ԼՂ կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Մատվիենկոն հայտարարել է մամուլի ասուլիսին:
«Ռուսաստանն ակնկալում է, որ այդ հարցում Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները ջանքեր կգործադրեն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փակագծերում է, այն լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ ջանքեր կգործադրեն ԵԱՀԿ-ն, Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ-ը և այլ պետություններ, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Դեռ շատ բարդ աշխատանք է սպասվում»,- ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով` Ռուսաստանի խաղաղապահներն այսօր ընկալվում են և մեկ, և մյուս կողմից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների կողմից որպես եղբայրական ժողովրդի ջանք՝ աջակցելու այդ հակամարտության վերջնական կարգավորմանը: