Արմեն Սարգսյան․ գաղտնի գործարքի լուռ արքունապետը

Պետությունն ունի իր խորհրդանիշներն ու ատրիբուտները, չպետությունը, կամ որ նույնն է՝ պետության բացակայությունը՝ համապատասխանաբար, իրենը։ Գործող Ազգային ժողովն ահա այդ չպետության հայելին է, մի քանի տասնյակ ունայնությունների հանրագումար, որից գոյանում է հավաքական ունայնությունը՝ «իշխող խմբակցություն» հնչեղ անվանումով։

Ահա այդ ունայնության ներկայացուցիչն ու խոսնակն է Նիկոլ Փաշինյանը՝ գործադիր իշխանությունում։ Անգաղափար, անմիտ, անսկզբունք, անանցյալ, աններկա ու անապագա այդ հավաքականության մոնումենտը մարմնավորում է գործադիր իշխանությունը, որը համահունչ ու ներդաշնակ է պետության չգոյության կամ չպետության հետ։ Չգոյության այս խճապատկերն ամբողջական չէր լինի, սակայն առանց իշխանության մյուս ձևական կառույցի՝ նախագահական ինստիտուտի։

Արմեն Սարգսյանն ահա այդ չգոյությունների ինտեգրալն է, չպետության արիստոկրատ մարմնավորումը։ Նրա արիստոկրատիզմն ու արքունականությունը հակադարձ համեմատական է հեղափոխականների պրովինցիալությանը, բայց դրանից պատկերը ոչ միայն չի խունանում, այլ ավելի գունեղ է դառնում։ Արմեն Սարգսյանն այսօր ակտիվ է առավել, քան երբևէ։ Երկուսուկես տարի նրա անձայն ու անկարծիք համաձայնությամբ երկրում կատարվել է ամեն ինչ՝ դատարանների շրջափակումից մինչև սահմանադրական արդարադատության ուզուրպացիա, եկեղեցու քարկոծումից մինչև արժեքապղծություն․․․ Բոլոր այդ պարագաներին նա հանդես է եկել՝ որպես իշխանության որոշումների պալատական դակող։

Սակայն հիմա, երբ նաև իր աններկա մասնակցությամբ կազմաքանդվել է պետությունը, հանձնվել է Արցախն ու վտանգվել է Հայաստանը, բոլորիս անվտանգությունը, Արմեն Սարգսյանն ակտիվացել է՝ հանդիպում է բոլորի հետ՝ սկսած որոշ մտավորականներից՝ մինչև արաբական շեյխեր ու շեյխաբարո կուսակցականներ։ Արմեն Սարգսյանն առաջարկում է իր բարձր հովանու ներքո և, ըստ ամենայնի, իր վեհաշուք մասնակցությամբ ձևավորել ազգային համաձայնության կառավարություն և անցկացնել արտահերթ ընտրություններ։ Արմեն Սարգսյանը դա անում է այնքան նրբանկատորեն ու այնպիսի անգլիականությամբ, որ քչերն են նկատում նրա ձեռնարկումներում թաքնված նպատակներն ու նկրտումները՝ ազատվել գործող իշխանությունների արածների, այդ թվում՝ կապիտուլյացիայի համար ունեցած համապարտ պատասխանատվությունից և մասնաբաժին ունենալ ապագա անցումային կամ հարատև իշխանության մեջ։

Արմեն Սարգսյանն ազնիվ չէ։ Նա իր խորհրդանշական իշխանության որևէ նշույլ իսկ չի օգտագործել պետության համար կենսական պահերին կործանումն ու աղետը թույլ չտալու համար, բայց այսօր այդ նույն իշխանությունն արդեն ոչ թե խորհրդանշականորեն, այլ խիստ գործականորեն  ցանկանում է կիրառել նոր իրականությունում դիրքավորվելու համար։

Կստացվի՞։ Հազիվ թե։
Որովհետև Արմեն Սարգսյանի ծրագրերի իրականացումը կախված է ոչ թե այս կամ այն քաղաքական սխեմայի կամ հաշվարկի խելամտությունից, այլ քաղաքացիության պատկանելության մասին  մի անշառ տեղեկանքից, որը պատեհ պահի կհրապարակի որևէ ալենսիմոնյան։ Որովհետև նախագահի պաշտոնում նրա գտնվելու երաշխավորը ոչ թե Արմեն Սարգսյանի պաղպաղակից՝ երեխաներն ու նրանց ծնողներն են, այլ ալենսիմոնյանների հավաքական իշխանությունը, որի ամենահավաքական ղեկավարը ժամանակին տեսել, բայց լռել է Արմեն Սարգսյանի գաղտնիքի մասին։ Այնպես, ինչպես Արմեն Սարգսյանն է երկուսուկես տարի լռել պետության դեմ ուղղված  Նիկոլ Փաշինյանի գաղտնի և ոչ միայն գաղտնի քայլերի մասին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս