ կանգնել են պետական պարտքն ու հարկային բեռն ավելացնելու, հարկման դաշտն ընդլայնելու վրա։

Նախատեսվում է հարկային բեռ դնել այնպիսի ոլորտների վրա, որոնք մինչ այդ, սոցիալական ու տնտեսական իրավիճակով պայմանավորված, ազատված են եղել դրանից։ Խոսքը, մասնավորապես, կրթությունը և առողջապահությունը ԱԱՀ դաշտ բերելու և հարկելու մասին է։

Մինչ շատ երկրներ գնում են գյուղատնտեսության սուբսիդավորման ճանապարհով՝ կառավարությունը մտադիր է ԱԱՀ հարկման տակ մտցնել նաև գյուղատնտեսությունը։ Պարզ է, որ դա բերելու է գյուղմթերքի գների բարձրացման։ Սոցիալական առումով, թե դա ինչ է նշանակում, դժվար չէ պատկերացնել։ Բայց խնդիրը միայն սոցիալականը չէ։ Գյուղատնտեսության հարկումը հանգեցնելու է նոր հարաբերությունների հաստատման, որտեղ գործող խոշոր խաղացողները կլանելու են փոքրերին։ Նույնը տեղի է ունենալու նաև փոքր և միջին բիզնեսի պարագայում, որտեղ կառավարությունը մտադիր է վերանայել շրջհարկի հետ կապված մոտեցումը. ծանրացնել հարկային բեռը, նվազեցնել հարկման շեմը։

Եվ այս ամենի նպատակը մեկն է՝ ավելացնել բյուջեի եկամուտները։ Մինչդեռ, բյուջեի եկամուտների ավելացումը չի կարող ինքնանպատակ լինել։ Տնտեսությունը խեղդելու հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնելը կարող է կործանարար լինել։ Դա գուցե ժամանակավոր արդյունք տա եկամտային առումով, բայց հետո տնտեսությանը կանգնեցնելու է շատ ավելի ծանր փորձության առաջ։

Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե՝ եղածի վրա ավելացնել հարկային բեռը՝ ռիսկեր ստեղծելով դրանց հետագա գործունեության համար, այլ՝ մտածել տնտեսության ակտիվացման հաշվին հարկային բազան ավելացնելու մասին։ Ցավոք, գործող իշխանությունների պատկերացումները տնտեսության նկատմամբ շատ մակերեսային են և սահմանափակվում են նախկիններին ունեզրկելու և նրանց ունեցվածքը բռնագանձելու ձգտումներով։ Թե դա մինչև հիմա ինչ հետևանք է ունեցել և այսուհետ ունենալու է տնտեսության վրա, տեսնում ենք։

Մեր տնտեսությունը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որտեղից դուրս գալու համար հարկավոր են համակարգային փոփոխություններ և լուրջ տնտեսական ու ներդրումային ծրագրեր։ Բայց դրանք այսօր չկան։ Հույս չկա, որ առաջիկայում ևս կլինեն, քանի դեռ տնտեսությունն այս վիճակին հասցրած իշխանությունը մտադիր չէ իր հեռանալով՝ փոխել երկրում ստեղծված մթնոլորտը։

Զարմանալի չէ, որ միջազգային կազմակերպություններն առաջիկայում անհեռանկարային են համարում Հայաստանի տնտեսության զարգացումները։ Նույնիսկ կառավարությունը չի հավատում մեր տնտեսության ապագային։ Դրա վկայությունն է նաև այն, որ 2020թ. սպասվող 8 տոկոս անկումից հետո, այս տարի հազիվ 3,2 տոկոսանոց աճ է ակնկալում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս