Բաժիններ՝

Երաժշտության ոլորտը կաթվածահար է. Հակոբ Օրդակյան

Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ամիսներ շարունակ աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող մշակութային գործիչները գումար վաստակելու խնդրի առաջ են կանգնած: Հայաստանաբնակ արվեստագետները ևս բացառություն չեն:

Երաժիշտ Հակոբ Օրդակյանը, որը երկար տարիներ աշխատել է տարբեր նախագծերում և 2010 թվականից համագործակցում է Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ, նշում է, որ երաժիշտների եկամտի մեծ մասը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից, տարբեր մշակութային նախագծերից։ «Մարտ ամսից, համավարակով պայմանավորված, արդեն իսկ կաթվածահար է եղել մշակույթի ոլորտում աշխատանքային գործունեությունը, իսկ հիմա՝ ծանր պատերազմից հետո, համերգների կամ փառատոնների տրամադրություն չկա, ինչպես նաև շարունակվում են սահմանափակումները»,-հիշեցնում է Օրդակյանը։

Նրա խոսքով՝ զրկվել են նաև արտասահմանյան երաժիշտների, մենակատարների հետ համագործակցելու հնարավորությունից, չեն կարողանում աշխատել տարբեր փառատոնների շրջանակում կամ մասնակցել համերգային շրջագայությունների:

«Ֆինանսապես զրոյական վիճակում ենք»,-շեշտում է նա։

Հակոբ Օրդակյանը հանդես է եկել արտասահմանյան հայտնի բեմերում՝ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում, Staples Center-ում ինչպես հայկական էստրադայի հայտնի կատարողների հետ, այնպես էլ՝ օտարազգի: Նա նվագել է «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթուրո Սանդովալի, Արչի Պենայի, Ռաուլ Դե Սոլի, Ռիչի Գարսիայի, Դանթայի և այլոց հետ։

2011թվականից նվագում է նաև «Շարակ» խմբում, զուգահեռ աշխատել է նաև «Գոհարափայլ» էթնիկ ջազ անսամբլում, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս