Ովքե՞ր են կրթության և գիտության մասին նոր օրենքի գաղտագողի փոփոխությունների շահառուները

Արդեն բազմիցս նշվել է, որ կառավարության հավանությանն արժանացրած և հրատապության կարգով ԱԺ ուղարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը բոլորից գաղտնի ենթարկվել է մի շարք բովանդակային փոփոխությունների, ինչն առաջացրել է գիտական կազմակերպությունների և բուհերի ռեկտորների դժգոհությունը։ Սակայն քչերին է հայտնի, որ հանրային քննարկումից հետո օրենքի նախագծում գաղտնի կերպով կատարված բոլոր բովանդակային փոփոխությունները հստակ «տերեր են» ունեցել։

Օրինակ, ԿԳՄՍ նախարարությանը գիտական աստիճանների զրկման պահանջների  ու չափանիշերի հաստատման իրավասություն տվող դրույթը օրենքի նախագիծ է մտցվել ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի «սիրտը շահելու» համար։

Համակարգում շատերը պնդում են, որ հենց Հայրապետյան-Հովհաննիսյան զույգի դրդմամբ էր ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը «հավատաքննության» արշավներ իրականացնում անհնազանդ դատավորների, պաշտոնյաների և մի շարք բուհերի ռեկտորների նկատմամբ։

Հայրապետյան-Հովհաննիսյան-Գոգյան եռանկյան գործողությունների նպատակը հիմնականում ոչ այնքան ակադեմիական բարեվարքության արմատավորումն էր հայաստանյան բուհերում, որքան չընդհատվող աղմուկի պատճառով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ Մխիթար Հայրապետյան-Հովհաննես Հովհաննիսյան զույգից որևէ մեկով փոխարինելը։

Շատերը պնդում են, որ այս կետի շուրջ համաձայնությունը կայացվել է կառավարական դաչայում նախկին նախարար Արայիկ Հարությունյանին և ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մ. Հայրապետյանին «բարիշացնելուց» անմիջապես հետո։

Նույն կերպ օրենքի նախագծի անցումային դրույթներում՝ բուհերի լիցենզավորմանը, ծրագրային և ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացներին և ժամկետներին առնչվող կետերի գաղտագողի ներառումն է հովանավորներ ունեցել։ Բոլորը միաբերան պնդում են, որ այս կետերը մտցվել են ոչ այնքան՝ բուհերում կրթության որակի բարձրացման, որքան՝ դրանց լուծարման նպատակով, և ունեցել են կոնկրետ լոբբինգ անողներ։

Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախկին նախարար Ա. Հարությունյանի խորհրդական և «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Կարաբեկյանը։

Կարաբեկյանի նպատակն ակնհայտորեն հավատարմագրման գործընթացից դեպի ՈԱԱԿ գեներացվող միլիարդավոր դրամների հոսքերից սեփական բաժինն ունենալու, ինչպես նաև բուհերի լինել-չլինելու հարցերի վրա ազդելու լայն հնարավորություն ունենալու (իր բոլոր հետևանքներով) ցանկությունն է եղել։

Իսկ, օրինակ, բուհերի ռեկտորներին, օրենքի պահանջները շրջանցելով, նշանակելու իրավասություն ընձեռող դրույթի հիմնական շահառուն հանդիսացել է անձամբ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

Համակարգում բոլորը պնդում են, որ Հարությունյանին 2018-2020 թվականներին այդպես էլ չէր հաջողվում մի շարք «անհնազանդ» բուհերում ռեկտոր «անցկացնել» իր համար նախապատվելի և բացառապես իրեն ենթակա անձանց։

Խնդիրներ կային Երևանի պետական համալսարանում, որի ռեկտորի ընտրությունները Արայիկ Հարությունյանը պարբերաբար ձգում էր, որպեսզի ներկայիս ԿԳՄՍ նախարար և ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածու Վ. Դումանյանը չկարողանա ընտրվել։ Խնդիրներ էին առկա նաև Տնտեսագիտական համալսարանում, որի ընտրված ռեկտորին նախարարը համառորեն չէր նշանակում իր պաշտոնում, պոլիտեխնիկական, ճարտարապետա-շինարարական, Շիրակի պետական համալսարաններում և ֆիզկուլտ ինստիտուտում։ Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և այժմ նախկին նախարար Ա. Հարությունյանը նախարարին ռեկտոր նշանակելու իրավասություն ընձեռող կետի կրկնակի շահառուներից է, քանի որ հույս է փափագում հենց այս կետերի շրջանցմամբ օրենքի ընդունումից անմիջապես հետո «նշանակվել» Երևանի պետական համալսարանի ռեկտոր։

Տեսանյութեր

Լրահոս