Պատերազմի հակափրկիչը

Նիկոլն ինքնատիրապետումը կորցրած` փոխում է կառավարության անդամներին, փորձ է անում վերագտնել ինքն իրեն, վերադարձնել նախկին կերպարը: Չի գիտակցում, որ այլևս ինքը սև խոռոչ է: Պատմությունն արդեն սև տառերով է գրել այդ անունը կեղտոտ էջի վրա, որ ինքը նոյեմբերի 9-ից հետո պարզապես գոյություն չունի: Ժամանակը վերջակետ է դրել այդ անվան դիմաց՝ որպես խարան, անկախ այն հանգամանքից` վարչապետի աթոռի՞ն է, թե՞ մեկ այլ տեղում, քանի որ ցանկացած իրավիճակում դիտվում է՝ որպես սև քառակուսի: Նա բացառապես անցյալ է, սև անցյալ, որն իր ստվերի տակ է առել մեր ներկան ու ապագան: Մնում է՝ որպես հաղթանակած բանակին խայտառակ պատության տարած, հայերի տեղահանման փաստաթուղթ ստորագրած, Արցախի 181 բնակավայր հանձնած, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգած, անկախությունը խորապես կախյալության մեջ դրած և այն բոլորովին կորցնելու վտանգով օղակած, մեր գոյության երաշխիքն անորոշության մատնած մեկը: Սա արդեն գրվել է որպես պատմություն և կնքվել սև թանաքով: Նիկոլն այլևս պատմություն է, ոչ թե ներկայություն, ցավոք, դեռևս չթերթված ու բաց պատմություն, որի հետևանքները կրում է իրականությունը` ծածկելով մեր ներկան ու ապագան:

Անիմաստ է նորից փրկչի կերպար կերտելը, թե 30 հազար զինվորի կյանք է փրկել գերագույն հրամանատարը` պատերազմը կանգնեցնելով Ստեփանակերտի մատույցներում: Կարող էր ավելի շուտ և ավելի լավ պայմաններով զինադադար կնքվել, վկա Վլադիմիր Վլադիմիրովիչը, բայց եղավ վատթարագույնը: Եթե սա վատթարագույնը չէ, նույնն է, որ Հայաստանի կործանումը մեր վերջը չէ, դրանից վատն էլ կա` սփյուռքում հայերի վերջնական ոչնչացումը, մխիթարվենք, որ միայն Հայաստանն է կործանվել: Եթե Նիկոլի հույսը ապագայի Եղիշեն է, որ գրելու է նոր Ավարայր, ապա չարաչար սխալվել է հաշվարկի մեջ: Ավարայրում գոնե բարոյական հաղթանակ տարանք, հիմա անբարոյական պարտության տակ ենք կքած: Մինչ քո Եղիշեն համակարգչի առջև նստած պատմական դեպքերն ու անցքերը կշարադրի քեզ ցանկալի տարբերակով, մենք արդեն ապրում ենք պատմության թելադրած իրականության մեջ:

Ժամանակն ուրիշ է և ապագան կախված չէ միայն Եղիշեի մելանից ու մագաղաթից: Բացի այդ, մեռած Վարդանն ավելի կենդանի է ապրող Նիկոլից: Խելահեղ, սեփական հավակնությունների մեջ պարփակված, ժամանակակից լեզվով ասած` քյալ Վարդանը հասունացրեց Ավարայրի պատերազմը, որը կարող էր չլինել, շրջանցվել, մեղմվել Վասակի խելամտությամբ: Այստեղ է, որ պատմական տգիտությունը կրկնվում է նոր հետևանքներով նոր ժամանակի մեջ` նոր գործչի չգիտակցված ընդօրինակմամբ: Բայց Վարդանը յուր որդու հետ զոհվեց մարտադաշտում, և եկեղեցին նրան սուրբ հռչակեց, իսկ քեզ, հույս չունենաս, որ ժողովուրդը փրկիչ է հռչակելու: Դա արդեն մեկ անգամ արել է: Հիմա դու այս պատերազմում հակափրկիչ ես:

Եթե նախկինում երկրի կառավարումն էր կորցրել Նիկոլը, հիմա ինքնակառավարումն է կորցրել: ԿԳՄՍ նախարարին փոխելն այսօր ամենաանհեթեթ փոփոխությունն է, որը որևէ կապ ու առնչություն չունի ներկա իրավիճակի և այն խելակորույս իրականության հետ, որի մեջ հայտնվել ենք: Սույն նախարարին պետք է փոխած լինեիր իր ժամանակին, երբ հրամայական էր կրթության որակը, իսկ հիմա դա բացարձակ հետաքրքիր չէ, քանի որ մեր հետաքրքրությունը բոլորովին այլ է և գնում է դեպի անհայտը: Արդյո՞ք իմաստ ունի Դավիթ Տոնոյանին հիմա փոխելը, արդեն ո՞ւմ է դա հետաքրքիր: Հասկացիր, հիմա որևէ բան իմաստ չունի: Ինչպես անիմաստ է այլևս ԼՂՀ-ն, հենց միայն այն իրողությունը, որ դժգույն քաղաք Շուշին չկա, ցավով պետք է արձանագրենք՝ Անիմաստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ունայն է, քամու աշխատանք, ինչպես ասված է Ժողովողի գրքում: Եթե անգամ քո քայլական 88 պատգամավորներիդ էլ փոխես ցուցակի հաջորդներով, որևէ բան չի փոխվելու: Շարունակիր կառավարության մյուս անդամներին էլ նորանշանակել, մարզպետներ, անգամ գյուղապետեր, միևնույն է, ընդամենն անունների փոփոխություն է լինելու: Որովհետև դու չկաս, հասկացիր, իսկ չեղածի փոփոխությունը չեղած է:

Ես հիմա քեզ անգամ չեմ ասի` գնա կամ հրաժարական տուր, որովհետև դու գոյություն չունես, անգոյ ես, իսկ նմանը չի կարող գնալ կամ մնալ: Հիմա փորձում ես կաշիդ փրկել՝ սին պատրանքներ փայփայելով, իսկ դա նման է էն աշխարհից էս աշխարհ գալուն, որը դեռ ոչ ոքի չի հաջողվել, ինչպես Էվրիդիկեին ետ բերելու Օրփեոսի ճիգը շրջանցվեց: Դու կաշիդ փրկելու համար պատրաստ ես անգամ Աննայից բաժանվել, բայց սա էլ չաշխատող տարբերակ է: Մինչ այդ հերթական կուտն ես տալիս` ճանապարհային քարտեզ: Բլեֆի ժամանակն անցել է, այլևս բլեֆը չի անցնում:

Լաչինն ու Քելբաջարը հանձնելով՝ բացվում է Հայաստանի թիկունքը և ամբողջ մարմինը դառնում է խոցելի: Մեղրիով ճանապարհ տրամադրել Նախիջևանին` այսինքն՝ Թուրքիային, Ադրբեջանին միանալու համար, նշանակում է՝ ոչ թե բթամատով, այլ ոտքով սեղմել Հայաստանի կոկորդը: Զանգեզուրն է հողից կտրվել և օդում կախվել: Օդում կախված է նաև Հայաստանի անկախությունը, խորապես վտանգված է մեր ինքնիշխանությունը: Մենք չհասցրեցինք մեր անկախության 30-ամյակը տոնել՝ որպես ինքնիշխան պետություն: Կտոնենք սեպտեմբերի 21-ը եկող տարի էլ, բայց խորհրդանշական, ինչպես մայիսի 28-ը: Մենք այս նոր իրավիճակում բացառապես կախված ենք Ռուսաստանից, այդ երկրի բարեհաճությունից ու շահի թելադրանքից: Մենք այլևս ինքնուրույն որոշում չենք կարող կայացնել` հաշվի առնելով միայն Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները, ստիպված ենք որոշումներ կայացնելուց առաջ հաշվի նստել Ռուսաստանի հետ՝ որպես մեր անվտանգության, ֆիզիկական գոյության երաշխավորի:

Եթե Ռուսաստանը մեզ ակնարկի, որ ազգովի դուրս գանք հրապարակ և թվիստ պարենք, մենք լուռումունջ պետք է կատարենք: Իսկ մեր ցանկացած պարից առաջ պետք է խորամտորեն որոշում կայացնենք, թե հատկապես մեր ո՞ր պարը ռուսներին հաճելի կլինի, և այդ ցանկության համապատասխան էլ ընտրություն կատարենք` թվի՞ստ, թե՞ տնգլակոտոշ: Ամեն վայրկյան կարող է Նախիջևան մտած Թուրքիան ներխուժել Զանգեզուր: Ռուսաստանը կպաշտպանի՞ մեզ: Այո, զինադադար կկնքի, ինչպես Արցախում կնքեց: Այս ամենը կարող է տեղի չունենալ և բոլորովին այլ սցենար իրականանա միայն հրաշքի դեպքում, դարձյալ մեր հույսը հրաշքն է: Բայց հրաշքներ, Նիկոլ, քո կառավարության օրոք պարզապես չեն կարող տեղի ունենալ:

Քո քաղաքական տապանաքարի վրա գրված է` 08.05.18թ.` հեղափոխական իշխանություն – 09.11.20թ.` Արցախի կորուստ, Հայաստանի կախյալ ինքնիշխանություն: Սա է քո նոր Հայաստանը՝ որպես հեղափոխության ձեռքբերում:

Տեսանյութեր

Լրահոս