«Ո՞վ ա հանձնել, ես ե՞մ հանձնել Շուշին». թեժ վիճաբանություն Արամ Վարդևանանի և դատախազի միջև

Թեժ վիճաբանությամբ այսօր ընդմիջվեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը: Պաշտպանական կողմի՝ դատախազներին, այդ թվում՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացված բացարկի միջնորդություններից հետո մեղադրող Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ պաշտպան Արամ Վարդևանյանի ելույթին, որով վերջինս զարմանք էր հայտնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն գործերում, որոնցում ներգրավված են հայրենիք ազատագրողները, Գևորգ Բաղդասարյանը դատարանում է ու պաշտպանում է մեղադրական եզրակացությունը:

Բաղդասարյանը նշեց, որ այդ օրը որևէ մեկի վիրավորելու նպատակ չի ունեցել, ինքն արձանագրում է արել, իսկ Վարդևանյանի հայտարարությունը համարում է վիրավորական:

«Ես չգիտեմ՝ այդ հայտարարությունը, իմ խոսքն ինչի՞ համար է այդպես շատ սուր ընկալվել, որովհետև այդ մտքով հաստատ չեմ ասել: Այդ օրն էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ խոնարհումով եմ վերաբերվում ցանկացած հայի նկատմամբ, ով պայքարել է Շուշիի համար, առավելևս՝ ով կարողացել է այդ պայքարի արդյունքում պահպանել, ունենալ Շուշի, ապահովել, որ ես ունենամ Շուշի…

Ես երբեք հանձնողներին չեմ պաշտպանում… ի՞նչ… ի՞նքս եմ հանձնել»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ապա ընդհատեց խոսքը՝ դիմելով դատարանին ու նշելով, թե իրեն թվաց, որ պաշտպանական կողմից հայտարարեցին, որ ինքն է Շուշին հանձնել:

«Հանձնողներից մեկն էլ դու ես»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հանձնողներից մեկն ես, էլի»,- ասաց Յուրի Խաչատուրովը:

«Հանձնողներից մեկը Դուք եք: Ի՞նչ ա նշանակում՝ «հանձնողներից մեկը դու ես», այսի՞նքն, ինչի ես հանձնող ե՞մ, ինչի ես հանձնող ե՞մ, ո՞վ է հանձնող»,- ասաց դատախազը, ինչից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պաշտպանական ու մեղադրող կողմերի միջև:

Դատարանը վիճաբանությունը չկարողացավ դադարեցնել, հայտարարվեց կես ժամ ընդմիջում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս