Ասում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Մեղրի», «միջանցք» բառերը չկան, հիմա ինքն ուզում է հարցնել՝ «Շուռնուխ» բառը կա՞ր․ Մելիքյան
Քաղաքացիները հավաքվել են Արդարադատության նախարարության մոտ և պահանջում են հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատճառը երեկվանից տարածվող լուրերն են, և իրենք իրավունք չունեն այս պահին լռել, հետևաբար՝ պարզաբանում են պահանջում առաջին հերթին՝ Արդարադատության նախարարությունից, քանի որ նրանց հերքումը բավարար չէ:
«Արդարադատության նախարարությունում աշխատող գործընկերները հնարավորություն ունեն իջնել ներքև և մեր աչքերի մեջ նայելով՝ փորձեն հերքել գնալով ավելի շատ ճշմարտանման դարձող լուրը: Երեկ մամուլում լուր տարածվեց այն մասին, որ հունվարի 11-ին պատրաստվում է ստորագրվել հերթական ստորացուցիչ պայմանագիրը Ադրբեջանի հետ, և պայմանագրի տեքստը պատրաստ է և գտնվում է ԱՆ-ում: Մենք այն ճշմարտանման ենք համարում, իրավունք ունենք ունենալ այդ փաստաթղթի տեքստը ու հասկանանք, թե ինչ է կատարվում, ինչ է մեզ սպասվում,այլ ոչ թե Շուռնուխ գյուղի բնակիչների պես՝ մի օր քնենք, մյուս օրը զարթնենք, հասկանանք, որ գյուղն այլևս մեզ չի պատկանում: Բոլորս ունենք տեղեկատվություն ստանալու իրավունք»,- նշեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ խոսվում էր այն մասին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Մեղրի», «միջանցք» բառերը չկան, հիմա ինքն ուզում է հարցնել՝ «Շուռնուխ» բառը կա՞ր:
Խոսելով ռազմագերիների վերադարձի մասին՝ նա ասաց.
«Բա նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինչի՞ մասին էր: Այնտեղ արդեն հստակ նշված էր, որ ռազմագերիները պետք է վերադառնան: Հիմա մենք նորից այդքանը բանակցո՞ւմ եք: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր բոլոր պարտավորությունները կատարվեցին, բայց ռազմագերիները ոչ միայն չվերադարձան, այլև նրանց թիվը ավելի մեծացավ»: