Խորհրդարանական ընդդիմության հերթական PR ակցիան

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն փորձելու են համատեղ պայքարել այն օրենսդրական բացերի դեմ, որոնք թույլ են տալիս իրականացնել ընտրակեղծիքներ: Նրանք պայմանավորվել են հավաքել 44 ստորագրություն և հրավիրել արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկվեն Ընտրական և Քրեական օրենսգրքում իրենց կողմից առաջարկվող փոփոխությունները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ իրենք օրեսդրորեն փորձելու են կանխել ընտրական կառուսելների անցկացումը, բացառել, որ ընտրական ցուցակներում ընդգրկվեն հանրապետությունից բացակայող անձինք, որոնց թիվն իրենց հաշվարկով 700.000 է, մտցնել քվեարկությանը մասնակցած անձանց մատների թանաքոտում, և նման մի քանի այլ բարեփոխումներ: Լ.Զուրաբյանն ասում է, որ այս փոփոխությունները կապահովեն, որ ընտրակեղծիքները պակասեն առնվազն երկու անգամ:

Արդյոք կհավաքվի՞ անհրաժեշտ 44 ստորագրությունը: Առաջին հայացքից թվում է, որ  չորս խմբակցություններին, որոնք խորհրդարանում ունեն 54 պատգամավոր՝ կհաջողվի 44 ստորագրություն հավաքել: Բայց իրականում դա  չափազանց դժվար գործ է: Խնդիրն այն է, որ այս 4 խմբակցությունների միջև կան խոշորը տարաձայնություններ:

Օրինակ «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորները՝ Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, դեռ չեն ստորագրել ներկայացված ձևաթղթի տակ:

Լևոն Զուրաբյանն ասում է, որ իրենք սպասում են նրանց պատասխանին: Զարուհի Փոստանջյանը 168.am-ին հայտնեց, որ իրենք ստորագրելու են, բայց թե ինչու դեռևս չեն ստորագրել՝ չպարզաբանեց:

Մեր ունեցած տեղեկություններով՝ «Ժառանգության» ներկայացուցիչները պահանջում են, որ նախ ստորագրեն ԲՀԿ բոլոր ներկայացուցիչները, այդ թվում և իրենց կողմից ֆեոդալ հռչակված ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Բնական է, որ դա անհնար է իրականացնել, քանի որ Գագիկ Ծառուկյանը երբևէ չի ստորագրի նման ձևաթղթի տակ: Նա նույնիսկ ԱԺ նիստի չի մասնակցում, էլ ուր մնաց, որ ստորագրի ՀԱԿ ձևաթղթի տակ:

Բայց ենթադրենք, որ հնարավոր եղավ 44 ստորագրություն հավաքել և նշանակվեց արտահերթ նստաշրջանի օրը: Հետո՞ ինչ:

ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կարող են իրենց բացակայությամբ տապալել արտահերթ նստաշրջանի կայացումը՝ ընդամենը չներկայանալով այդ նիստին` ապահովելով քվորումի բացակայություն:

Որպեսզի արտահերթ նստաշրջանը կայանա՝ անհրաժեշտ է առնվազն 66 պատգամավոր գրանցվի, իսկ այդ չորս խմբակցություններն այդ քանակը չեն կարող ապահովել: Այնպես որ՝ այս նախաձեռնությունը կարելի է տապալված համարել ի սկզբանե:

Մի՞թե ՀԱԿ-ում դա չեն հաշվել: Պարզվում է՝ հաշվել են: Բայց Լևոն Զուրաբյանն ասում է, որ իրենք այս քայլով ուզում են աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը կարիք ունի ժողովրդավարական ընտրությունների: Այսինքն՝ այս նախաձեռնությունն ընդամենը քարոզչական և ոչ կիրառական նշանակություն ունի:

Հայաստանի ընդդիմությունն արդեն տևական ժամանակ՝ զբաղված է բացառապես քարոզչությամբ, որոնք ոչ մի կիրառական նշանակություն չունեն: Ընդդիմությունը նույն քարոզչական նպատակներով կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, որի նպատակը կլինի ոչ թե հաղթելը, այլ աշխարհին ցույց տալը, որ Հայաստանում կա ընդդիմություն, և այդ ընդդիմությունը պարտաճանաչորեն մասնակցում է, բոլոր քաղաքական գործընթացներին, սակայն իշխանությունների կողմից գործադրվող ապօրինությունների պատճառով, իրենք չեն կարողանում հաջողության հասնել:

Ի պատասխան՝ իրենք կարժանան աշխարհի կարեկցանքին և գուցե համակրանքին: Ընդդիմությունը սրա մեջ է տեսնում իր առաքելությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս