Gallup International Association-ի՝ «Երևանցիները Երևանի մասին» հարցման արդյունքները. ՈՒՂԻՂ
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Երևանում 2021թ. հունվարի 12-17-ը իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության արդյունքները:
Հանդիպման սկզբում նա նկատեց, որ ներկայացված հետազոտությունն անվանել է «Փնտրվում է», իսկ թե ինչու՝ մեկնաբանեց. «Ամենակարևոր, ամենադժվարին պահերին՝ և՛ կորոնավիրուսի համաճարակի և պատերազմական իրավիճակի հետ կապված, բոլոր քաղաքական գործիչները, պետական այրերը կային, չկար Երևան քաղաքի համար մեկ պատասխանատուն»:
Արամ Նավասարդյանը հիշեցրեց, որ ծրագիրն իրականացվում է ավելի քան 10 տարի. «Մենք պարբերաբար փորձում ենք անդրադառնալ Երևանում առկա խնդիրներին, թե ինչպես է քաղաքային իշխանությունը լուծում տալիս այդ խնդիրներին և, ընդհանրապես, տարբեր ասպեկտներն ինչպիսի փոփոխություն են ունենում»:
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրենը նշեց, որ 3 թեմա են ամփոփել՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ, Ոստիկանության աշխատանքի գնահատականը, և երրորդը՝ քանի որ հունվարի 11-ին տեղի ունեցավ հայտնի եռակողմ հանդիպումը Մոսկվայում, ևս երկու հարց՝ այդ իրադարձությանը վերաբերող.
«Մենք խնդրել ենք նշել Երևան քաղաքի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում: Երեք տարվա ցուցանիշ է բերված՝ 2017, 2019 և 2020 թվականին:
Ինչու չենք ներկայացրել 2018 թվականի ցուցանիշները, որովհետև այդ տարին ընդհանրապես գրեթե փոփոխություն չէր եղել (մենք այդ հետազոտությունը հրապարակել էինք, բայց այն ժամանակ փոփոխությունները մինիմալ էին` հասկանալի պատճառներով` իշխանափոխությունը տեղի ունեցով այդ ժամանակահատվածում, երբ քաղաքապետարանը սկսում էր աշխատել, փոփոխություններ մտցնել, և ընտրական պրոցեսները, ըստ երևույթին, թույլ չէին տվել քաղաքային իշխանություններին որևէ գործողություն անել):
Այս տարվա ցուցանիշները լիովին դրական է գնահատել 13.5 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 48 տոկոսը: Ավելի շուտ բացասական գնահատել է հարցվածների 13.6 տոկոսը, և ընդհանրապես բացասական գնահատել է՝ 18.1 տոկոսը:
Բայց այստեղ շատ հետաքրքրական է, որ նայենք 2019 թվականի փոփոխությունները՝ տեսնում ենք, որ դրական փոփոխությունները՝ համեմատած անցյալ տարվա հետ, նվազել է դրականը, և բացասական ցուցանիշներն աճել են. եթե 2019 թվականին բացասական ասել էին 8.7 տոկոսը, հիմա՝ 11.6 տոկոսը, ընդհանրապես բացասական ցուցանիշը 3.8 տոկոսից բարձրացել է 18.1 տոկոս: Դա բավականին խոսուն է»:
Հետազոտության արդյունքներով՝ Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներից հարցվածների 35.4 տոկոսն առանձնացրել է հասարակական տրանսպորտի խնդիրները, 24 տոկոսը՝ աղբահանության խնդիրները, 10.6 տոկոսը նշել է գործազրկության խնդիրը, 9.5 տոկոսը՝ բնապահպանական խնդիրը, և էկոլոգիա, թափառող շների խնդիրը՝ 9.4 տոկոսը, և 7.8 և 7.3 տոկոս՝ համապատասխանաբար՝ անվտանգության և վերելակների խնդիրները:
Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ, թեև հարցումը Երևան քաղաքի խնդիրների մասին էր, այդուհանդերձ, պատասխանների մեջ է եղել նաև գերիների վերադարձի խնդիրը:
Թե որոնք են վերջին մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքում դրական փոփոխությունները, ծրագրերը, որոնք իրականացվել են քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից հարցին ի պատասխան էլ՝ քաղաքացիների 31.9 տոկոսը նշել է աղբահանության համակարգի փոփոխությունները, 10.4 տոկոսը՝ վերելակների փոփոխությունը, 9.6 տոկոսը՝ այգիների բարեկարգումը, 8 տոկոսը՝ կանաչապատ տարածքների ավելացումը, 7.1 տոկոսը՝ բակերի բարեկարգումը, և միայն 6.5 տոկոսը՝ տրանսպորտի փոփոխությունը:
Ըստ հարցման՝ քաղաքացիները համապատասխանաբար ցանկանում են կանաչապատ տարածքների ավելացում, մշակութային ծրագրերի իրականացում, խաղահրապարակների ավելացում, շաբաթօրյակների անցկացում:
Հարցվածները գնահատել են նաև Երևան քաղաքի տարբեր բնութագրիչները՝ մեկից հինգ բալանոց սանդղակով՝ «որտեղ մեկը՝ ընդհանրապես բավարարված չեն, 5՝ լիովին բավարարված են»:
Ըստ այդմ՝ 2020 թվականի գնահատականներով՝ Երևանի մշակութային կյանքը գնահատվել է՝ 2.8 բալ, քաղաքային տրանսպորտը՝ 2.6, անվտանգությունը՝ 3.6 , մաքրության խնդիրը՝ 2.4, կանաչապատ տարածքները՝ 2.5, լուսավորությունը՝ 3.7 բալ:
Քաղաքացիները գնահատել են նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ ծանրաբեռնվածության, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին համարժեք կանոններին հետևելու, տեխնիկական տեսանկյունից և ժամանակին մոտենալու, միայն կանգառներում կայանելու շուրջ:
Հարցումներից պարզ է, որ քաղաքացիները շարունակում են դժգոհ մնալ հասարակական տրանսպորտի աշխատանքից. գնահատականները տատանվում են 2-3 բալերի շրջանակում: