«Մեր Տարոնի աներձագն ա, ընտրեք իրան»

«Մեր Տարոնի աներձագն ա, ընտրեք իրան». այսպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը բնորոշեց իր մրցակից, ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը կայանալիք առաջիկա ընտրություններում:

Ռուբեն Հայրապետյանի գործոնը կամ նրա հնարավոր ազդեցությունն այդ ընտրատարածքում կայանալիք առաջիկա ընտրություններում տեսնո՞ւմ եք: 168.amի այս հարցին ի պատասխան Ս.Սաֆարյանն ասաց.

«Իհարկե, եթե Ռուբեն Հայրապետյանը, Տարոն Մարգարյանը, և մյուսները միասին գնում են ֆուտբոլ դիտելու, միասին Ավանի ռեսուրսները մեկտեղած աշխատում են, ապա դա, իհարկե, վկայում է նրանց ռեսուրսներնը իշխանական թեկնածուին ծառայեցնելու մասին»:

Իսկ հարցին, թե որևէ քաղաքական ուժի աջակցությունն արդյոք ակնկալո՞ւմ եք, թե՞ ոչ,  նա պատասխանեց, որ, իր կարծիքով, այն քաղաքական ուժերը, որոնք կարծրատիպային ընտրատարածք համարվող Ավանի ընտրատարածքում նախագահական ընտրություններից առաջ ուզում են ժողովրդին փոքրիկ հաղթանակ նվիրել, անկեղծ են և իրենց համար գաղափարական տարաձայնությունները կարևոր չեն, ապա ինքը սպասում է բոլոր այդպիսի ուժերի սատարումը:

Կարդացեք նաև

«Անուններ չտամ, չեմ բացառում, որ մոտ ժամանակներում նաև լսեք հայտարարություններ այդ մասին, որովհետև տարբեր քննարկումների ժամանակ ինձ ասում են` «Ստեփան, մենք պատրաստ ենք հանդես գալ հայտարարությամբ, Դուք որոշեք»,- ասաց նա` ավելացնելով, որ ունի շատ ռեսուրսներ` պայմանավորված զուտ մարդկային համակրանքով, և ինքն այժմ չափազանց լուրջ համալրված թիմ ունի: Նա օրինակ բերեց, որ ունի հին ընկերներ ովքեր ՀԱԿ-ի անդամ են և աջակցում են իրեն:

Ս.Սաֆարյանն անդրադարձավ նաև իր գլխավոր մրցակցի` ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կողմից իրականացվող քարոզարշավին` այն քննադատության ենթարկելով: «Ժառանության» ներկայացուցիչն ասաց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Ռ.Սարգսյանի փեսան է, հրահանգ է տվել բոլոր թաղապետերին քվեներ ապահովելու ՀՀԿ-ական թեկնածուի համար: «Քարոզչությունը գնում է հետևյալ կերպ. «Մեր Տարոնի աներձագն ա, ընտրեք իրան»»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքը թափուր մնաց, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» հայտնի դեպքից հետո հայտարարեց իր մանդատը վայր դնելու մասին:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս