«Ռազմական դրության արհեստական ձգումը բացառապես սպասարկում է իշխանության շահերը». Իվետա Տոնոյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Արցախը թշնամուն հանձնելուց հետո խորհրդարանի հրավիրած առաջին նիստի ընթացքում որևէ այլ օրակարգ չի կարող քննարկվել, քան Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի մանրամասները քննարկելուց, ինչպես նաև երկրում ռազմական դրությունը չեղարկելու հարցից: Պատգամավորն ընդգծեց, որ պատերազմական գործողություններն այլևս ավարտված են, և ռազմական դրության արհեստական երկարաձգումը բացառապես սպասարկում է իշխանության շահերն ու հետաքրքրությունները:
«Օրեր շարունակ, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թե բազմաթիվ քաղաքական այլ կուսակցություններ, ինչպես նաև մեր տասնյակ-հազարավոր հայրենակիցներ, իրենց բողոքի և ցասումի ձայնն են բարձրացրել՝ վարչապետի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի հետ կապված: Առիթ ունեցել ենք ասելու, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում եթե չի հիշում անգամ, թե ո՞ր օրն է Շուշին հանձնվել Ադրբեջանին, պարզապես իրավունք չունի այլևս պաշտոնավարելու, սա այլևս քննարկման ենթակա հարց չէ: Մենք այսօր մեր տասնյակ-հազարավոր հայրենակիցների հորդորել ենք չգալ Ազգային ժողով, չխոչընդոտել Ազգային ժողովի աշխատանքները՝ հույս ունենալով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնությունն ունի բավարար հայրենասիրություն, ունի բավարար սկզբունքներ, որպեսզի ստորագրի արտահերթ նիստ հրավիրելու՝ մեր և «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնության տակ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք քննարկելու Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթուղթը»,- ասաց Իվետա Տոնոյանը: