«Տիկին Նազարյանին անվտանգության աշխատակից են տրամադրել, իսկ ընդդիմադիր որևէ գործչի չի տրամադրվել». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցին և նկատեց, որ այդ մարդիկ, որոնք աջակցում էին Կառավարությանը, հայտարարում էին, թե գնալու են մարդկանց տներ գրավեն, այդ թվում՝ հնչել է նաև իր անունը։

«Խոսել եմ այն մասին, որ նոյեմբերի 10-ից սկսած ստանում ենք խայտառակ սպառնալիքներ, ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ, որի մասին նաև ասել եմ հրապարակային։ Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու, բայց հրապարակային նաև ուզում եմ տեղեկացնել, որ այս անիշխանությանը, երբ չկա որևէ կարգուկանոն, չկա որևէ զսպում, ով ում ուզում՝ ծեծում է, պետք է վերջ դրվի։ Ես երեք երեխաների հայր եմ, ու մարդն ուզում է գա մեր տունը գրավի, նման բան են ասում համազգեստով անձինք, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները երեկ։ Նոր, որ տիկին Նազարյանն այդ մարդկանց գովում էր, տիկին Նազարյանին անվտանգության աշխատակից են տրամադրել, բնականաբար, ընդդիմադիր որևէ գործչի որևէ անվտանգություն չի տրամադրվել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

ԼՀ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ճեպազրույցի ժամանակ Շուշիի մասին ինչ ասել են՝ իրականությանը չի համապատասխանում։

«Շուշիի որևէ քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի, փախստականների հարցը քննարկվել է, բայց դեռ հարց է, նրանք գալո՞ւ էին, թե՞ ոչ։ Նաև  ուզում եմ ասել, որ մենք ուսումնասիրում ենք նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը, որը մեր օրենսդրության համաձայն, ըստ էության համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթի փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանում։ Այս փաստաթուղթը մեզ համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև դրանով մենք զիջում ենք տարածքային ամբողջականությունից ինչ-որ բան»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս