ԱԺ հանձնաժողովը դրական եզրակցություն տվեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Համազասպ Դանիելյանը, Երջանիկ Հակոբյանը և արդեն անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
Օրենքի փոփոխությունների նախագիծը ներկայացնում և հարցերին պատասխանում էր պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը: Ըստ նրա՝ նախատեսված փոփոխություններով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը. «Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ` պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում»:
Այնուհետև պատգամավորը նշեց, որ հիշյալ օրենքով հստակ կարգավորված չէ եկամուտների հավաքագրման մասով հաշվեքննություն իրականացնելու ուղղակի պահանջ: Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված են այն օբյեկտները, որտեղ իրականացվում է հաշվեքննություն և օրենքով սահմանված կարգով այդ օբյեկտների թվին է պատկանում նաև Պետական եկամուտների կոմիտեն: Միևնույն ժամանակ անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ է հստակ սահմանել, որ հաշվեքննության առարկա է նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը, այն է հարկային մուտքերը:
«Առաջարկում ենք օրենքի 1-ին հոդվածում նշված հասկացություներում հաշվեքննության առարկա ֆինանսատնտեսական գործունեության սահմանման մեջ լրացնել նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը:
Սրա հստակեցման անհրաժեշտությունը ներկայացված է նաև ՍԻԻԳՄԱ գնահատման համակարգի դիտարկումների մեջ:
Օրենքի 17-րդ հոդվածում հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձևակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետևաբար՝ առաջացել է անհրաժեշտություն՝ պահանջներին տալ հստակ ձևակերպումներ: 2-րդ մասում նշված պաշտոնավորման ժամկետները և ընտրության կարգը հակասում է Սահմանադրությանը և ԱԺ կանոնակարգ օրենքին, ընդ որում, հոդվածի 3-րդ մասում արդեն նշված է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են ՀՀ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
Օրենքի 34-րդ հոդվածով սահմանված զննման և դիտարկման ընթացակարգերը կարող են տարբեր օբյեկտներում և հաշվեքննության գործընթացներում ունենալ տարբեր ժամկետներ: Այդ իսկ պատճառով ժամկետները պետք է սահմանվեն Հաշվեքննիչ պալատի կողմից, քանի որ օրենքով դրա սահմանումը և սահմանափակումը կարող է ազդել հաշվեքննության որակի վրա: Ժամկետի սահմանումը պետք է որոշվի Հաշվեքննիչ պալատի ներքին կանոնակարգերով` կուտակված փորձի և ողջամիտ գնահատման հիման վրա»,- նշեց Եղիշե Սողոմոնյանը։
ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը լսելով օրենքի փոփոխության նպատակները, նկատեց՝ դրանք այդքան էլ հիմնավոր չեն. «Օրենքը նախնական տեսքով ավելի լավն է, և կոնկրետ այս փոփոխություններն անտեղի են: Չի կարելի «պլանկան» այդքան իջեցնել, քանի որ Հաշվեքննիչ պալատը լուրջ կառույց է»,- դժգոհություն հայտնեց անկախ պատգամավորը։
Չնայած առարկություններին, նախագիծը դրական եզրակացությամբ հաստատեց հանձնաժողովը։