Կանխիկ գումար կտրվի այն քաղաքացիներին, որոնց անշարժ գույքը Հայաստանում պատերազմի ընթացքում վնասվել է
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով սոցիալական աջակցության տրամադրման չափը:
Ծրագիրը ներկայացնելով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ փոխհատուցելու են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այն քաղաքացիներին, որոնց անշարժ և շարժական գույքը վնասվել է:
«Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:
ԱՍՀ նախարարը հայտնեց, որ Տարածքային կառավարման նախարարությունը և Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրել են ավերածությունների՝ թվային տեսքով փոխհատուցման չափերը: Քաղաքացիներին կտրամադրվի փոխհատուցում կանխիկ գումարով, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են, և միայն մեկ դեպք կա, որ տունն ամբողջությամբ վնասվել է ու պիտանի չէ հետագա բնակության համար: Ըստ նրա՝ այդ ընտանիքին կացարանով ապահովելու հարցը քննարկվում է:
Ինչ վերաբերում է շարժական գույքին, նախարարի փոխանցմամբ՝ այդ մասով կներկայացվի լրացուցիչ միջոցառումների ծրագիր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում