ՀՔԾ պետն ու Գլխավոր դատախազը կարող են Նիկոլ Փաշինյանի ձերբակալելու որոշում կայացնել, միայն թե երկու նախապայման պետք է լինի. Արա Զոհրաբյան

«Եկեղեցու թուլացումը և հասարակության մոտ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելն իշխանության օրակարգային հարցերից մեկն էր». այսօր ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝  անդրադառնալով օրեր առաջ ֆեյսբուքյան տիրույթում արված կոչերին՝ դեկտեմբերի 27-ին Մայր աթոռի բակում փիլոնազրկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

«2018թ․, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, առաջնային թիրախներից մեկն ընտրվել էր Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին: Բոլորս հիշում ենք, թե ի՞նչ տեղի ունեցավ և՛ եկեղեցու, և՛ Վեհափառ հայրապետի նկատմամբ: Դա պատահական չէր, քանի որ եկեղեցին ազգային ինստիտուտ է և ունի իմունիտետ՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցին՝ արդյոք վերոնշյալ կոչի տարածման պատճառ չդարձա՞վ ընդդիմության արձագանքը, Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքն էլ լուրջ է վերաբերվել այդ կոչին և պնդում է, եթե նման արձագանք չլիներ՝ նախատեսված ակցիան կիրականանար:

«Այսպես է սկսվում: Իրենք ստուգում են հասարակության  ռեակցիան, տեսնում են՝ հասարակությունը եկեղեցու նկատմամբ ի՞նչ վերաբերմունք կունենա, եթե չլինեին պաշտպանող գրառումներ և դա տարածում չստանար, միգուցե իրենք իրենց սև գործն անեին, ինչպես, օրինակ, փորձեցին անել Սիսիանի եկեղեցում՝ մի խումբ անձինք գնացին, փորձեցին քահանայի նկատմամբ ոտնձգություն իրականացնել»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը խոսեց նաև հասարակության գիտակցության վրա ազդելու համար օգտագործվող տեխնոլոգիաների մասին: Նա նշեց, որ, ցավոք, գիտության զարգացումը մարդու հավատալ-չհավատալու կերպը չի փոխել, մարդիկ հավատում են սրտով:

«Ուզենք թե չուզենք, Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի հավաքական կերպարն է, որովհետև ժողովուրդն ընդունելով նրան՝ ցույց է տվել, որ իր քիմքին հաճելի է այս բնավորությունն և այս որակներն ունեցող մարդը: Դա, իհարկե, մինչև պատերազմն էր»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանը նաև պնդեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո որոշ ժամանակ ՀՀ-ում առհասարակ իշխանություն չի եղել, սակայն այն վերցնող էլ չի եղել:

«3 օր իշխանությունն ընկած էր հրապարակում, և որևէ մեկը չվերցրեց, 3 օր հետո Նիկոլ Փաշինյանն էլ զարմացավ, որ իշխանությունը վերցնող չկա, և եկավ հետ վերցրեց, շատ մարդիկ և շատ խմբեր զարմացան, որ որևէ մեկը չի ուզում վերցնել իշխանությունը: Ես հասկանում եմ ընդդիմության մտահոգությունը, որ, եթե վերցնեին, ապա իրենք էին ստորագրած փաստաթղթի հետևանքները կրելու, և որևէ մեկը չցանկացավ էդ պատասխանատվությունն իր վրա վերցնել»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ հանրության ցանկացած բաժանում ծառայում է «սևեր-սպիտակներ» հայտնի թեզի շարունակմանը:

Անդրադառնալով ԽՍՀՄ քարտեզի հիման վրա կատարող սահմանազատմանը՝ Զոհրաբյանն ասաց.

«Ադրբեջանի Հանրապետությունը, երբ 1991 թ․ ընդունել է իր անկախության մասին սահմանադրական ակտը, ուղիղ գրում է, որ ինքը հանդիսանում է 1918-20թթ․ Ադրբեջանի իրավահաջորդը, այսինքն՝ Ադրբեջանն ինքը չի ընդունում, որ ինքը ԽՍՀՄ Ադրբեջանի իրավահաջորդն է: 18-20թթ․ իր պատկերացրած քարտեզով Զանգեզուրն էլ էր իրենը և որոշակի հատված՝ նաև Գեղարքունիքից: Հիմա Ադրբեջանը նման հակումներ ունի: Լավ, բանավեճ ունենք: Առնվազն կա ստորագրված փաստաթուղթ, որի մեջ չկա Զանգելանի հատվածի մասին կետ, և որտեղ ասվում է, որ ամեն մեկը մնում է իր զբաղեցրած դիրքում: Ադրբեջանը Հադրութը գրավել է, և Հադրութը չի վերադարձնում, քանի որ ըստ փաստաթղթի՝ կանգ է առել այդտեղ, հիմա մենք ինչո՞ւ ենք փաստաթղթից դուրս զիջումների գնում»,- ասաց Զոհրաբյանը և մտավախություն հայտնեց, որ պատերազմի սպառնալիքով Ադրբեջանը կարող է նաև Զանգեզուրը պահանջել:

«Պետության շահը մինչև ո՞ւր ենք զիջելու»,- հարց հնչեցրեց Զոհրաբյանը:

Ընդգծելով, որ Շուռնուխի մի հատվածն այս քարտեզով մնում է Ադրբեջանի տարածքում, փաստաբանն ասաց.

«Հաջորդ ռազմական բախման դեպքում իրենք շատ կարճ ժամանակահատվածում Կապանն էլ կգրավեն, որովհետև մենք պաշտպանիչ որևէ բան չենք ունենա, կկտրեն նաև Իրան-Հայաստան կապը»:

Զոհրաբյանը նաև իրատեսական է համարում, որ ՀՔԾ պետն ու Գլխավոր դատախազը կարող են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնել, միայն թե երկու նախապայման պետք է լինի՝ տեսնել այն մարդուն, ով պատրաստ է իշխանություն վերցնել և պահել, ունենալ հումանիտար միջանցք հեռանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս