«Կրթության նախարարությունը մեզ խաբեց. չտվեց ո՛չ պետպատվեր, ո՛չ էլ տարկետման իրավունք»
Հայաստանում կրթության որակը բարձր կլինի այն ժամանակ, երբ կլինի ռեալ մրցակցություն բուհերի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:
«Քանի դեռ չկա այդ ռեալ, իրական մրցակցությունը, քանի դեռ բուհերին ասում են` դու պետական ես, քեզ տալիս ենք պետպատվեր, ընդունենք, տարկետման իրավունք, իսկ այս մեկին ասում են՝ դու մասնավոր ես, քեզ չեմ տալիս այդ իրավունքները, բայց դու պետք է նույն խաղի կանոններին ենթարկվես, այստեղ մրցակցություն լինել չի կարող»,- ասաց Ժորա Ջհանգիրյանը: Ըստ նրա՝ կրթության քաղաքականության հիմքում պետք է դնել հավասարության սկզբունքը:
«Տարիներ առաջ Կրթության նախարարությունը հայտարարեց՝ մասնավոր բուհերից ով համարձակվի մտնել կենտրոնացված քննությունների մեջ, մենք նրան տալիս ենք պետպատվեր և տալիս ենք բանակի ծառայության տարկետման իրավունք: Միակ բուհը, որ կատարեց այդ քայլը, եղավ «Գլաձոր» համալսարանը: Մենք դիմումը գրեցինք, տարանք ներկայացրեցինք, արդյունքում՝ Կրթության նախարարությունը մեզ խաբեց, չտվեց ո՛չ պետպատվեր, ո՛չ էլ տարկետման իրավունք»,- ասում է Ժորա Ջհանգիրյանը:
Ըստ նրա`այսօր չկա պետական բուհ. «Պետականը Սովետական Միությունը 90 տարի առաջ շփոթվեց, ստեղծեց բուհը, անունը դրեց՝ պետական, բայց այդ պետական բուհն ուներ առաքելություն: Այդ առաքելությունը մեկն էր՝ անվճար կրթություն և իր շրջանավարտներին պարտադիր աշխատանքով ապահովելու պարտականություն: Այսօր կա լուրջ բիզնեսով զբաղվող պետական բուհ, ինչի մեջ մեղադրում էին մասնավոր բուհերին սկզբից»:
Ժ. Ջհանգիրյանի խոսքով` ամբողջ խնդիրն այն է, որ պետական բուհն այսօր չի կատարում այն առաքելությունը, որը կար Սովետական Միության ժամանակ: «Գլաձոր» համալսարանի ռեկտորը պնդում է, որ 13 տարի շարունակ Հայաստանի պետական բուհերը տվել են ապօրինի պետական նմուշի դիպլոմներ, քանի որ նրանցից ոչ մեկը հավատարմագրում չի անցել:
Անդրադառնալով կրթության ոլորտում որդեգրված այն քաղաքականությանը, թե` ընդունվելը պետք է լինի համեմատաբար հեշտ, իսկ ավարտելը` դժվար, Ժորա Ջհանգիրյանը նշեց, որ այս քաղաքականությունը զրոյի է հավասարեցնում դպրոցի դերը: