«Խուլիգանը Սիսա՛կն է, խուլիգանը Անդո՛ն է Քոչարյան, խուլիգանը շիշ բռնող Հա՛յկն է». Գեղամ Մանուկյան

«Բազմաթիվ քաղաքացիների, բազմաթիվ քաղաքական գործիչների այս պահին բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով քաղաքացիների՝ խաղաղ անհնազանդության ակցիաներին:

«Նիկոլ Փաշինյանն այլևս կորցնում է ադեկվատության վերջին նշույլները և անօրինական հանձնարարականներ է տալիս իրավապահներին, եթե մինչ այդ քաղաքացիներից շատերն անօրինական բերման էին ենթարկվում, ապա 3 ժամ հետո ազատ էին արձակվում, այսօր արդեն Նիկոլը նոր մի հանձնարարական է տվել՝ սկսել են քրեական գործեր հարուցել խուլիգանության մեղադրանքով: Խուլիգանը Սիսակն է, խուլիգանը՝ Անդոն է Քոչարյան, խուլիգանը շիշ բռնող Հայկն է, խուլիգաններն այն պատգմավորներն են, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները և Նիկոլի համար շարունակում են մնալ՝ շիշ բռնող ու ստրուկ»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա ընդգծեց՝ իրենց պահանջն է, որպեսզի ոստիկանական բաժիններից արագ ազատ արձակվեն անօրինական բերման ենթարկված քաղաքացիները, ապա կոչով դիմեց քաղաքացիներին, որպեսզի հավաքվեն ոստիկանության բաժինների մոտ և իրենց աջակցությունը հայտնեն բերման ենթարկված քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ շրջափակել էին Ազգային ժողովի մուտքերը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից պահանջում էին լքել խմբակցությունը, երկրում վերացնել ռազմական դրությունը, ինչպես նաև պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում միջադեպեր եղան քաղաքացիների և իմքայլական պատգամավորներ՝ Անդրանիկ Քոչարյանի, Սիսակ Գաբրիելյանի և Հայկ Սարգսյանի միջև: Քաղաքացիները ձվերով հարվածեցին Անդրանիկ Քոչարյանին և Սիսակ Գաբրիելյանին, ինչին հաջորդեցին փոխադարձ վիրավորանքներն ու հայհոյանքները: Նշենք, որ կան բերման ենթարկվածներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս