«Գեներալները, որոնց հետ մենք համագործակցում էինք, չգիտեին, որ դիրքերը պետք է զիջենք». Կապանի քաղաքապետ
Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ Սյունիքում բոլոր շահեկան դիրքերը թշնամուն հանձնելուց հետո, համայնքում մարդկանց մոտ խուճապ չկա, սակայն նրանք բոլորն էլ անհանգիստ վիճակում են, անորոշ վիճակում են, պատկերացում չունեն, թե ինչ է իրենց սպասվում ապագայում։
«Որպես համայնքի ղեկավար՝ ինձ մեր քաղաքացիները շատ են հարցնում, թե ինչ է լինելու, բնականաբար, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Բայց համոզված եմ մեկ բանում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք մեր բնակչության անվտանգությունը»,- այս մասին խորհրդարանում աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Գևորգ Փարսյանը։
Ըստ նրա, նոյմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրից հետո թշնամին որևէ ագրեսիվ վարքագիծ չի դրսևորել, ինչից քաղաքապետը տպավորություն է ստացել, որ նրանք ինչ-որ բանի են սպասում։
«Մեր այդ տարածքները թշնամուն զիջելու վերաբերյալ համաձայնագրում ոչինչ չկար՝ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների վերաբերյալ։ Մեզ տեղեկացրեցին, որ դրա հետ կապված լինելու են բանակցություններ։ Ես մամուլում բարձրաձայնեցի, որ, եթե լինեն բանակցություններ, անպայման մեր կարծիքը հաշվի առնեն, լսեն մեր առաջարկությունները։ Որևէ անգամ մեզ հետ կապ չեն հաստատել, որպեսզի քննարկումներ անենք, կամ մեր կարծիքը լսեն։ Ասեմ, որ մենք ակտիվ համագործակցում էինք Պաշտպանության նախարարության հետ, սակայն այն գեներալները, որոնց հետ մենք համագործակցում էինք, չգիտեին, որ այդ դիրքերը պետք է զիջենք։ Սյունիքում Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ մենք այդ հարցը բարձրաձայնել ենք, թե ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնագրի առաջին կետում մի բան է գրված, բայց դուք հրաման եք իջեցնում, որ այդ դիրքերը մենք զիջենք, նա ինձ պատասխանեց, որ այդ համաձայնությունն ի սկզբանե եղել է։ Եթե այդ համաձայնությունն ի սկզբանե եղել է, ապա մենք ինչո՞ւ տեղյակ չենք եղել։ Հարցրել ենք նաև՝ արդյո՞ք հնարավոր չէ բանակցություններ վարել, որ այդ դիրքերը պահպանվեն, նա պատասխանեց, որ բացառվում է»,- հավելեց համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ սահմանամերձ շրջանների իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների, սահմանների ճշգրտման հարցերի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցում էին միայն ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները։ Կառավարության ներկայացուցիչներին և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին եղել է պաշտոնական հրավեր, սակայն նրանցից որևէ մեկը չի արձագանքել։