«Հոկտեմբերի 18-ին վարչապետն առաջարկեց՝ անցնենք ինքնապաշտպանության՝ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մյուս ոլորտներից». Գևորգ Փարսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում  աշխատանքային քննարկում էր նախաձեռնել՝ սահմանամերձ շրջանների իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների, սահմանների ճշգրտման հարցերի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցում էին միայն ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության պատգամավորները։

Աշխատանքային քննարկման սկզբում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ պաշտոնական հրավեր են ուղարկել Կառավարության ներկայացուցիչներին և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, սակայն նրանցից որևէ մեկը չի արձագանքել հրավերին։

Քննարկմանը ներկա էր նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մեծ մասնակցություն են ունեցել սյունեցիները՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ թիկունքում։

«Սյունիքը կրել է մեծ ու անդառնալի կորուստներ՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ մեր բնակավայրերի պաշտպանությունում։ Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին բոլոր համայնքների ղեկավարները, այդ ժամանակ նա առաջարկեց, որպեսզի մենք անցնենք ինքնապաշտպանության։ Սյունիքի պաշտպանության համակարգող նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ կազմակերպվեցինք ու անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը։ Ինչո՞ւ եմ ասում՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև այդ ժամանակ մենք, ցավոք, ամբողջովին միայնակ էինք, և այդ օրերն իրականում շատ ծանր  էին՝ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մյուս ոլորտներից»,- ասաց Գևորգ Փարսյանը։

Ըստ Կապանի քաղաքապետի, այդ ժամանակ Արտակ Դավթյանից կոնկրետ ցուցում են ստացել, որ զբաղեցնեն իրենց համար շահավետ դիրքեր։ Հետևաբար՝ զբաղեցրել են այն դիրքերը, որոնք բնակավայրերից համեմատաբար հեռու են եղել՝այդպիսով ապահովել են Սյունիքի  անվտանգության գոտին։

«Թեժ մարտեր ընթացան կոնկրետ Կապանում, Դավիթ Բեկի հատվածում, կենտրոնական ու Ներքին Հանդի հատվածներում, եղան զոհեր, բայց մենք մեկ միլիմետր անգամ  չնահանջեցինք։ Նոյեմբերի 9-ին կնքվեց այդ համաձայնագիրը, որտեղ առաջին կետով հստակ ասվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այն հատվածներում, որտեղ այդ պահին կանգնած են։ Մենք, բնականաբար, կանգնեցինք մեր զբաղեցրած դիրքերում՝ ապահովելով մեր բնակավայրերի անվտանգությունը։ Շատ անսպասելի, դեկտեմբերի 17-ին հրաման իջեցվեց Պաշտպանության նախարարության կողմից, որ՝ ձեր զբաղեցրած բնագծերը թողեք և անցեք ՀՀ սահմանների վրա։ Մեզ համար իրականում այսօրվա դրությամբ շատ լուրջ խնդիրներ են առաջացել, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Թշնամին կոնկրետ մեր բնակավայրերից, օրինակ՝ Սյունիք բնակավայրից, գտնվում է 100 մետր հեռավորության վրա, իսկ Կապանի բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա։ Թշնամու կողմից շատ կարևոր դիրքեր զբաղեցնելու արդյունքում՝ Կապանը և այլ բնակավայրեր հայտնվել են նրանց թիրախում»,- շեշտեց Գ. Փարսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս