«Ադրբեջանը փող է տվել այդ GPS ծառայությանը, որ սահմաններն իր ուզած ձևով գծեն… էշի ականջում քնած՝ նստել են». Արա Սահակյան
Այսօր ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը նշեց, որ նրանք, ովքեր այս իշխանությանը մերժում են, հայտնվել են քննադատության տարափի տակ, թե քիչ են, հին են, համոզիչ չեն:
«Ես համաձայն եմ, իրենց պատկերացրած քանակությամբ չենք, փողոցային անկարգություններ շարունակ կազմակերպելու համար այդքան մարդ դուրս չի գալիս փողոց, այո, մեր մեջ կան մարդիկ, որ նախկինում պաշտոնյաներ են եղել, ես՝ նրանց թվում, բայց շատ ավելի կարճ ճանապարհ կա լիցքաթափելու իրավիճակը, իրեն հարցրեք, թե ինչո՞ւ չի գնում, չէ՞ որ այս խնդիրն ունի իրավաքաղաքական և բարոյական հանգուցալուծում: Եթե նա հրաժարվեր և հեռանար՝ իրոք ընդունելով իր պատասխանատվությունն ու մեղքը, մենք վաղուց ձևավորած կլինեինք նոր կառավարություն, որը երկրին տեր կկանգներ»,- ասաց Սահակյանը:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը վստահեցրեց, որ ԽՍՀՄ տարիներին ՀԽՍՀ կենտկոմի քարտուղարները, Երևանի քաղաքապետը Մոսկվայի հետ հարաբերություններում ավելի ինքնուրույն էին, ավելի շատ խնդիրներ էին կարողանում կարգավորել, քան Հայաստանի այսօրվա իշխանությունները:
«Ես գիտեմ, որ առաջին օրվանից, երբ խնդիրը դրվել է «Իմ քայլը» խմբակցությունում, որ նա պետք է հեռանա, անընդհատ եղել է այդ փաստարկը, որ դա կլինի մեր սուվերենիտետի, ինքնիշխանության կորուստ: Սուվերենիտետ չկա, ես չգիտեմ այսօրվա Հայաստանի սահմանումը: Ավտոնոմ ինչ-որ համակարգեր գործում են, բայց պետական, կազմակերպված, ծրագրված, նպատակային քաղաքականություն իրավիճակն ըստ մեր շահերի զարգացնելու՝ չկա»,- ասաց Սահակյանը:
Նա, անդրադառնալով GPS-ով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմանները գծելու պրակտիկային, ասաց.
«Պաշտպանության նախարարի տեղակալը գալիս կանգնում է, անտեղյակ մարդկանց առջև ասում է՝ GPS-ով… դուք գիտե՞ք, GPS ծառայություն մատուցող քանի՞ ընկերություն կա աշխարհում, դուք գիտե՞ք, որ Ադրբեջանը փող է տվել այդ համապատասխան GPS ծառայությանը, որ սահմաններն իր ուզած ձևով գծեն, էշի ականջում քնած՝ նստել են, ասում են՝ դրանք վարչական սահմաններն են»:
Սահակյանը նաև նկատեց, որ շատ է շահարկվում «ժողովրդի» գործոնը, գործող իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե ժողովուրդն է իրենց իշխանություն տվել, նա էլ իրավունք ունի վերցնելու:
«Հարգելի ժողովուրդ, դուք այս մարդուն ընտրել էիք, որ գար՝ Ղարաբաղը հանձնե՞ր, ասեիք՝ իմանայինք, Սյունիքն էլ հետը, դուք էս մարդուն ուղարկե՞լ էիք, որ 5000 երեխայի գլուխ տաներ ուտեր, 10.000-ին էլ ծանր հաշմանդամության ենթարկեր, ինչքան էլ անհետ կորած ունենք, դրա համա՞ր էիք ընտրել»,- հարց ուղղեց հանրությանը Սահակյանը, ապա առաջարկեց, որ, եթե դրա համար չեն ընտրել, գան ասեն, որ ընտրել էին իրենց հույսերի իրականացման, զարգացման, անվտանգության, հաջողությունների համար, սակայն Փաշինյանը սպասելիքները չի արդարացրել, հետևաբար՝ պետք է հեռանա:
Արա Սահակյանը պնդեց՝ պատմությունը չի տեսել նման բան, որ պարտված իշխանությունը հրաժարվի հեռանալ: Նրա խոսքով՝ բոլոր սահմանադրությունները նախատեսում են գործողություններ դավաճանության դեպքում, եթե անգամ տեղի ունեցածը դավաճանություն չէ, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա խոստացած ծրագրերը չիրականացնելու, երկրի անվտանգությունը չապահովելու համար:
«Ինչո՞ւ 100.000 մարդ պետք է դուրս գա: Ես միշտ հարցնում եմ, թե ի՞նչ մազոխիզմ է, ինչի՞ են ուզում՝ 100.000 մարդ դուրս գա, ինչի՞ համար, էդ 100.000-ը որ ոտքի կանգնեց՝ մեզ էլ է սրբելու տանի, ձեզ էլ, էլ չի ջոկջկելու, գալու է տրորելով անցնի, թաց տեղդ էլ չի մնա»,- ասաց Սահակյանը:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը հիշեցրեց, որ իրենց պայքարը կուսակցական պայքար չէ, սեղանին է դրված հայրենիքի ճակատագիրը:
«Բոլոր բառերը գտնում է իշխանությունից կառչելու համար, և դրա պատճառն այն է, որ նա չի ուզում պատասխանատվություն կրել, իրոք, չի ուզում, և՛ քաղաքական պատասխանատվություն, և՛ նա հասկանում է, որ այս ամենը տանում է քրեական պատասխանատվության: Արդեն բազմաթիվ քրեական գործեր կան, գոնե այդ մասին հայտարարություններ, նյութեր կան, որոնցով նա անցնում է նվազագույնը՝ որպես կասկածյալ: ՀՀ որևէ առաջին դեմք այդքան քրեական գործերով մեղադրանքների չի ենթարկվել, չի ունեցել»,- ասաց նա:
Արա Սահակյանը հիշեցրեց, որ ստեղծված իրավիճակում մեղքի մեծ բաժին ունի նաև ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, քանի որ պատերազմը սկսվում է, եթե տապալված են բանակցությունները:
«Ես Զոհրաբ Մնացականյանին համարում եմ այս իրավիճակի գլխավոր մեղավորներից մեկը, քանի որ գլխավոր բանագնացն ինքն էր: Նա միշտ պետք է իմանա, որ ես իր մասին միշտ հիշեցնելու եմ: Ինձ վերջերս պատմել են մի պատմություն, որ ԱՄՆ նախաձեռնությունից առաջ ևս մեկ անգամ Ռուսաստանը պատրաստ է եղել հրադադարի հաստատմանն այս պատերազմի ժամանակ, նա գնացել է, Լավրովին ասել է, որ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր այստեղ էր, ասել է սա, սա, սա, դուք ձերն ասեք, սա ոչինչ չի պատասխանել, հեռախոսով խոսել է Երևան, պարզ է՝ ում հետ, էստեղից սա ասել է, թե՝ վեր կաց արի, պետք չի, այսինքն՝ ամերիկացիները հես ա կանեն»,- ասաց Սահակյանը և ավելացրեց, որ այդ ընթացքում ամեն օր մարդ էր մահանում:
«Արտաքին գործերի նախարարն ինչո՞վ էր զբաղված, եթե ամեն ինչ ավարտվելու էր 7 շրջան հանձնելով, ուրեմն դա անեիր պատերազմի առաջին օրը, դա քո պարտականությունն էր»,- ավելացրեց Արա Սահակյանը, ապա ամփոփելով խոսքը՝ առաջարկեց լսել Ստաս Նամինի «Дай миру шанс» երգը և դիմեց Կառավարությանը.
«Տվեք մեզ շանս»: