Արազ Օզբիլիս. Պիցան մտավ ու ամրապնդեց մեր առավելությունը (տեսանյութ)
Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Պերմի «Ամկարի» նկատմամբ առավելության հասնելուց (3:0) հետո պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի լրագրողի հարցերին: Հիշեցնենք, որ այդ խաղում մեկական անգամ աչքի ընկան Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արազ Օզբիլիսն ու Մարկոս Պիզելլին:
««Կուբանի» կիսապաշտպանը հանդիպման ամենաաչքի ընկնող ֆուտբոլիստներից մեկն էր: Վստահ և ստեղծագործ ֆուտբոլ ցուցադրելով՝ նա մեկ անգամ չէ, որ մրցակցի պաշտպանությանը փակուղու առջև էր կանգնեցնում: Այնպես որ, նա արժանի էր 11 մետրանոցն իրացնելուն»,- գրում է կրասնոդարյան ակումբի կայքը, որին հետևում է մեր կիսապաշտպանի հարցազրույցը.
-Տարակուսո՞ւմ էիք, երբ գնում էիք 11 մետրանոցն իրացնելու:
-Ոչ, ոչ մի տարակուսանք չկար: Վստահ էի իմ ուժերին, զգում էի, որ կարող եմ հաղթել դարպասապահին: Ուրախ եմ, որ ակնկալիքներս արդարացան: Ցույց տվեցի, որ գնդակն ուղարկելու եմ մի անկյունը և հակառակ անկյունն ուղարկեցի:
-Հանդիպումից առաջ շատ էին խոսակցություններն այն մասին, որ «Ամկարը» չափազանց անհարմար մրցակից է, նշվում էր, որ արհեստական խոտածածկը նույնպես կարող է խնդիրներ առաջացնել, բայց խփած 3 գոլն, ասես, հակառակն են ապացուցում…
-Մենք շատ լավ էինք ուսումնասիրել մրցակցին, նախօրեին հանգամանորեն վերլուծել էինք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Մարզչական շտաբն ահռելի աշխատանք էր կատարել, իսկ մեզ հաջողվեց իրականացնել նրանց բոլոր մտահաղացումները, ինչի շնորհիվ էլ հաղթեցինք:
-Առաջին խաղակեսում չհաջողվեց բացել հաշիվը, իսկ երկրորդում երկրպագուներին ուրախացրիք միանգամից 3 գոլով: Ինչի՞ շնորհիվ հասաք հաջողության:
-Այո, մենք աչքի չընկանք առաջին խաղակեսում, բայց բազմաթիվ պահեր ունեինք: Ընդմիջումից հետո սկսեցինք ավելի ուշադիր լինել գրոհների եզրափակիչ փուլում և ամեն ինչ ստացվեց: Բալդեն ճիշտ կոմնորոշվեց և բացեց հաշիվը, որից հետո մրցակիցը սկսեց բացվել և մեր գործը հեշտացավ: Այդուհետ ես աչքի ընկա, իսկ Պիցան (Մարկոս Պիզելլի) մտավ ու ամրապնդեց առավելությունը:
-Վստա՞հ էիք, որ հաղթանակ եք տանելու:
-Մենք ամեն անգամ խաղադաշտ ենք մտնում միայն դրական արդյունքի ակնկալիքով, այս հանդիպումը բացառություն չէր: Բայց այսօր մենք ոչ միայն հաղթանակ տարանք, այլև, ինչն ամենակարևորն է, լավ խաղ ցուցադրեցինք: Պաշտպանությունը հուսալի էր, միջին գիծը վերահսկում էր գնդակի տեղաշարժը և հարձակման գծում ամեն ինչ գերազանցստացվեց: Մեր թիմի վստահությունն ամրապնդվում է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը