Գիտնականներն ահազանգում են. քիմիական նյութերով հարուստ տարածքում 25 հարկանի էլիտար շենքեր են կառուցում
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանն ահազանգում է՝ Հայաստանում միակ և բացառիկ նշանակություն ունեցող գիտահետազոտական կենտրոնի քանդման մեկնարկը տրվում է, ինչը կանխելու համար ինստիտուտի աշխատակիցները կանգնել են պետական կառույցը հենց պետությունից պաշտպանելու խնդրի առաջ։ Ահազանգը գիտնական Թոփուզյյանը հնչեցրեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ մանրամասնելով խնդրի բովանդակությունը։
«Ինստիտուտին պատկանող ջրավազանը դեռևս 2007 թվականին 1 միլիոն 200 հազար դրամով վաճառվել է՝ մինչ այդ հանձնելով Արաբկիրի թաղապետարանին։ Վաճառվել է ինչ-որ անձի, թեև այդ ջրավազանը ինստիտուտի համար ուներ կարևոր նշանակություն, այն դիտակվում էր՝ որպես ջրի ծավալ, քանի որ քիմիական, հետազոտական և արտադրական քիմիայի մեջ ընդունված է, որ պետք է պարտադիր լինի ջուրը։ Այս գործընթացը հետ շրջելու համար դիմել ենք տարբեր պատկան կառույցների, հասել ենք ընդհուպ նաև Հանրապետության նախագահին, նամակներ ենք ուղարկել, առաջարկել են դատական հայց ներկայացնել գնորդի դեմ, ինչը չենք արել՝ կանխազգալով, որ դատարանը կարող է ընդունել այնպիսի որոշում, որը կլինի ի վնաս դեղագործական այս ինստիտուտի, և ընտրել ենք պայքարի այլ տարբերակ՝ թույլ չտալով, որ իստիտուտին պատկանող տարածքում որևէ նոր շինություն կառուցվի»,- ասաց Վիգեն Թոփուզյանը։
Քանի որ ինստիտուտի աշխատակիցները մշտապես փորձել են խոչընդոտել նոր շինության կառուցումը, վաճառված ջրավազանի տարածքը մի քանի անգամ վերավաճառվել է, իսկ վաճառքի գործընթացն ուղեկցվել է իրավական գործընթացով։
Սակայն վերջին գնորդը ճանաչվել է բարեխիղճ գնորդ և օրերս ինստիտուտի աշխատակիցներին ներկայացրել է իր ծրագիրն առ այն, որ պատրաստվում է դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի մասնաշենքերի մեջտեղում՝ ջրավազանի տարածքում, կառուցել բնակելի շենքային համալիր։
Նշենք, որ տարածքի գնորդը «Գրին փրոթերփի դիվելոփմենթ ՓԲԸ-ն է, որի գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանը տեղեկացրել է, որ Երևան Ազատության 26/11 հասցեում գտնվող տարածքում ցանկանում է կառուցել 25 հարկանի էներգոարդյունավետ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ շենք։
Հաղորդման մասնակից, ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանն էլ հավելեց՝ երբ փորձել է բանակցել գնորդ ընկերության ներկայացուցիչների հետ, ստացել են պատասխան, որ չբողոքելու դեպքում կարող է մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերել նորակառույց շենքում։
«Գնորդը, որպես կաշառքի տեսակ՝ ասաց՝ երիտասարդ եք, մատչելի պայմաններով բնակարան կգնեք։ Երբ եկել էր ներկայացնելու երկու 25 հարկանի շենքերի ծրագիրը, ասաց նաև, թե իստիտուտի այն մյուս մասնաշենքերը մեր ինչի՞ն են պետք, կարող ենք իրենց վարձով տալ»,- ասաց Հակոբյանը։
Գիտնականների պնդմամբ՝ քիմիական նյութերով հարուստ տարածքում նորակառույց շենքեր կառուցելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան, մասնավորապես պարզաբանեց Վիգեն Թոփուզյանը.
«Եթե նորակառույց շենքեր են կառուցում, նշանակում է՝ այնտեղ ապրելու են բնակիչներ, մյուս կողմում էլ լինելու է քիմիական բնագավառի արտադրություն, որը անվնաս գործընթաց չէ։ Ճիշտ է՝ քիմիկոսները վտանգի են ենթարկում իրենց առողջությունը, երբ աշխատում են, բայց չէ՞ որ ինստիտուտի ներսում կան պաշտպանիչ միջոցներ, քիմիան չի կարող ազդեցություն չունենալ մթնոլորտի վրա, արտազատված որոշ գազային նյութեր մեր շենքերի մասնաշենքերի տանիքներով դուրս են մղվում օդ, որը շնչելու են այդ բնակիչները։ Հիմա, եթե արտանետվելու է օդ առողջության համար վտանգավոր նյութ, բնակիչները, առաջին բանը, որ անեն, պետք է բողոքեն, իսկ այդ դեպքում մենք ի՞նչ կարող ենք անել, պետությունը մեզ կասի՝ արի դու գնա, բնակչին վնասում ես։ Սա լինելու է մեր ինստիտուտի վերջը, մենք այս վտանգն ենք տեսնում։ Շենք եք կառուցում, Երևանում այլ տեղեր կան, ինչո՞ւ եք գալիս մտնում քիմիայի մեջ ու վտանգում ձեր կառուցած բնակարանները գնողների առողջությունը։ Կրկնում եմ՝այսպես դրվելու է մեր ինստիտուտի վերջի մեկնարկը, ինչը մենք թույլ չենք տալու, եթե շենքը կառուցվեց, ինստիտուտն է քանդվելու, դրա համար ջրավազանն էլ պետք է վերադարձվի մեզ՝ որպես ջրավազան»,- ասաց գիտնականը։
Ըստ նրա՝ պետությունը պետք է գիտակցեր ինստիտուտի նշանակությունը և դեղերի արտադրությամբ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող ինստիտուտի կարևորությունն ընդգծեր, ավելացներ պետական ֆինանսավորումը ոլորտը զարգացնելու համար, բայց դրա փոխարեն՝ ճիշտ հակառակ գործողություններ է կատարում, և հիմա ինստիտուտը կագնած է փակվելու խնդրի առաջ: Թեև, ինչպես վստահեցրեց գիտնականը, իրենք համագործակցում են աշխարհի տարբեր երկրների գիտահետազոտական ինստիտուտների հետ ու կարողանում են ինքնաբավ լինել։
«Մենք պետքական ենք դրսում, ներսում մեր հարգը չգիտեն, դրսում մեր աշխատանքները վերցնում են, ներսում մենք ենք ստիպված ասում, որ պետք ենք պետությանը։ Ի դեպ, այս պատերազմի օրերին էլ մեր երիտասարդներն օր ու գիշեր աշխատելով՝ դեղ էին ստեղծել, որն ուղակվեց առաջնագիծ ու շատ պետք եկավ՝ քանի որ արնահոսություն էր կանգնեցնում»,- ասաց Թոփուզյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում