Բաժիններ՝

«Զանգահարեցի Արայիկի մորը, լուրն ասացի՝ ուրախությանը չափ չկար». Հայաստան վերադարձած գերիների մեջ է նաև Արայիկ Ղազարյանը

Դեկտեմբերի 14-ին ռուսական կողմի աջակցությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանում պահվող 44 հայ գերիներ։

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ մանրամասներ ներկայացնելով գերիների փոխանակման գործընթացից, ասել էր, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների  ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ կատարվել է գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ «Դրան նախորդել է մեծածավալ նախապատրաստական աշխատանք հայկական և ադրբեջանական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները: Արդյունքում իմ անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասել, և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ։ Ռուս խաղաղապահներն առաջիկայում ևս նպաստելու են եռակողմ համաձայնագրի իրականացմանը»,- ասել էր Մուրադովը:

Հայաստան վերադարձած գերիների մեջ է նաև  նախորդ տարի օգոստոսի 12-ին գերեվարված՝ 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը։

168.am-ի հետ զրույցում Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց, որ ընտանիքի անդամներն արդեն հեռախոսով խոսել են Արայիկի հետ։

«Երեկ ինձ Մալաթիա-Սեբաստիայի քննաչականի պետը զանգահարեց, ասաց, որ Արայիկի ծնողների հետ չեն կարողանում կապ հաստատել, ես զանգահարեցի Արայիկի մորը, լուրն ասացի՝ ուրախությանը չափ չկար, ասեց՝ Ստեփանյան ջան, մի հորթ մատաղ ունեմ անելու։ Ասել եմ՝ հորթը ծախեն, իրենց խնդիրները հոգան, կարևորը՝ երեխան վերադարձել է։ Այս պահին Արայիկը հիվանդանոցում է, պետք է բուժզննում անցնի»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Հայաստան վերադարձած գերիների ցուցակում  է նաև Ներքին Խնձորեսկից Նարեկ Սարդարյանի անունը, որը գերեվարվել էր այս տարվա հուլիսին։

168.am-ի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցն ասաց, որ ցուցակի մեջ Նարեկի անունը կա, սակայն այս պահին որևէ տվյալ չունեն, որ վերադարձել է։

«Նարեկը Նախիջևանում է պահվում, իսկ մեր գերիներին Բաքվից են բերել, եթե Նարեկին բերեն, կարծում եմ՝ Երասխից պետք է բերեն։ Ուղղակի թղթաբանության մեջ անունը կա, բայց նայեցինք՝ պլյուս դրած չէ, պետք է գա, որովհետև Նարեկը քաղաքացիական անձ է, անասուններին փնտրելու պատճառով շփոթել ու հատել էր սահմանը»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս