Ընտանիքը, 40 հազար դրամի պատճառով, չորս ամիս է՝ զրկված է էլեկտրաէներգիայից (լուսանկարներ)

Հաստ ծածկոցների տակ ծվարած Գոռն ու Գրիգորն ամբողջ ուժով շնչում-արտաշնչում են, որ իրենց շնչառությամբ տաքացնեն անկողինը:

Խոշոր աչքերով Գրիգորը շնչահեղձ լինելով սկսում է խռխռալով այնպես հազալ, որ թվում է` ուր որ է` գիտակցությունը կկորցնի: Գրիգորի խեղդվող հազից նրա եղբոր՝ Գոռի անդադար արտաշնչած գոլորշին տարածվում է սենյակով մեկ ու նորից ծածկոցի տակ տիրում է դաժան սառնությունը:

Գոռը ոտքով հարվածում է իրեն հակառակ ուղղությամբ պառկած եղբորը՝ կշտամբելով, որ հազալու պատճառով ծածկոցի տակ հավաքված ջերմությունը հօդս է ցնդում: Չորս ամիս է՝ ընտանիքը զրկված է էլեկտրաէներգիայից:

«Կլավանամ, ոչինչ»,- տղամարդավարի մխիթարում է եղբայրներից հինգամյա Գրիգորը, երբ նկատում է իր կոշտ հազից ծռմռված դեմքս: Նորից անցնում է վերմակի տակ ու փորձում է կապտած ձեռքերով ծափ տալ, որ հարվածներից արյան շրջանառությունն արագանա ու քարացած ձեռքերը կենսունակ դառնան: Ասում է՝ «Ես չեմ մրսում, ուղղակի մարզվում եմ: Սովորում եմ, էլի, թե չէ՝ ցուրտ չի: Այսինքն՝ մրսում եմ, բայց դե ոստիկանները պիտի համ էլ մրսեն: Մեծանամ՝ ոստիկան եմ դառնալու, դրա համար պիտի ամեն ինչին սովորեմ»: Հարցնում եմ՝ «Ոստիկանները պիտի մրսե՞ն»:

Կարդացեք նաև

Պատասխանում է՝ «Հա, բա ո՞նց: Ոստիկաններն ամեն ինչ պիտի անեն, ցրտին պիտի դիմանան: Ես մանկապարտեզ եմ գնում, բայց արդեն գիտեմ, որ ոստիկան եմ դառնալու: Սաղ էլ գիտեն»: «Բայց ինչո՞ւ ոստիկան, որովհետև ոստիկանները քո պես մրսո՞ւմ են»,- հարցնում եմ 5-ամյա տղային: Պատասխանում է՝ «Դե չէ, ուղղակի ես ոստիկան եմ դառնալու, որ պապայիս բանտարկեմ»: «Ո՞նց, քո պապայի՞ն»,- հարցնում եմ:

«Հա, իմ սեփական պապային: Ի՞նչ կա զարմանալու. կուզե՞ս ցույց տամ ինքը ամեն օր ոնց ա խմում: Սպիրտը լցնում ա շշի մեջ, սենց դնում ա բերանին ու խմում, խմում, խմում ա: Հետո սկսում ա սաղիս վրա գոռալ, վատ խոսքեր ասել: Գիշերը, որ քնած եմ լինում՝ վախում եմ, շատ ա գոռում: Երազներ եմ տեսնում, որ գոռում ա, աչքերս բացում եմ, բայց բան չեմ տեսնում: Հասկացա՞ր ինչի եմ ուզում ոստիկան դառնամ»,- պոռթկալով ասում է Գրիգորն ու ինքն իրեն թաքցնում է ծածկոցի տակ այնպես, որ խորքից միայն լացի հեծկլտոցն է լսվում: Գրիգորին հակառակ պառկած Գոռը սողալով գնում է դեպի եղբայրն ու գլուխը դնելով նրա ուսին՝ ամուր գրկում է:

Ասում է՝ «Մենք որոշել ենք, որ ինքը ոստիկան դառնա, իսկ ես` գող»: «Գո՞ղ, բայց ախպերդ քեզ կբռնի, ինքը ոստիկան ա դառնալու»: «Չէ, ես իրան փող կտամ, որ ինձ չբռնի: Գիտե՞ս խի ենք տենց որոշելգ Որ հանկարծ ինքը չկարենա պապայիս բռնի՝ ես իրան գողականով գտնեմ ու տամ ախպորս, որ բանտարկի»,- ասում է առավոտից իրիկուն սերիալներին հետևող եղբայրներից Գոռը: Մայրը՝ Աիդան, նախկինում աշխատում էր հացի արտադրամասում և ստիպված էր լինում երեխաներին մենակ թողնել տանը: Ասում է՝ սերիալների սյուժեներն անգիր արած երեխաներն արդեն իրենց ապագան կառուցում են` հիմնվելով այդ պատմությունների վրա:

36-ամյա Աիդա Գինոսյանի նյարդային համակարգը խեղված է: Խոսում է անդադար, արագ-արագ, լարված ու շունչը պահած: Չորս ամիս անլույս գոյատևող Աիդան երեք երեխաների հետ այլևս ոչ միայն չի տեսնում ապրելու իմաստը, այլև չի գտնում նաև ապրելու միջոցը: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հանրակացարանի 405 սենյակն ավելի անտանելի է, քան մեկուսարանի որևէ խուց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ու չէր խանգարի, որ ԱԺ պատգամավորական որևէ խումբ ժամանակ առ ժամանակ թակեր քաղաքի ծայրամասերի աղքատության «դուռը»: Այն դուռը, որը թակում են չորս տարին մեկ՝ մարդկանց հույս տալու ու այդ հույսի խոստումով ընտրությունների ընթացքում ձայն գողանալու համար: Գիշերները հաց թխելով լուսացնող Աիդան աշխատավայրում գիտակցությունը կորցրել է, քանի որ ֆիզիկապես այլևս ի վիճակի չի եղել այդ աշխատանքը կատարել: Պոլիկլինիկայի մասնագետները հազար ու մի հիվանդություն ախտորոշելով՝ դեղորայքի ցուցակ են գրել ու ճանապարհել են տուն:

«Չեմ կարա, հավատա, եթե 100 դրամ ունենամ՝ հաց կառնեմ երեխեքիս համար, ոչ թե դեղ: Ուժերս սպառվել են, տարիներով գիշերները չեմ քնել, իսկ ցերեկն էլ ուրիշի տներն եմ մաքրել, որ երեխեքիս պահեմ: Ի վիճակի չեմ, հասկանո՞ւմ ես, ներվային համակարգս լրիվ խեղված, ողնաշարիս ցավերը՝ մի կողմից, հազար հիվանդություն ստացա ու հիմա ուժ չունեմ, որ աշխատեմ: Եթե մի թեթև գործ լիներ, էլի էս վիճակով կաշխատեի, բայց փռումգ էլ ուժ չունեմ»,- ասում է Աիդան, ով աղջկան ճանապարհել է հարազատների տուն, որպեսզի գոնե երկու որդիների օրվա հացը կարողանա հայթայթել:

Աիդան, արդեն քանի օր է՝ զանգահարում է խմբագրություն ու լաց լինելով` կանչում է իր տուն: Ասում է՝ ելք չի գտնում, երեխաները սովամահ են լինում: 40.000 դրամ կուտակված էլեկտրականության պարտքի պատճառով չորս ամիս անլույս են ապրում: Ստիպված՝ հարևանուհուն խնդրել է մի լարով թույլ տալ գոնե էլեկտրական սալիկի վրա երեխաների համար ճաշ պատրաստել: Վաղը հարևանուհու լույսը նույնպես կանջատեն, քանի որ իր սպառած էլեկտրաէներգիայի վարձն առայսօր չի վճարել:

«Լավ էլի, Ռիմա տոտա, հասկացանք էլի, ես Ալիկին կասեմ, կխնդրեմ, կաղաչեմ` չի անջատի` մինչև որ մի բան կանեմ: Ռիմա տոտա, ցավդ տանեմ, գիտեմ` լավություն ես արել, բայց հավատա` գժվում եմ, ելք չունեմ, էդքան մի ասա, թող մտածեմ էլի, թող մտածեմգ»,- Աիդան խեղդվելով բղավում է սենյակի դուռը թակող Ռիմա տոտայի վրա: Գոռի ու Գրիգորի լայնացած բիբերը երկար սառած մնում են մի կետի, որոնց աչքի առջև հավանաբար գալիս են էլեկտրիկի ու իրենց մոր խոսակցությունները:

«Մամա, Ռիմա տատիկի վրա մի գոռա, ինքը լավն ա, որ գոռաս էլ` մեզ հաց չի բերի,- խեղճանալով մորը խնդրում է մրսած ապագա ոստիկանն ու ինձ նայելով անկեղծանում է,- Գիտե՞ս ում եմ սիրումգ Ռիմա տատիկին, Ալլա տոտային, Սուսան տոտային ու մեր պարտեզը: Ալլա տոտան երեկ տաք ճաշ էր բերել, իսկ ցերեկը, որ հլը հաց չէինք կերել, մեկ էլ՝ Սուսան տոտան այ էսքան-էսքան կտոր հաց տվեց ինձ ու ախպորս: Պարտեզում էլ ա լավ, ընդեղ տաք ա, համ էլ ես հանգիստ քնում եմ, չեն գոռում իմ վրա»:

Աիդան ասում է՝ ամուսինն անհույս հարբեցող է, որի ալկոհոլի ազդեցության տակ կազմակերպած վիճաբանությունների ժամանակ հաճախ միջամտում է Էրեբունու տարածքային ոստիկանությունը: Նույնիսկ ինքնակամ գնացել է Նարկոլոգիական դիսպանսեր` բուժվելու, սակայն որոշ ժամանակ անց կրկին սկսել է խմել: «Նրան էլ փրկություն չկա, ու ես միայնակ մայր եմ, երբեք հույս չեմ դրել, որ մեզ կօգնի: Մենք բաժանված ենք: Ամիսներ առաջ երեխեքիս հետ ինձ հանեց դուրս շպրտեց: Եղբորս տանն էինք մնում:

Մի կնոջ հետ էր ապրում, որը Ոստիկանության գործակալ ա: Էդ կինը մեր սենյակի վրա գրանցվեց իր երկու չափահաս տղաների հետ: Սենյակը սեփականաշնորհված չի, բայց էդպես արեց, որ հետագայում սեփականաշնորհելու դեպքում ինքն ու իր տղաները բաժնեմաս ունենան: Ես ոստիկանների ու հարևաններիս միջամտությամբ երեխեքիս հետ եկա մեր սենյակ: Հիմա նա Խարբերդում ա ապրում, բայց գրանցումից դուրս չի գալիս»,- պատմում է Աիդան, ով նախկինում նպաստառու էր և ամսական 40.000 դրամ ընտանեկան նպաստով կարողանում էր երեխաների խնամքն ապահովել:

Մինչդեռ, արդեն տևական ժամանակ է՝ զրկվել է նպաստ ստանալու իրավունքից, քանի որ գրասենյակից պահանջում են՝ «Ասում են՝ տանը 3-4 չափահաս անձ կա, չենք կարող նպաստ տալ: Ասում եմ՝ ախր նրանք օտար մարդիկ են, իսկ երեխեքս նրանց պատճառով զրկվել են պետության տված փողից: Ասում են՝ մինչև նրանք գրանցումից դուրս չգան` իրավունք չունենք: Լավ, ես ո՞նց ստիպեմ, որ նրանք մեր հասցեի գրանցումից դուրս գան: Ես պատրաստվում եմ դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, խնդրելու եմ, որ էդ Ոստիկանության գործակալ կոչվածին կարգի հրավիրի, թե չէ՝ ոստիկանապետի անունը շահարկելով` ինչ անօրինականություն ասես անում են:

Մարդկությունը վերացել ա, երեխեքս սովամահ են լինում, ինչ ա թե՝ ինչ-որ մեկը որոշել ա օգուտ քաղել չկայացած ընտանիքի դժբախտությունից»: Աիդային հարցնում եմ, թե փաստեր ունի՞, որ Գայանե անունով այդ կինը Ոստիկանության գործակալ է: Ի պատասխան` ասում է, որ պատրաստ է ապացուցել յուրաքանչյուր հնչեցրած բառ, մանավանդ, որ այդ կինը աջ ու ձախ շահարկելով ոստիկանապետի անունը՝ «Սաղ շենքի վրա գործ էր սարքում: Սաղ հարևանները բողոքեցին, հանեցին դուրս շպրտեցին»:

Աիդա Գինոսյանն անդադար խոսում է՝ այնքան, որ օրը մթնում է: Հարցնում եմ՝ «Բայց մեզ ինչո՞ւ եք դիմել»: «Բա ո՞ւմ դիմեմ՝ ասա, դու ասա՝ ես դիմեմ: Ո՞ւմ ենք մենք հետաքրքրում, ո՞ւմ պետքն ա, որ երեխեքս ցրտից ու սովից մեռնում են: Խնդրում եմ՝ մի բան արա, նպաստս վերականգնեն: Չեմ կարողանում բուժվեմ, ոտքի կանգնեմ՝ էլի կաշխատեմ, ես աշխատասեր եմ, օր ու գիշեր աշխատել եմ: Ո՞նց բուժվեմ, դեղերի ցուցակը տալիս են ձեռքս- ուղարկում են: Ախր առաջ նպաստի օրենքներն էլ տենց չէին, տեղեկանք էինք տանում ու աղքատության նպաստը տալիս էին, իսկ հիմագ Հիմա ես ի՞նչ անեմ, որ իմ ալկաշ նախկին ամուսնու պատճառով պետության նպաստից էլ եմ զրկվել»,- պատասխանում է Աիդան, ում հորդորում եմ դիմել համապատասխան կառույցներին: «Հավատա, եթե 100 դրամ ունենամ՝ հաց կառնեմ»,- ասում է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գրիգորն ու Գոռն ուշադիր նայում են իրենց մորն ու դողդողալով այնպես են հազում, որ թվում է` ներսում օրական մի տուփ ծխախոտ ծխող, թոքախտավոր ծերունիներ են: Հեռուստացույցով Ամանորի մասին ֆիլմ են ցույց տալիս: Հարցնում եմ՝ «Սպասո՞ւմ եք Նոր տարուն»: Եղբայրները շփոթված չեն կարողանում պատասխանել: «Կյանքում Նոր տարի նշած չկան, չգիտեն՝ ի՞նչ ես ասում»,- ասում է մայրը:

Հայաստանի մեկուսարանների խցերը ճոխություն են Գոռի ու Գրիգորի ապրելատեղի ֆոնին, որտեղ մութ ու ցուրտ է ու նրանց վաղվա օրը կախված է ռիմա տոտաների, Գոռի ասած՝ էսքան-էսքան կտոր հաց բերելու գթասրտությունից: Ու արժե, որ մեկուսարաններ այցելող պատգամավորները մի օր թակեն աղքատների դուռը: Այն դուռը, որը թակում են չորս տարին մեկ անգամ ու խնդրում «ձայն տալ» իրենց կամ իրենց կուսակցություններին:

Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս