Բագրատյանի չորս հարցը՝ Դերենիկ Դումանյանին
ՀՀ Ազգային ժողովում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ներկայացրեց հաջորդ տարվա պետական բյուջեով առողջապահության ոլորտին ուղղված գումարները: Նրա փոխանցմամբ՝ եկող տարի պլանավորված է իրականացնել շուրջ հիսուն ծրագիր, որոնց համար նախատեսված է 70,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 7,8 տոկոսով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը չորս հարց ուղղեց նախարարին: «Ո՞նց եք վերաբերվում նրան, որ առողջապահության ֆինանսավորումը կամաց-կամաց հիմնարկների ֆինանսավորումից տեղափոխենք դեպի մարդկանց վրա: Այսօր շեշտը դրվում է հիվանդությունների ծրագրերի վրա»,- հարցրեց նախկին վարչապետը՝ առաջարկելով սերտիֆիկատներ տրամադրել մարդկանց, որպեսզի առողջապահական հիմնարկներն իրենք շահագրգռված լինեն փնտրելու հիվանդներին։
Բագրատյանի հաջորդ հարցը վերաբերում էր առողջապահության ոլորտի պարտադիր ապահովագրությանը (որը շատ վատ բան է պարունակում իր մեջ՝ հանգեցնում է ինքնարժեքի ծախսերի անվերահսկելի բարձրացման):
Երրորդ հարցով ՀԱԿ պատգամավորը ցանկանում էր ճշտել, թե մյուս տարի, պետությունից ստանալով 70,3մրդ դրամ՝ ինչքա՞ն է հարկ տալու առողջապահության ոլորտը։
Բագրատյանի վերջին հարցը վերաբերում էր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու խնդրին: «Ես վախենում եմ, որ մի երկու տարի հետո այս փողերը դուրս են հանվելու, ոնց որ պետական պահուստի փողերի հետ. Կենտրոնական բանկը հանում է, հետո եկավ-ասեց՝ վնաս ենք ստացել, նույն ձևով այս կուտակայինն է գնալու դուրս, արդեն խոսակցություններ կան դրսի արժեթղթեր գնելու մասին: Ի՞նչ եք մտածում, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու 2013թ., որ 2014թ. մեր առողջապահական ոլորտը գնա այս կուտակային ֆոնդերի կառավարիչներին՝ ասի, ներդրումների տեղ ունի, որպեսզի այս փողերը, այս ֆինանսական ռեսուրսները պետությունից դուրս չգնան»,- հարցրեց Հ. Բագրատյանը:
Ի պատասխան այս հարցերի՝ նախարար Դումանյանը նշեց, թե մանկաբարձության, ծննդաբերության ոլորտում սերտիֆիկատների ներդրումը բավականին մատչելի դարձրեց այդ ծառայությունը, ինչի շնորհիվ՝ ստվերը 4-5 անգամ նվազեց: «Սերտիֆիկատների հետ կապված մի խնդիր կար, որ մենք հունվարի մեկից կկանոնակարգենք՝ այն էր, որ սերտիֆիկատը տրվում էր յուրաքանչյուր տեղ ներկայացնելու համար: Իմ տվյալներով՝ 36-37տոկոս հղիները գալիս էին և չհիմնավորված ծննդաբերում էին Երևանում, և հատկապես մոտիկ մարզերի ծննդատներն արդեն կանգնած էին բանկրոտի առաջ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրենք բարձրացրել են տեղայնացման հարցը: Ինչ վերաբերում է պետական պարտադիր ապահովագրությանը՝ Դումանյանն ասաց, թե իրենք հանձնաժողով են ստեղծել, որպեսզի ուսումնասիրեն դրա հետ կապված բոլոր բարդությունները: Նրա փոխանցմամբ՝ մինչև հոկտեմբերի 15-ը սոցփաթեթով մոտ 800մլն դրամ է մուտք եղել առողջապահության ոլորտ: Հարկերի մասին հարցին անդրադառնալով՝ Դումանյանն ասաց, թե ինքը չի կարող ասել, թե որպես հարկատու՝ ինչքա՞ն է կազմում գումարը: Բագրատյանի վերջին հարցի վերաբերյալ նախարարը նշեց, թե իրենք կուսումնասիրեն կուտակային հիմնադրամի լրացուցիչ ֆոնդ ստեղծելու մասին առաջարկը: