ԱԺ նախագահի զգուշացումները ԲՀԿ նախագահին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ասուլիս էր հրավիրել, որի հիմնական թեման ՀՀԿ-ԲՀԿ համերաշխությունն էր և իր անձնական ցանկությունը, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը հայտարարի Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին: Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը որոշել բարձրաձայնել իր անձնական ցանկությունը:

Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են. Ծառուկյանը ԲՀԿ նախագահն է, իսկ Աբրահամյանը` ՀՀԿ փոխնախագահը: Ներկա պահին այս երկու կուսակցությունները քաղաքական մրցակիցներ են, քաղաքական հակառակորդներ. ԲՀԿ-ն քննադատում է ՀՀԿ-ական կառավարության գործունեությունը, իսկ ՀՀԿ-ն դեմ է քվեարկում ԲՀԿ ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին, որոնց հայտարարված նպատակը գործարար միջավայրի բարելավումն է, քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանությունը և նման չափազանց վեհանձն գաղափարներ, որոնց կրողն է ԲՀԿ-ն:

Բայց Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը նաև խնամիներ են, իսկ խնամիները չեն կարող հակառակորդներ լինել, քանի որ կապված են բարեկամական կապերով և միջընտանեկան շահերով: ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունը կարող է ավելի սրվել, եթե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրի սեփական թեկնածուին կամ պաշտպանի այլ թեկնածուի: Եթե Ծառուկյանը չհայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ապա Ծառուկյանը և Աբրահամյանն իրենց կամքին հակառակ` կհայտնվեն հակադիր ճամբարներում, և իրենց կամքին հակառակ` ստիպված կլինեն պայքարել իրար դեմ:

Այդ պայքարն ավելի դրամատիկ կլինի նաև այն պատճառով, որ ՀՀԿ նախընտրական շտաբը կարող է ղեկավարել Հովիկ Աբրահամյանը: Երեկ ԱԺ նախագահը` հղում անելով այս բնագավառում իր բազմափորձությանը, չբացառեց, որ հենց ինքը կարող է լինել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարը: Ավելին, նա հայտարարեց, որ ինքը` լինելով նախընտրական շտաբի ղեկավար, չի ձախողել շտաբի աշխատանքը:

Պարզ ասած, այն թեկնածուն կամ կուսակցությունը, որի շտաբի ղեկավարը եղել է ինքը, հաղթել են: Սա ևս ակնարկ է այն մասին, որ եթե Ծառուկյանը չհայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ապա վտանգում է լինել պարտվողների շարքում:
Եթե Հովիկ Աբրահամյանը վստահ լիներ, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարելու է Սերժ Սարգսյանին սատարելու մասին, դժվար թե արտահայտեր իր անձնական ցանկությունների մասին: Դա ինչ-որ իմաստով վիրավորական է, քանի որ կստացվեր, որ Ծառուկյանը հայտարարելով Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ընդամենը կատարում է Հովիկ Աբրահամյանի անձնական ցանկությունը:

Հավանաբար, նա տեղյակ է, որ Գագիկ Ծառուկյանն այլ վճիռ է կայացրել, բայց պարզ է, որ չի կարող մամուլի ասուլիս հրավիրել և հայտարարել, որ ինքը համաձայն չէ Գագիկ Ծառուկյանի այդ որոշման հետ, կամ դեմ է այդ որոշմանը: Եթե նա ասում է, որ` իմ ցանկությունն այն է, որ Ծառուկյանը հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, իսկ Ծառուկյանն այլ բան հայտարարի, ապա բոլորը կհասկանան, որ Աբրահամյանը դեմ է Ծառուկյանի նման պահվածքին:

Երեկ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ կրկնեց, թե իրեն չի վախեցնում այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն կարող է համերաշխություն դրսևորել ՀԱԿ-ի հետ, և հայտարարեց, որ դրա մեջ որևէ վտանգ չի տեսնում: «Եթե ուզում են, թող համագործակցեն»,- ասում է նա: Կհայտարարի ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին սատարելու մասին և ընտրությունների կգնա համերաշխության մթնոլորտո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն անխուսափելի է, մենք կիմանանք միայն հաջորդ դասին: Առայժմ երկար դասամիջոց է:

Տեսանյութեր

Լրահոս