«Եթե Հայաստանը համակերպվի դրան, ապա շատ հավանական է, որ հնարավոր լինի համաձայնել հանրաքվեի անցկացման հարցի շուրջ ԼՂ-ում». Կախա Գոգոլաշվիլի
168.am-ի զրուցակիցն է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (GFSIS) տնօրեն Կախա Գոգոլաշվիլին:
– Պարոն Գոգոլաշվիլի, Արցախյան պատերազմին հաջորդած երկու եռակողմ հայտարարություններից հետո օրերս առաջին անգամ կազմակերպվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը՝ ուղղված տարածաշրջանային ճանապարհների, կապուղիների ապաշրջափակման կազմակերպմանը: Սրան զուգահեռ՝ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են վեցակողմ պլատֆորմ ձևավորելու առաջարկը, այդ մասին օրերս տարածաշրջան կատարած բազմականգառ այցի ընթացքում խոսեց նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ այն փաթեթավորելով՝ որպես 3+3 ձևաչափ: Պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան և տարաձայնություններ նույնիսկ հակամարտության կարգավիճակի վերաբերյալ, տարածաշրջանային այսպիսի օրակարգի հաջողության հավանականություն տեսնո՞ւմ եք:
– Այդ մասին դեռ վաղ է խոսելը, բայց կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից բարի կամքի առկայության դեպքում հնարավոր է ապաշրջափակում՝ երկաթուղի Ադրբեջանից Հայաստան՝ դեպի Թուրքիա, կապ Նախիջևանի հետ, դա բոլոր երկրների համար ձեռնտու կլիներ: Այս ամենը կարող է աշխատել, պարզապես քաղաքականապես պետք է մաքսիմալ կերպով կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ուստի վերջնարդյունքում կարելի է խոսել երկարաժամկետ խաղաղության մասին Հարավային Կովկասում: Այս կոնտեքստում, իհարկե, կարելի է համագործակցել:
– Ադրբեջանը պնդում է, որ հակամարտությունն ըստ էության կարգավորված է, իսկ Հայաստանը՝ ոչ, ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը: Քաղաքական կարգավորումն ինչպե՞ս եք պատկերացնում այս դիրքորոշումների պարագայում, և եթե այս հարցերը կարգավորված չեն, ապաշրջափակումը կարող է անվտանգ լինել տարածաշրջանի համար:
– Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համար առավել կարևոր է ներկայումս պայմանավորվել ճանաչել ստատուս-քվոն, և Հայաստանը չպետք է հավակնի վերադարձնել տարածքները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել է: Եթե մենք բացառենք այդ տարածքները, ապա վիճելի հարց է մնում Շուշին:
Ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ հայկական կողմը կորցրել է Շուշին ռազմական գործողությունների և օպերացիայի հետևանքով: Կարծում եմ, որ սխալ է թույլ տրվել, եթե կողմերը սկսեին բանակցությունները, և Հայաստանը համաձայներ դեռ սեպտեմբեր ամսին կարգավորմանը, ապա կարծում եմ, որ ստատուս-քվոն կանցներ, այդ թվում՝ Շուշին ներառելով հայկական կողմի վերահսկողության ներքո: Բայց այնպես ստացվեց, որ վերջնարդյունքում Շուշին հայտնվեց ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո: Ներկայումս Շուշին, որը ԼՂ ամենավիճելի շրջանն էր, այլևս վերահսկվում է Ադրբեջանի կողմից, եթե Հայաստանը համակերպվի դրան, ապա շատ հնարավոր է, որ հնարավոր լինի համաձայնել հանրաքվեի անցկացման հարցի շուրջ ԼՂ-ում, որի հետևանքով Ղարաբաղը կարող է ստանալ անկախություն, կամ միանալ Հայաստանին, կամ՝ ոչ, կարծում եմ, որ Ադրբեջանին նման ելքը պետք է որ ձեռնտու լինի, քանի որ, եթե նրանք շարունակեն հավակնություններ ունենալ Ղարաբաղի մնացած մասի նկատմամբ, ապա դա մշտապես կռվախնձոր է լինելու կողմերի միջև։ Այնտեղ նաև ռուսական զորքեր են կանգնած, որոնք ամեն դեպքում թույլ չեն տա հետագա օկուպացիա, ուստի Ադրբեջանին ևս պետք է որ դա ձեռնտու լինի:
Կոմպրոմիսն ինձ մշտապես այսպես է հնարավոր թվացել, որը, ցավոք սրտի, ձեռք բերվեց պատերազմի հետևանքով, թեև ժամանակին եղել են խաղաղ բանակցություններ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, և հենց նմանատիպ տարբերակն է քննարկվել ընդհանուր դրույթներով: Կողմերը տարբեր փուլերում համաձայն են եղել սրան, ցավոք սրտի, մինչև վերջ գործը չի հասել, որի հետևանքով կողմերը նման վնաս հասցրին միմյանց:
Կողմերը կարող են այսօր էլ որոշակի համաձայնությունների գալ: Այս հարցերի կարգավորումից երկու երկրների միջև կարող է լինել հետագա համագործակցություն, կարող են բացվել ոչ միայն ճանապարհներ, կապուղիներ, այլև բոլոր հնարավորությունները կբացվեն և առևտուր, ներդրումներ, տնտեսական համագործակցություն, կարգավորումը պետք է դարձնել վերջնական: Կողմերը կարող են չհամաձայնել նրան, ինչ ես եմ ասում, պարզապես ես այլ ելք չեմ տեսնում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության համար: Բայց սա առաջնահերթ է:
– Վրաստանի մասնակցությունը վեցակողմ պլատֆորմին հնարավոր համարո՞ւմ եք՝ հաշվի առնելով քաղաքական խնդիրները Ռուսաստանի հետ:
– Այո, Վրաստանն ունի խնդիրներ Ռուսաստանի հետ, Ռուսաստանն իր ազդեցությունը ցանկանում է ընդլայնել Հարավային Կովկասում, և ես կարծում եմ, որ դա դեռ առանձին հարց է, Վրաստանի համար բարդ կլինի համագործակցել վեցակողմ ձևաչափով, որը Թուրքիան է առաջարկում, և որին բոլորը, բացի Վրաստանից, աջակցում են: Վրաստանը դեռ զերծ է մնում, Վրաստանի համար բարդ կլինի լիարժեքորեն կենտրոնանալ համագործակցության վրա, բայց առանձին բաղադրիչներով Վրաստանը կարող է միանալ և համագործակցել տարածաշրջանային երկրների հետ:
Վրաստանը լիարժեք չի կարող դրան միանալ, քանի որ Ռուսաստանը, ինչպես գիտեք, փորձելու է շատ բաներ թելադրել այդ պրոյեկտներում, ՌԴ-ն Վրաստանի համար օկուպանտ է, և Վրաստանի 20 տոկոսից ավելի տարածքներն օկուպացրել է, ուստի քիչ հավանական է, որ Վրաստանը ցանկանա այս ձևաչափով սահմանափակել իր ազատությունը, եթե առաջատար դերակատարություն ունի Ռուսաստանը, բայց սա չի նշանակում, որ համագործակցություն չի լինի, տեղեկատվության փոխանակություն, օժանդակություն և այլն լինելու է: Եթե այս ամենին միանային եվրոպական կառույցները, ապա Վրաստանն ավելի վստահ կլիներ: Սակայն փակ նման ձևաչափին մասնակցելը չի բխում Վրաստանի շահերից, միայն ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կարող են պաշտպանել Վրաստանին:
– Վրաստանով հաղորդակցություններ հնարավոր չե՞ն:
– Ոչ, կան ծրագրեր, որոնք կարող են քննարկվել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով և որևէ կապ չունեն Ռուսաստանի հետ, դա վեցակողմ ձևաչափի հետ կապ չունի։ Ինչո՞ւ Վրաստանը պետք է թույլտվություն հարցնի Ռուսաստանից, որպեսզի հայկական բեռներն անցկացնի Վրաստանով՝ Սև ծով, կամ Ադրբեջանով՝ Կասպից տարածաշրջան, այսինքն՝ շատ հարցեր կարող են երկկողմ հիմքի վրա պայմանավորվել:
Եթե լինի համագործակցություն երեք կողմերի միջև՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, շատ հարմարավետ Վրաստանը կարող է աշխատել: Իսկ հիմա խոսքը վեցի մասին է, ավելանում են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, չգիտես՝ ինչու, այս ձևաչափով Վրաստանն իրեն հարմարավետ չի զգալու, և ինչու, դա հեշտ բացատրելի է, քանի որ Ադրբեջանն ունի պաշտպանություն Թուրքիայի կողմից, Հայաստանն այսպես թե այնպես ունի Ռուսաստանի և Իրանի աջակցությունը, Հայաստանի սերտ գործընկերն է եղել Իրանը, Վրաստանը մնում է առանց հզոր խաղացող գործընկերոջ, ում վրա կարող է հույս դնել և փակվել այս ձևաչափի մեջ, ձեռնտու չէ:
Թուրքիան Վրաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, սակայն ամեն դեպքում Թուրքիան առաջ է մղելու ավելի շատ ադրբեջանական շահերը, քան վրացական: Ուստի նման ձևաչափը մեզ ձեռնտու չէ:
– Ի՞նչ փոփոխությունների կարելի է սպասել մեր տարածաշրջանում ԱՄՆ նոր վարչակազմից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ խթանելու է ԱՄՆ ներգրավվածությունը` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորում, և որպեսզի նոր պատերազմ չսկսվի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ սպասել Արցախում, և Վրաստանն ի՞նչ է ակնկալում:
– Կարծում եմ՝ ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա նախաձեռնությունը գրավել է Ռուսաստանը, իհարկե, որին Թուրքիան փոքր-ինչ մասնակցում է: Եթե ՌԴ-ն հասել է սրան, փորձելու է չկորցնել և ձեռքից բաց չթողնել այս իրավիճակը: Ուստի ԱՄՆ-ի համար որևէ դերակատարություն ստանձնելը չափազանց բարդ է լինելու: Թեև այն մոդելից, որից ես խոսեցի, կարգավիճակի հարցի շուրջ, հնարավոր է, որ ԱՄՆ-ը որոշակի դերակատարություն ստանձնի:
Վրաստանի համար կարևորագույն նշանակություն ունի ԱՄՆ-ը, ԱՄՆ քաղաքականությունը, ակնկալվում է, որ կակտիվանա, չէի ասի, որ միանգամից, դա բարդ է պատկերացնել, քանի որ ԱՄՆ-ը պետք է վերականգնի իր կապերը Եվրոպայում, օրակարգը Եվրոպայում և այլ տարածաշրջաններում, իսկ դրա հետ մեկտեղ՝ մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը կակտիվացնի իր քաղաքականությունը Վրաստանի հետ, և մեր համար գլխավոր նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է: Եթե այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերվի, ապա կլինի կատարյալ արդյունք:



