«Կիբեր զինվորնե՞ր եք տանում՝ առանց բրոնեժիլետի, առանց կասկայի». Անհետ կորածի ծնող

Առավոտյան անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին Էջմիածնի զորամասի դիմաց: Հիշեցնենք՝  նրանք մտել էին զորամասի տարածք և հանդիպել հրամանատար Արսեն Աբգարյանի հետ՝ նրանից պահանջելով  հանել զինվորական համազգեստը և միանալ իրենց:

Քո զորքը պատշաճ պատրաստվա՞ծ է եղել մարտական գործողությունների, ինչո՞ւ են զինվորներին առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի ուղարկել մարտական գործողության՝ հրամանատարից հետաքրքրվեցին հավաքվածները: Նա ի պատասխան՝ նշեց, որ հրաման են կատարել, և  այդ հարցերով դիմել է և քննություն է հարուցված:

«Հրաման ես ստացել, հիմա՝ որպես քիմիական գումարտակի հրամանատար, քիմիական զենք օգտագործեցին, քեզ հրաման են տալիս՝ առանց հակագազի դուրս գալ քիմմաքրում կատարել, կանե՞ս: Կիբեր զինվորներ ե՞ք տանում՝ առանց բրոնեժիլետի, առանց կասկայի»,- ասաց ծնողներից մեկը:

«Այդ ամենից տեղյակ են եղել բոլորը, ինձ հրաման են տվել, կատարել եմ: Այդ պահին որոշում կայացնողը եղել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը»,- պատասխանեց հրամանատարը:

Ծնողները մտան զորամասի շտաբ՝ զրուցելու, ապա շարժվեցին Պաշտպանության նախարարություն: «Բոլոր գեներալները մեզ են սպասում: Մեզ ընդունելու է Նշանյան Վարդանը, Օնիկ Գասպարյանը, Անդրանիկ Մակարյանը»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայր Անահիտ Ադոյանը՝ հավելելով, որ հանդիպմանը մասնակցելու է  նաև Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը և պետք է պահանջի նաև լրագրողների ներկայությունը:

Հիշեցնենք՝  պատերազմի ավարտից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում Պաշտպանության նախարարության, Կառավարության, Ռուսաստանի Դաշնության շենքերի առջև։ Նրանցից մի քանիսին ընդունել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս