«Այդ ակցիաներն ինձ չեն հետաքրքրում». Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչը՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ակցիայի մասին

Նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, տարբեր համայնքի ղեկավարներ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի  հրաժարականը՝ պնդելով, որ պարտված ղեկավարը չի կարող թշնամու հետ բանակցել, ներկայացնել կամ  պաշտպանել Արցախի ու Հայաստանի շահերը։

Դեկտեմբերի 5-ին այս պահանջին միացան նաև Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, Կապանի քաղաքապետն ու ավագանու անդամենրը, Գորիսի համայնքապետն ու ավագանու անդամները։

Այս հայտարարությունների հրապարակումից հետո, դեկտեմբերի 12-ին մի խումբ սիսիանցիներ բողոքի ակցիա էին անցկացրել՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, նաև իրենց անհամաձայնությունն էին հայտնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Սիսիան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հայտարարության առնչությամբ։

168.am-ը փորձեց  Սիսիանի համայնքապետարանից ճշտել, թե քաղաքացիների ակցիայի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի համայնքապետը, և պարզել, թե ի՞նչ իրավիճակ է տիրում այս օրերին Սիսիանում։

Մեր զանգին պատասխանեց համայնքապետարանի աշխատակիցներից մեկը, որը նախ հայտնեց, որ   տվյալ պահին  համայնքի ղեկավարը տեղում չէ, ապա փոխանցեց  համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանին: Նա մեր հարցը լսելուց անմիջապես հետո ասաց. «Սյունիքի, Սիսիանի անվտանգության խնդիրների հետ կապված բոլոր հարցերն ուղղեք մարզպետարանին, ինչ վերաբերում է բողոքի ակցիային, ապա այդ ամենը  չի հետաքրքրում, կրկնում եմ՝ այդ ակցիաներն ինձ չեն հետաքրքրում, ուզում եք՝ ասածներս ձայնագրեք»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս