«Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է որոշակի փակագծեր բացեն». Տիգրան Աբրահամյան
168.am-ի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
– Պատերազմի ելքով պայմանավորված՝ տարածքային, դիրքային փոփոխություններ, և նաև այն փաստով, որ զոհերի 80 տոկոսը բաժին է ընկնում զինված ուժերին, բանակն այսօր վերակառուցման խնդրի առջև է կանգնած, բանակային կորպուսները՝ վերակազմավորման: Ըստ այդմ՝ գործողությունների ի՞նչ ծրագիր, ճանապարհային ի՞նչ քարտեզ պիտի մշակեն և իրականացնեն Պաշտպանության նախարարությունը և ԳՇ-ն:
– Անհրաժեշտ է խորը ուսումնասիրություններ իրականացնել՝ ինչպես ռազմական գործողությունների ընթացքի, դրանում կողմերի գործադրած միջոցների, այնպես էլ՝ բացթողումների, թերացումների մասով։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպես պետք է վերակառուցել զինված ուժերը, որ հնարավորություն ունենանք դիմակայելու Հայաստանի և Արցախի առաջ ծառացած առկա սպառնալիքներին։
Ակնհայտ է, որ նոր իրադրությամբ պայմանավորված՝ պետք է վերակազմավորվի, արմատական փոփոխությունների ենթարկվի բանակաշինության փիլիսոփայությունը։ Բանակի առաջ նոր խնդիրներ պետք է դրվեն, սակայն, կրկնում եմ, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիրներ ենք ունեցել վերջին պատերազմում, և դա մտքներումս ունենալով՝ նոր մոտեցումներ առաջադրենք՝ ինժեներական կառույցներ և մարտական հերթապահության կրում, տարբեր նշանակության զորատեսակների զարգացում։
Արցախի ներկայիս իրավիճակը և խիստ վտանգված սահմանը Հայաստանի և Արցախի միջև նոր ռիսկեր է առաջ բերում, ինչը ստիպում է զինված ուժերի հրամանատարությանը, պաշտպանական քաղաքականություն մշակողներին՝ հին խնդիրներին մոտենալ նոր տեսանկյունից։
– Որպես հավելում՝ Արցախի ՊԲ-ի ապագան ինչպե՞ս եք տեսնում՝ լիովին պայմանագրայի՞ն, թե՞ համալրման նույն սկզբունքը պիտի պահպանվի, ինչը կար նախքան պատերազմը:
– Ցանկացած պարագայում պարտադիր ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի, այլ ճանապարհ չկա: Դա է հիմք ծառայելու հետագայում պայմանագրային ծառայությունը զարգացնելու, համալրելու և նոր հիմքերի վրա դնելու համար։
Ստեղծված իրավիճակում դեռ մեծ թվով անորոշություններ կան, հստակեցման ենթակա հարցերի շրջանակը մեծ է: Եվ միայն դրանց հստակեցումից հետո հնարավոր կլինի առավել դետալային խոսել ՊԲ առաջնահերթությունների մասին։
– Պատերազմից հետո սպառազինության համալրման լրջագույն խնդիր ունենք, ի՞նչ հետևություններ պիտի անենք զենքի գնման գործընթացում, նաև՝ ռազմարդյունաբերական ծրագրերում, ինչի՞ վրա պիտի շեշտը դրվի:
– Ե՛վ սպառազինության մեծ կորուստներով, և՛ պաշտպանական ոլորտում մեր բարեփոխումների պահանջով պայմանավորված, պետք է նոր պլանավորումներ, մշակումներ իրականացնել։
Ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ պետք է կտրուկ խորացնել և ընդլայնել։ Նախորդ տարիներին էլ հենց Ռուսաստանի հետ տարբեր ձևաչափով համագործակցությունը հնարավորություն է տվել ձեռք բերել ժամանակակից, մրցունակ սպառազինություն։
Նոր մոդելի բանակի վերակառուցման պայմաններում պետք է հասկանալ, թե ինչ առաջնահերթություններ պետք է դրվեն սպառազինության առումով և հասնել արագ համալրումներին։
– Ըստ Ձեզ՝ կարևոր ի՞նչ հարցադրումների պատասխան պիտի տա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, որը դեռ չի տվել:
– Առ այս պահը նախապատերազմական վիճակը, դրա ընթացքն ու հետևանքները խիստ հատվածական են ներկայացված։ Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է որոշակի փակագծեր բացեն՝ հանրությունը պետք է հասկանա, թե ինչ է եղել, ինչպես, և արդյո՞ք հնարավոր չէր այս ամենից դուրս գալ նվազագույն կորուստներով։
Չկա ամենակարևոր հարցադրումներից մեկի պատասխանը՝ ինչ իրավիճակում ենք, որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ հեռանկարով։ Առհասարակ, ինչ նոր խնդիրներ է դրվել զինված ուժերի վրա և ինչպես պետք է հասնել նոր որակի զինված ուժերի վերակազմավորմանը։
– Ի դեպ, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված պաշտպանության փոխնախարարների պաշտոննների այսքան երկար թափուր մնալը՝ հարմար թեկնածուներ չկա՞ն, թե՞ իրենք կան, բայց չեն ցանկանում ներկա իրավիճակում նման պատասխանատվություն ստանձնել:
– Փոխնախարարի պաշտոնը քաղաքական է, և դժվար է գտնել մարդկանց, որոնք և կլինեն պրոֆեսիոնալ, և կցանկանան պատասխանատվություն ստանձնել այս կառավարության արածի ու չարածի համար։
– Վերևում խոսեցինք կորպուսների վերակազմավորումից, իսկ դա, ըստ էության, նաև բնագծային պատկերից: Ձեզ համար պա՞րզ է ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող բնագծերի պատկերը, կոնֆիգուրացիան:
– Կարծում եմ, որ դա նույնիսկ ռազմաքաղաքական ղեկավարությունը լավ չի պատկերացնում: Այդպիսի եզրակացության կարելի է գալ այդ թեմայով պետական գերատեսչությունների անորոշ, ոչ հստակ հայտարարություններից։
Ցավալիորեն պետք է նաև արձանագրել, որ սահմանների հստակեցման հետ կապված լուրջ գործընթաց Հայաստանը չի տանում: Դրանք հատվածական, տարերայնորեն կարգավորվում են կոնկրետ ուղղությամբ տեղակայված համայնքների ղեկավարների, ջոկատների ղեկավարների մակարդակով, իսկ պետությունը, ինչպես շատ այլ հարցերում՝ տոտալ բացակայում է։