Հայ ժողովրդին տրված որևէ խոստում թուրք-ամերիկյան գործակալ Նիկոլ Փաշինյանը չի կատարել․ նա իշխանության էր բերվել միանգամայն այլ նպատակով․ Տիգրան Սարուխանյան
Նախօրեին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բեռլինաբնակ հայազգի պատմաբան, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն էր։ Զրույցից մեկ առանձնացված հատված ներկայացնում ենք ստորև։
Տ․ Սարուխանյանն այն կարծիքին է, որ ՀՀ գործող իշխանությունների 2.5 տարվա ոչ սթափ, ապազգային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը վերականգնեց ԽՍՀՄ սահմանները՝ ի վնաս Հայաստանի։ Փաշինյանի արկածախնդիր հայտարարությունների շնորհիվ մենք ինքներս մեզ պարտադրեցինք պատերազմ՝ հօգուտ Ադրբեջանի։
Նա համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության գոյությունը վտանգավոր է, և նրա գործունեության արդյունքում Հայաստանը բնաջնջման վտանգի եզրին է։
Նիկոլ Փաշինյանին նա համարում է «թուրք-ամերիկյան գործակալ», 2.5 տարվա ընթացքում Փաշինյանը և նրա թիմը կյանքի են կոչել թուրքական և ամերիկյան ծրագրերը։
«Հայ ժողովրդին տրված որևէ խոստում թուրք-ամերիկյան գործակալը չի կատարել և չէր էլ կարող կատարել։ Նա իշխանության էր բերվել միանգամայն այլ նպատակով՝ կանխելու Հայաստանը Ռուսաստանին ինտեգրելու գործընթացները և Թուրքիային հանձնելու դեպի Արևելք՝ թուրքական աշխարհ, ցամաքային ճանապարհ ձեռք բերելու հնարավորությունը»,- ասել է Տ․ Սարուխանյանը։
Ինչո՞ւ եք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ամերիկյան գործակալ է՝ հարցին, Տիգրան Սարուխանյանը պատասխանել է․
«Ինքն է իրեն այդպես որակել` իր քայլերով և իր գործունեությամբ, որովհետև 2,5 տարվա կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր վարչակարգը որևէ ազգային ծրագիր և խնդիր չեն լուծել։ Այն խնդիրները և ծրագրերը, որոնք լուծվեցին, դրանք խնդիրներ են, որոնք լուծվեցին ի վնաս մեզ, և այդ ծրագրերն արտահայտում են թուրքական և ամերիկյան պլանները, այսինքն՝ դուրս մղելով Ռուսաստանն Անդրկովկասից, տարածաշրջանից, թուլացնելով Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում և ամբողջությամբ վերատիրելու Կովկասին, իսկ Ռուսաստանի վերջին պլացդարմը Հայաստանն էր։ Որևէ այլ հենարան Ռուսաստանը տարածաշրջանում չունի։ Բոլորս էլ հիշում ենք՝ ի՞նչ էր խոսք տալիս Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից, ընտրություններից առաջ և այդ հանրահավաքների ընթացքում՝ պայքար կոռուպցիայի դեմ, մինչև վերջին թալանածը վերադարձնելու ենք ժողովրդին, ստեղծելու ենք մի երկիր, որտեղ հայ ժողովուրդը քայլելու է հպարտ, ազատ, անկախ, լի անկախության զգացումով․․․ Իսկ իրականում ի՞նչ տեղի ունեցավ։ Ամբողջ հայ ժողովուրդն է այսօր աշխարհում այդ քաղաքականության արդյունքում քայլում ամոթխած, խայտառակված, իսկ եթե նրան հաջողվել է ինչ-որ թալանված գումար հետ բերել, ապա թող բարի լինի ցույց տա՝ որտե՞ղ է այդ գումարը։ Միգուցե ինչ-որ բան հաջողվե՞լ է հետ բերել, բայց որտե՞ղ է հետ բերել։ Միգուցե Փաշինյանն իր մեջ ներդրված գումարները տասնապատիկ անգամ ե՞տ է վերադարձրել, և եթե՝ այո, ապա ո՞ւմ՝ թուրքակա՞ն ներդրողին, թե՞ ամերիկյան։ Ահա սրանք են այն հարցերը, որոնց պարտավոր է պատասխանել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական լեշը, որը դեռ գտնվում է կառավարության շենքում, բայց, իհարկե, ոչ առհավետ, մի օր նա պե՞տք է այդտեղից դուրս գա և մի օր նա կանգնելու է դատարանի առջև։ Եվ ես հույս ունեմ, որ անգամ, եթե նրան հաջողվի լքել Հայաստանի Հանրապետությունը, ապա միջազգային ինչ-որ մի հարթակում նա ստիպված է լինելու պատասխանել այդ հարցերին»։
Հարցին՝ կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ արտաքին ուժեր իշխանության են բերել ինչ-ինչ նպատակնե՞ր իրագործելու համար, հատկապես, երբ շատերն են ասում, որ այս պատերազմը «պատվիրված էր», նախապես պլանավորված էր, նույնիսկ կարծիքներ են հնչում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 5 մլրդ դոլարի գործարքի մասին, Տիգրան Սարուխանյանը պատասխանել է․
«Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չկա։ Եվ եթե 2-3 շաբաթում Երևանի փողոցները 2018թ․ հեղափոխության այդ օրերին հեղեղվում են բազմահազար՝ հարյուր-հազարավոր ցուցարարներով, և երբ բոլորը կրում են միատեսակ կարգախոսներով՝ «Դուխով» գլխարկներ, դա արդեն խոսում է այն մասին, որ այդ հեղափոխությունը կամ իշխանափոխությունը մանրակրկիտ և լրջորեն պատրաստված էր (ես դա համարում եմ իշխանափոխություն, որովհետև հեղափոխության ատրիբուտներ չկային)։ Պատահական չէ, որ նախքան այդ իշխանափոխության-հեղափոխության հաղթանակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ հայտարարությամբ, որը հանգում էր հետևյալին՝ Ռուսաստանի ունեցած տեղեկության համաձայն՝ Հայաստանում տեղի է ունենում նարնջագույն հեղափոխություն, որն ինչ-որ չափով ազգային խառնվածքի, բնակլիմայական պայմաններով՝ ինչ-որ իմաստով տարբերվում էր ուկրաինական և վրացական գունավոր հեղափոխությունից, բայց իր էությամբ, բովանդակությամբ և իր առաքելությամբ նույն խնդիրն ուներ՝ իշխանության բերվեցին ուժեր, որոնք պատրաստվել էին և ֆինանսավորվել էին տարիներ շարունակ՝ Արևմուտքի կողմից, փոխաբերական իմաստով մենք այն կոչում ենք «Սորոսի» հիմնադրամ․․․ Բայց քաղաքականության մեջ, ինչպես նշեցի, որևէ բան պատահական չի լինում․ մենք շատ լավ գիտենք՝ ո՞վ է Սորոսը և ո՞ւմ պատվերներն է կատարում, դա մի կերպար է, որի հիմնադրամ որոշակի նպատակներով հոսում է ամերիկյան Պետդեպարտամենտի գումարները, այսինքն՝ բաց հասարակություն, ժողովրդավարություն տարածելու հողի ներքո տարածելու ամերիկյան ազդեցությունը և համաշխարհային իմպերիալիզմի, կապիտալիզմի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես՝ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և նաև Արևելյան Եվրոպայի երկրներում։ Դրա նպատակը հետևյալն է՝ տարածել ամերիկյան ազդեցությունն աշխարհում։ Եվ Նիկոլ Փաշինյանն այդ ուժերի ներկայացուցիչն էր, հայաստանյան կատարածուն էր։ Այդպես են նրան ընդունում խոշոր տերությունները և մեր դաշնակից Ռուսաստանը։ Եվ պատահական չէ, որ առաջին օրվանից Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն արագընթաց կերպով վատացան»,- ասում է Տ․ սարուխանյանը։
Նրա կարծիքով՝ ռուսական կողմի համար նաև համոզիչ չէր այն, որ Նիկոլ Փաշինյանը Սիրիա հայկական զորախումբ ուղարկեց։ Հիշեցնենք, որ Ն․ Փաշինյանը Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումն իրականացրեց Հայաստանի օրենքների աղաղակող խախտումներով և պաշտոնական լիազորությունների զանցմամբ։ 2018թ․ օգոստոսի 17-ի իր հանրահավաքում Փաշինյանը հայտարարել էր․
«Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է Երրորդ Հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Բայց ես ուզում եմ մի բան ասել, որ կուզենայի լսեն նաև Ռուսաստանում գործող այն փորձագետները, ովքեր անընդհատ ահազանգում են, որ Հայաստանը գնում է Արևմուտք, Հայաստանը գնում է Արևելք, Հայաստանը չգիտեմ ուր է գնում: Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանի Հանրապետությունն ամուր կանգնած է իր ոտքերի վրա, ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով: Եվ հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու է»:
Կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ նախագիծը՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու որոշումն էր։
Ըստ Տ․ Սարուխանյանի՝ ռուսական կողմի համար, այնուամենայնիվ, Ն․ Փաշինյանի այդ քայլը համոզիչ չէր․
«Որովհետև պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ չի գործում։ Արտաքին քաղաքականության մեջ գործում են ընդհանուր շահերը, և, եթե դաշնակից ես՝ համաձայնեցված քաղաքականությունը ռազմաքաղաքական և ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող հարցերում։ Մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության քաղաքական հայացքները խստիվ և կտրուկ տարբերվում էին։ ․․․Այդ քայլի նպատակը ոչ թե ռուս-հայկական դաշինքն ամրապնդելն էր, այլ նոր իշխանության եկած Փաշինյանը և իր շրջապատը փորձում էր հյուսիսային դաշնակցին, որից մենք շատ մեծ կախում ունենք, համոզել, որ այս կառավարությունը նույնպես լոյալ է Մոսկվայի նկատմամբ և ամբողջությամբ չի հանդիսանում Արևմուտքի դրածոն և արևմտյան ծրագրերի կատարածուն Անդրկովկասում։ Եվ պետք չէ մոռանալ, որ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին ամիսներին, երբ նրա իշխանությունը Հայաստանում դեռ ամուր և հաստատված չէր։ Կարելի է ասել՝ դա խաբուսիկ մի քայլ էր, որով նա փորձեց ամրապնդել իր դիրքերը, չնայած հետագայում նրա գործողությունները լրիվ այլ բան էին ապացուցում՝ լինի դա Բոլթոնի այցելությունը, Փաշինյանի նախկին խորհրդականի (Արսեն Խառատյան) հայտարարությունները և գաղտնի հանդիպումները Վրաստանում, ոչ միայն նրա, նման հանդիպումներ պարբերաբար են տեղի ունեցել անկախության տարիներից ի վեր՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսություններ միշտ են կազմակերպվել, դրանց միացել են եվրոպացի նրանց դաշնակիցները՝ Գերմանիան, մասամբ նաև Անգլիան՝ փորձելով հասնել այն բանին, որպեսզի հակամարտող կողմերը փորձեն համաձայնության գալ ինքնուրույն, առանց ռուսական միջնորդության, որի գլխավոր նպատակը կրկին հանգում էր նրան, որպեսզի հայ ժողովուրդը հրաժարվի իր ռուսական կողմնորոշումից։ Նրանք հույսեր էին ներշնչում, որ հայ ժողովուրդը կարող է ինքնուրույն լեզու գտնել թուրք և ադրբեջանցի ժողովուրդների հետ»։
Այս օրերին ԱՄՆ-ում ապրող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1991-97 թվականների խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ևս ադրբեջանցի բլոգերին տված հարցազրույցում պնդում էր այն գաղափարը, որ Հայաստանը պետք է հարևանների հետ ուղիղ երկխոսություն սկսի։
«Ժիրայր Լիպարիտյանի արտաքին քաղաքական, դիվանագիտական գործունեության իրարամերժ հակասող ելևէջները, որոնք խիստ և կտրականապես փոխվում են եղանակի և ջերմաստիճանի ազդեցության պայմաններում, չեմ կարծում, որ դրանց բոլորին պետք է անդրադառնալ, բայց դրանցից ամենագլխավորն այն է, որ նա նույնպես այն կարծիքին է, որ չէր լինի Հայոց ցեղասպանությունը, և հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բախումները չէին հասնի այնպիսի կրիտիկական գագաթնակետի, որը կավարտվեր հայ ժողովրդի բնաջնջման գաղափարի կայացմամբ Օսմանյան Թուրքիայում և հայ-ադրբեջանական այդ հարաբերություններին, եթե այդ հարաբերություններին չմիջամտեր երրորդ կողմը։ Ինչ-որ տեղ ճիշտ է նա ասում։ Հայկական հարցը միջազգային դիվանագիտության հարց դարձավ եվրոպական պետությունների միջամտությամբ, եվրոպական պետությունների հայացքի ներքո և նրանց անմիջական թողտվությամբ, երբեմն նաև՝ անմիջական մասնակցությամբ կատարվեց Հայոց ցեղասպանությունը։
Լիպարիտյանը հանգում է այն տեսակետին, որ մենք կարող էինք շարունակել Օսմանյան կայսրությունում և Օսմանյան Թուրքիայում լինել սիրյալ ժողովուրդ, եթե թույլ չտայինք, որպեսզի օտար խաղացողները միջամտեին մեր հարաբերություններում։ Նրա գաղափարները հանգում են այս գլխավոր հանգուցակետին, որի հետ ես համաձայն չեմ, որովհետև պատմությունն ապացուցեց, որ Թուրքիան չի կարող հանդուրժող լինել որևէ այլ ժողովրդի նկատմամբ։
Հանդուրժողականությունը Թուրքիայում հնարավոր է միայն մի պարագայում՝ երբ ամբողջությամբ լծվես թուրքական պետության և թուրք ժողովրդին ինտեգրվելու՝ նրանց ազգային երազանքին։ Այսինքն՝ դրա վերջնական նպատակը թրքացումն է։ Այդ տեսակետին հակազդելու համար բերեմ լավագույն մեկ օրինակ՝ Բաթումի նահանգը․ ի՞նչ է կատարվում այսօր թուրք-վրացական հարաբերություններում։ Արտաքինից այդ հարաբերությունները գերազանց են, Վրաստանը և Թուրքիան միմյանց նկատմամբ որևէ տարածքային նկրտումներ չունեն․․․ Բայց՝ առայժմ չունեն։ Եվ ավելին, Վրաստանն այնքան բարիդրացիական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որ իր տարածքով թուրքական ռազմական զինուժը տեղափոխվում էր Ադրբեջան, որպեսզի հարվածներ հասցնի իր իսկ մեկ այլ բարիդրացիական հարևան Հայաստանի նկատմամբ։ Այսօր Բաթումն ամբողջությամբ թրքացած է։ Նույնիսկ վրացիներն են դժգոհում, որ Բաթումում պաշտոնական լեզուն գրեթե դարձել է թուրքերենը։ ․․․Արդյո՞ք Թուրքիան հրաժարվել է իր պանթուրքիստական կամ հարևանների տարածքները գրավելու ծրագրերից։ Եթե Լիպարիտյանը բարի գտնվի բացասական, ի օգուտ մեզ պատասխանել այդ հարցին, ապա և ես, և հայ ժողովուրդը կարող է ընդունել Լիպարիտյանի տեսակետը»։
Ըստ պատմաբան, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանի՝ Հայաստանի գործող իշխանությունն իր հայտարարություններով, փաստորեն, առաջարկում է բարելավել հարաբերությունները հարևանների հետ, ապաշրջափակել բոլոր ճանապարհները, վերադառնալ բնական կյանքին, փորձել վերականգնել մեր կորցրած տնտեսական պոտենցիալը, բարիդրացիական հարաբերությունները վերականգնել և պատրաստվել, հավանաբար․․․ նոր պատերազմի։
Թուրքիան, ըստ նրա՝ չի հրաժարվել պանթուրքիզմի ծրագրերից, և մեր փոքր սխալը կարող է կործանարար լինել Հայաստանի համար։