Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ուրուգվային
Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ բողոքի նոտա է հղել Ուրուգվային՝ պաշտոնական պարզաբանումներ պահանջելով այդ երկրի իշխանություններից Ստեփանակերտում ուրուգվայցի պատգամավորների արած վերջին հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն հարավամերիկյան այդ երկիրը կարող է առաջինը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Այսօրինակ այցերը նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին, ոչ թե խնդրի հանգուցալուծմանը»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը:
«Բանակցային գործընթացն այժմ գտնվում է շատ զգայուն փուլում, և այսօրինակ քայլերը կարող են ողբերգական հետևանքներ ունենալ: Որոշ շրջանակների, հատկապես հայկական սփյուռքի այսօրինակ քայլերը վնասում են բանակցային գործընթացին»,- հավելել է նա:
Աբդուալեւը, սակայն, չի հստակեցրել՝ բացի հայկական սփյուռքից հատկապես որ շրջանակների մասին է խոսքը, եւ ովքեր են վնասում խաղաղ բանակցություններին:
Ադրբեջանի արտգործնախարարութան ներկայացուցիչը նաև արձագանքել է Հայաստանի նախագահի՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված վերջին հարցազրույցին, որտեղ, մասնավորապես, Սերժ Սարգսյանն ասել էր, թե Բաքուն մերժում է համանախագահների առաջարկած Հիմնարար սկզբունքները և առաջարկում է միանգամից անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը:
«Խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ հենված է հստակ եւ բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը։
Չնայած հայկական կողմի այդ դժգոհությանը, Բաքուն երեկ շարունակել է պնդել իր առաջարկը:
«Ադրբեջանը պատրաստ է բանակցությունները մեծ խաղաղ համաձայնագրի շուրջ»,- երեկ հայտարարել է Աբդուլաևը: Նաև հավելել է. «Կարգավորման գործընթացը պետք է լինի արագ, մինչդեռ Երևանը ձգձգում է այն և փորձում է այդ կերպ պահպանել ստատուս քվոն, որն անընդունելի է թե Ադրբեջանի, թե համանախագահների համար»:
Ադրբեջանի այս դիրքորոշումը հիմնավորելու համար դիվանագետը նշել է, թե Բաքուն ոչ թե ետ է կանգնում միջնորդների առաջարկած Հիմնարար սկզբունքներից, այլ «ավելի պրագմատիկ առաջարկներ ներկայացնում, որոնք կարող են հանգեցնել կոնկրետ արդյունքների, մինչդեռ Հայաստանը մերժում է դրանք ամենատարբեր պատճառաբանություններով»: