«Յուրաքանչյուրը պետք է պատմի՝ ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը:

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ մտածել, որ նույն գործարքն Ալիևը կարող էր առաջարկել նաև ՀՀ հաջորդ ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ՝ մենք մեզ ամեն ինչ կարող ենք թույլ տալ մտածել, բայց այդ տեսանյութը ես, օրինակ,  սեյվ եմ արել, պահպանել եմ: Դա պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Այնտեղ պետք է կանչվի և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, և յուրաքանչյուրը պետք է պատմի՝ ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել:

Կարևոր հարցեր կան՝ այդ գումարը առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց  է առաջարկվել, այդ նյութն ինչպե՞ս է սպրդել մամուլ»:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք է առաջարկվել. «Ես այդ նյութից այդպես չեմ հասկացել, բայց Սերժ Սարգսյանը թող ասի՝ կաշառք են առաջարկել, չեմ վերցրել: Կարող է ասել են՝ Հայաստանին փող տանք, դուրս եկեք էդտեղից, կարող է ասել են՝ քեզ կաշառք տանք, զորքերդ հանի: Երկու տարբերակն էլ հնարավոր է, բայց որ նախագահին կաշառք առաջարկեն՝ մի քիչ չեմ հավատում»:

Որտե՞ղ պետք է հարցը քննվի՝ հարցին ի պատասխան էլ՝ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագծի վրա են աշխատում:  Նա նշեց, որ այդ հանձնաժողովը գործելու է խորհրդարանից դուրս. «Խորհրդարանում ինչ հանձնաժողով անվտանգության հետ կապված ստեղծվի, կստեղծվի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ. պարիտետային հանձնաժողով նշանակում է՝ ամեն ուժից համապատասխան թվով ներկայացուցիչներ, որ  որևէ ուժ դոմինանտ չի լինում, և հավասարակշիռ քննություն է գնում: Հիմա մենք այդ նախագծի վրա ենք աշխատում, ասել ենք, անելու ենք, և այս բոլոր նյութերը, ոչ միայն սա: Մի քիչ սպասեք, էլի նյութեր են լինելու սրա հետ կապված… սերիաներ կան: Այդ սերիաներն ամբողջությամբ քննվելու են»:

Նրա համոզմամբ՝ այդ տեղեկությունը տարածելու ժամանակն ընտրված է, մնացածը՝ կքննի պարիտետային հանձնաժողովը:

ԼՀԿ առաջնորդը նշեց, որ ուսումնասիրում են Սերժ Սարգսյանի օրոք ձևավորված փաստահավաք խմբի փորձը, իսկ օբյեկտիվ քննության համար նշեց նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների անհրաժեշտությունը. «Որովհետև ամբողջ պատերազմի նախապատրաստման ընթացքը և պատերազմը, ես կարծում եմ,  ամբողջությամբ պետք է քննվի և փաստաթղթի ստորագրումը:

Այնքան պատմություններ կան, այնքան տեղեկություններ կան, որ ուղղակի սարսափում ես, որ իմանում ես, և, հետևաբար, այդ տեղեկությունները պետք է մանրամասն քննվեն.  իրականություն են, եթե այո, պատասխանատուն ո՞վ է, ինչպե՞ս է այդ որոշումը կայացվել, բոլոր հարցերով պետք է պատասխանատուները վեր հանվեն:

Վարչապետի հնարավոր հրաժարականին անդրադառնալով՝ նա նշեց. «Եթե գնալու լիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու լիներ, հիմա այս կեղծիքը չէր լինի»:

Դիտարկմանը, թե երեկ ասել եք՝ հնարավոր է՝ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպում լինի, և հարցին՝ հնարավո՞ր է մի փուլում միանաք այդ կուսակցություններին,  Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ոչ թե հնարավոր է. մեզ դիմել են հանդիպման համար, հանդիպումը տեղի կունենա»:

Հարցին՝ ի՞նչ եք քննարկելու՝ միացման հա՞րցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Պարոն Մանուկյանն է նախաձեռնել, ես պետք է լսեմ իրեն: Ինչ վերաբերում է՝ հնարավոր է՝ էս, հնարավոր է՝ էն,  ես ուզում եմ ասել՝  ամեն ինչ հնարավոր է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս