Աշխատատեղերը կրճատվել են, աշխատավարձերը՝ նվազել. 1 ամսում 715 կազմակերպություն դադարել է գործել
Հոկտեմբերին Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ է փակվել։ Չհաշված դեռ, թե քանի աշխատող է գտնվել հարկադիր պարապուրդում։ Խոսքը այն աշխատողների մասին է, ովքեր պահպանել են իրենց աշխատատեղը, սակայն փաստացի աշխատավարձ չեն ստացել։
Տարբեր պատճառներով նման աշխատատեղերը վերջին շրջանում Հայաստանում բավականաչափ շատացել են։ Առանձին ամիսներին չվճարվող աշխատատեղերի թիվը հասնում է ընդհուպ մի քանի տասնյակ հազարի։
Դրանք աշխատատեղեր են, որոնք եկամուտ չեն ապահովում մարդկանց համար։ Փոխարենը՝ իրենց ազդեցությունն են թողնում աշխատատեղերի վիճակագրության վրա։
Վիճակագրորեն ունենում ենք աշխատատեղեր, որոնք ձևական բնույթ են կրում։ Այսպես թե այնպես, դրանց առկայությունը ոչինչ չի տալիս ո՛չ այդ աշխատատեղերը զբաղեցնողներին, և ո՛չ էլ ընդհանրապես տնտեսությանը։ Այդ աշխատատեղերը որևէ հավելյալ արդյունք չեն ստեղծում։
Պարզապես ամիսներ առաջ կատարվեց օրենսդրական փոփոխություն, ինչը հնարավորություն տվեց, առանց աշխատավարձ վճարելու՝ պահպանել աշխատատեղերը։ Թերևս, դրանից էլ օգտվում են տնտեսվարողները։ Եթե չլիներ այդպիսի հնարավորություն, ապա չվճարող աշխատատեղերի մեծ մասը կհամալրեին փակվողների շարքերը։
Ժամանակին կառավարությունը գնաց այդ քայլին՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ տնտեսական ճգնաժամը չի ազդել աշխատատեղերի վրա։ Չնայած այդպես չէր կարող լինել։ Տնտեսական ճգնաժամը հարվածում է առաջին հերթին աշխատատեղերին ու աշխատավարձերին։ Դրանից խուսափելն անհնարին է։
Չվճարվող աշխատատեղերը պահպանելն անիմաստ զբաղմունք է։ Դրանց եղած-չեղածը մի հաշվի է։
Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին Հայաստանում հայտարարագրվել է 638,7 հազար աշխատատեղեր։ Չնայած այն դեռ վերջնական չէ, և հնարավոր է՝ վերանայվի։ Վերանայման ռիսկերն ավելի շատ նվազման ուղղությամբ են։
Սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերը շուրջ 10 հազարով կրճատվել են։ Մեկ ամսվա ընթացքում այդքան աշխատատեղ ուղղակի փակվել է։
Աշխատատեղերը կրճատվել են տնտեսության տարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած կրթությամբ ու առևտրով։
Ամենամեծ անկումը գրանցվել է կացության և հանրային սննդի ոլորտում։ Սա տնտեսության այն ճյուղերից մեկն է, որն առավել շատ է տուժել այս տարի։
Մինչև վերջերս ոլորտի շրջանառությունների կրճատումը կապված էր համավարակի հետ։ Հոկտեմբերին դրան ավելացավ նաև պատերազմը։ Այդ ամսվա ընթացքում կացության ու հանրային սննդի ոլորտում հայտարարագրված աշխատատեղերը պակասել են ավելի քան 2,3 հազարով։
Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերին այստեղ զբաղված է եղել ավելի քան 27,4 հազար աշխատող։ Արդեն հոկտեմբերին այդ թիվն իջել է մինչև 25,1 հազարի։
Առավել շատ տուժած հատվածներից է նաև առևտուրը։ Մեկ ամսվա ընթացքում տնտեսության այս հատվածում փակվել է 1559 աշխատատեղ։
Եթե սեպտեմբերին առևտրի ոլորտում հայտարարագրված է եղել 112 հազար 419 աշխատատեղ, ապա հոկտեմբերին այդ թիվը նվազել է մինչև 110 հազար 860-ի։ Այս փոփոխությունից հետո տնտեսության այդ ճյուղը կորցրել է աշխատատեղերի ապահովման առումով երբևէ ունեցած առաջատարի իր դիրքերը։
Ինչպես կացության և հանրային սննդի, այնպես էլ առևտրի ոլորտում աշխատատեղերի փակումը կապված է պահանջարկի կրճատման և շրջանառությունների նվազման հետ։ Հոկտեմբերին առևտրի ծավալները նախորդ ամսվա համեմատ ռեկորդային բարձր անկում են գրանցել։ Սեպտեմբերի նկատմամբ դրանք կրճատվել են գրեթե 14 տոկոսով։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ տարբերությունը շատ ավելի մեծ է՝ գրեթե 21 տոկոս։
Տնտեսական իրավիճակի վատացումը հանգեցրել է երկրում գործող կազմակերպությունների մի մասի գործունեության դադարեցման։ Բավական մեծ թվով տնտեսվարողներ դուրս են մնացել շուկայից։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ այդպիսի կազմակերպությունների թիվը հոկտեմբերին եղել է 715-ը։ Այդքան կազմակերպություն դադարեցրել է գործունեությունը։
Սեպտեմբերի 53 հազար 560-ից հոկտեմբերին Հայաստանում տնտեսական գործունեություն է իրականացրել 52 հազար 845 կազմակերպություն։
Գործունեությունը դադարեցրածների մեծամասնությունը, ըստ ամենայնի, եղել են առևտրի և ծառայությունների ոլորտում զբաղվածները։
Բավական մեծ թվով աշխատատեղեր են փակվել մշակույթի և զվարճությունների կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ։ Սեպտեմբերին հայտարարագրված 18 հազար 576-ից հոկտեմբերին մնացել է 17 հազար 504 աշխատատեղ։ Մեկ ամսում տնտեսության այս հատվածում աշխատատեղերի թիվը կրճատվել է 1072-ով։
Մշակող արդյունաբերությունը, որով ժամանակին այդքան շատ էր հպարտանում կառավարությունը, կորցրել է շուրջ 1,2 հազար աշխատատեղ։ Այստեղ զբաղվածների թիվը 79 հազարի սահմաններում է։
Գյուղատնտեսության մեջ փակվել է՝ ավելի քան 600, շինարարության մեջ՝ 500 աշխատատեղ։
Այս կամ այն չափով աշխատատեղեր են փակվել նաև տնտեսության այլ ոլորտներում։ Աշխատատեղերի փակումն ուղեկցվել է աշխատավարձերի կրճատմամբ։
Միջին ամսական աշխատավարձը հոկտեմբերին Հայաստանում եղել է 181,7 հազար դրամ։ Այն 3,5 հազարով ցածր է սեպտեմբերի ցուցանիշից։ Թեև սեպտեմբերին և օգոստոսին ևս գրանցվել է միջին աշխատավարձի նվազում։
Սեպտեմբերին միջին աշխատավարձը եղել է 185,3 հազար, իսկ օգոստոսին՝ 191 հազար դրամ։
Աշխատատեղերի կրճատումն ու միջին աշխատավարձի նվազումը, անշուշտ, կապված է այն տնտեսական իրավիճակի հետ, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ Տնտեսական ակտիվությունը շարունակում է անկում արձանագրել, ինչը չի կարող չունենալ իր սոցիալական հետևանքները։ Գնալով այդ հետևանքներն ավելի ու ավելի առարկայական են դառնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ