Բաժիններ՝

«Խոսակցություններ կան, որ մեկ ամսվա կտրվածքով Արայիկին կվերադարձնեն Հայաստան». Եղեգիսի համայնքապետը՝ Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին

«Օգոստոսի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գտնվող ժամկետային հայ զինծառայողին։ Այս պահին դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ  հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։

Հարցին՝ առաջիկայում նախատեսվա՞ծ է նման այցելություն հայ զինծառայողին, Զառա Ամատունին պատասխանեց, որ այդ այցերի ամբողջ տրամաբանությունը հենց դրանց պարբերականության մեջ է։

«Այս պահին ես չեմ կարող ասել, թե երբ է լինելու հաջորդ այցը, միայն կարող եմ փաստել, որ հաջորդ այց կայացել է, բայց այս պահին որևէ լուր ու նորություն հաղորդել չեմ կարող»,- նշեց մեր զուցակիցը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Արայիկ Ղազարյաը Եղեգիս համայնքից է։

Հիշեցնենք նաև, որ դեպքից շաբաթներ անց զինծառայողին Ադրբեջանում այցելել էին  ԿԽՄԿ ներկայացուցիչները։ Այցիցի հետո, ինչպես տեղեկացրել էր Զառա Ամատունին, կազմակերպության ուշադրության կենտրոնում են զինծառայողի առողջական վիճակի, ընտանիքի հետ կապ ապահովելու մասին հարցերը։

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը մեզ տեղեկացրեց, որ Արայիկի մայրիկին արդեն դուրս են գրել հիվանդանոցից, նրա առողջական վիճակը դեպքից հետո կտրուկ վատացել էր, որից հետո տեղափոխել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

«Արայիկի ընտանիքը հիմա հույսով սպասում է, որ նրան կվերադարձնեն, քանի որ խոսակցություններ են շրջանառվում, որ մեկ ամսվա կտրվածքով պետք է նրան բերեն Հայաստան, դրա համար այս պահին բանակցություններ են ընթանում»,- նշեց Ա. Ստեփանյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս