Թե ինչպես Ուրիխանյանը ջուրը գցեց ԲՀԿ-ի ընդդիմադիր իմիջը

Նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստի ինտրիգը պատրաստ է. խորհրդարանը պետք է քվեարկությամբ որոշի` քառօրյայի օրակարգ ընդգրկե՞լ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած` «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից, գործող և պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:
Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այս հարցը քննարկվել է: Հանձնաժողովը պետք է որոշեր` դրակա՞ն եզրակացություն տալ նախագծին, թե՞ բացասական: ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, որ նման հանձնաժողովի ստեղծումը կարող է խոչընդոտել «Հարսնաքարի» գործով ընթացող դատավարությանը, իսկ նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը` որպես հակափաստարկ, հիշեցրել է, որ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովն ու Փաստահավաք խումբը, ընդհակառակը` օգնեցին որոշակի փաստերի բացահայտմանը: Նախագծին դրական կամ բացասական եզրակացություն տալու հարցը դրվել է քվեարկության և ստացել է 4 կողմ և 4 դեմ ձայներ: Նման իրավիճակ չէր ստեղծվի, եթե այս հանձնաժողովում ԲՀԿ-ի միակ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը մինչև քվեարկությունը չլքեր հանձնաժողովի նիստը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ Ուրիխանյանը դուրս է եկել հանձնաժողովի նիստից, քանի որ պետք է մասնակցեր կուսակցության գրասենյակում հրավիրված խորհրդակցությանը: Թե ինչ պատճառաբանությամբ է Ուրիխանյանը լքել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, էական չէ. պարզ է մի բան, եթե նա միանար «Ժառանգությանը», ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ապա այս նախագիծը կստանար դրական եզրակացություն և կմտներ ԱԺ օրակարգ:
Բայց ԲՀԿ-ն ստիպված է հստակեցնել իր դիրքորոշումն այս նախագծի նկատմամբ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 12-ի նիստի սկզբում, երբ հաստատվելու է քառօրյայի օրակարգը, պետք է քվեարկության դնի այս նախագիծը օրակարգ մտցնելու հարցը: Հանձնաժողովի նիստում կայացած քվեարկությունից պարզ է, որ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կողմ կքվեարկեն: Այստեղ հարցն այն է, թե ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք երկուշաբթի օրը կքննարկեն հարցը և որոշում կկայացնեն:
Հնարավոր է, որ այն ժամանակ, երբ ԱԺ Նիստերի դահլիճում կքվեարկվի այս նախագիծն օրակարգ մտցնել-չմտցնելու հարցը, ԲՀԿ-ականները զբաղված լինեն այս հարցը քննարկելով: Հնարավոր է, որ ԲՀԿ-ն իր դեմքը փրկելու համար խորհրդարանում կողմ քվեարկի նախագիծն օրակարգ մտցնելուն, իմանալով, որ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան խորհրդարանում մեծամասնություն ունի, և նույնիսկ իրենց կողմ քվեարկությունը ոչինչ չի փոխի, և նախագիծը չի մտնի օրակարգ:
Մինչդեռ, եթե Տիգրան Ուրիխանյանը հանձնաժողովի նիստում կողմ քվեարկեր դրան, ապա այն կստանար դրական եզրակացություն և կմտներ դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերի ցուցակի մեջ: Դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը քվեարկվում են մեկ փաթեթով, և այդ դեպքում ՀՀԿ-ականները ևս ստիպված կլինեին կողմ քվեարկել այս նախագիծն օրակարգ մտցնելուն:
Ահա այսպես Տիգրան Ուրիխանյանը որոշեց փրկել ՀՀԿ-ականներին և իր մի քայլով ջուրը գցեց մի ողջ կուսակցության երկարատև և քրտնաջան աշխատանքն` ուղղված կուսակցության համար ընդդիմադիր իմիջի ձևավորմանը:
Պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ընդդիմություն էլ չէ, որ ԲՀԿ-ականներն էլ չեն մտել խորհրդարան` Հանրապետականների հետ կենաց ու մահու ճակատամարտ մղելու համար: Նրանց ուզածն ընդամենը մի բան է. ՀՀԿ-ի հետ պայմանավորվել և կիսել իշխանությունը և իշխանության բարիքները: Բայց ոչ թե առաջվա նման, երբ ՀՀԿ-ն իրեն էր վերցնում գրեթե ամեն ինչ, իսկ ԲՀԿ-ին տալիս էր այդ իշխանության փշրանքները: ԲՀԿ-ն ՕԵԿ չէ, Գագիկ Ծառուկյանն էլ Արթուր Բաղդասարյան չէ: ԲՀԿ-ի պահանջը մեկն է. «Բաժանենք, միայն թե արդարաբար»: Իսկապես Հայաստանում արդարության պակաս կա, և ԲՀԿ պահանջները միանգամայն արդարացի են ու հանրության կողմից ընկալելի: Բայց երևի պետք է անկեղծ լինել և անկեղծորեն հայտարարել դրա մասին, և ոչ թե ընդդիմություն խաղալ: Որովհետև Հայաստանում ոչ միայն արդարության, այլ նաև անկեղծության պակաս կա: Եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ ուզում է արդարաբար կիսել իշխանությունը ՀՀԿ-ի հետ, իսկ ՀՀԿ-ն դեմ է արդարությանը, հնարավոր է, որ ԲՀԿ-ն հանրայնորեն ավելի ընկալելի լինի և ավելի մեծ հանրային աջակցություն ունենա: Հասարակությունը միշտ էլ աջակցել է արդարություն պահանջողներին և մերժել էգոիստ եսակենտրոններին:

Տեսանյութեր

Լրահոս