Լարված իրավիճակ՝ Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ. Սյունիքից ընտրված պատգամավորին նիստի դահլիճից հանեցին
«Մեր պատգամավորական պատվիրակությունը մեկ շաբաթ առաջ է եղել Սյունիքի մարզում, և մանրամասն ուսումնասիրվել են իրավիճակի հետ կապված բոլոր խնդիրները, չենք սպասել, որ այդ առաջարկությունն անեք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ելույթին, որտեղ իշխանական պատգամավորն առաջարկում էր ստեղծել դիտարկող աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն ԱԺ 3 խմբակցություններից պատգամավորներ և միասին գնան Սյունիք՝ տեսնելու, թե ինչ են անում, ոնց են անում և ինչ են արել, ապա ընդգծել էր, որ պատգամավորներն անընդհատ խոսում են Սյունիքից, բայց ինքն ուզում է իմանալ, թե Ազգային ժողովի դահլիճից քանիսն են գնացել Սյունիք:
Դիմելով իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ քաղաքացիները վարչապետի՝ Սյունիք այցի ժամանակ փակել էին ճանապարհը, ապա հավելեց.
«Որպես իշխանության պատգամավոր՝ գնայիք, այդ ժողովրդի հետ խոսեիք, բացեին, որ վարչապետը կարողանար գնալ Սյունիք, եթե դուք դա չեք կարողացել անել, հիմա մեզ հրավիրում եք Սյունիք… Մենք, երբ ուզենք, կարող ենք գնալ Սյունիք, դուք Սյունիք չեք կարողանում գնալ, մենք ամեն օր կարող ենք գնալ Սյունիք, դուք չեք կարող գնալ: Ձեր դեմը փակած են եղել, մենք ճանապարհը շրջանցել ենք, որովհետև չենք ուզեցել քաղաքացիների ակցիային խանգարել»:
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղից բարձր տոնով հակադարձեց Մարուքյանին, վերջինս նրան կոչ արեց վայր դնել պատգամավորական մանդատը.
«Պարոն Խաչատրյան, որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, լավ կանեք՝ ձեր մանդատը վայր դնեք, ձեր նախորդ գործընկերոջ պես, դրանով ցույց տալով ձեր բողոքը: Ես որ ասում եմ՝ դուք Սյունիք չեք կարողանում գնալ, կոնկրետ վարչապետը չի կարողանում գնալ Սյունիք և չի գնացել Սյունիք, չի կարողացել հասնել Սյունիք, սրա մասին է խոսքը»:
Արմեն Խաչատրյանը բորբոքված ասաց, որ ինքը սյունեցի է, և չի կարող նման բան լինել, որ չկարողանա Սյունիք գնալ, ապա դիմելով Մարուքյանին ասաց, թե՝ կարող է դու չկարողանաս գնալ Սյունիք: Իշխանական պատգամավորներն Արմեն Խաչատրյանին դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից, իսկ Մարուքյանը շարունակեց կրկնել, թե ամեն օր էլ կարող է գնալ Սյունիք, և ո՛չ Արմեն Խաչատրյանը, ո՛չ էլ որևէ մեկը չի կարող արգելք հանդիսանալ, ապա դիմեց իշխանությանը.
«Դուք այսօր ապացուցեցիք, որ արտահերթ ընտրություններ չեք կարող կազմակերպել, դուք չեք կարող դուրս գալ քարոզարշավի, որևէ մեկի անվտանգությունը չի կարող ապահովվել, այդ թվում՝ չեմ բացառում մեր անվտանգությունը…»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 21-ի այցը դեպի Սյունիք վրդովմունք էր առաջացրել սյունեցիների մոտ, և նրանք փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով Փաշինյանի մուտքը Սյունիք: Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանն այցելեց միայն Սիսիան, իսկ Գորիս, Կապան, Քաջարան այցերը չեղարկեց:
Մանրամասները՝ տեսանյութում