Մարգարիտ Եսայանը և Ալեքսանդր Արզումանյանը հանդիպելու են ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 20-ին քրեակատարողական հիմնարկների վիճակի և պայմանների թեմայով լսումներ են տեղի ունենալու ԱԺ-ում, և այդ լսումներին նախապատրաստվելու, տեղում ազատազրկվածների ապրելու պայմաններին ծանոթանալու նպատակով՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ որոշել էին հոկտեմբեր ամսվա ընթացքում այցելել քրեակատարողական հիմնարկներ:
Նոյեմբերի 1-ին պատգամավորները պատրաստվում են այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նախատեսում են հանդիպել նաև որոշ ազատազրկվածների: Ի դեպ, պատգամավորները տեղում են որոշում, թե կալանավորներից ում հանդիպեն, քանի որ, ըստ պատգամավորների` այցելության նպատակը ոչ այնքան ազատազրկվածներին տեսնելն է, որքան նրանց ապրելու պայմաններին ծանոթանալն ու իրենց իրավունքների հետ կապված հնարավոր խախտումների մասին տեղեկանալը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ասաց, թե ինքը ցանկություն ունի հանդիպել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին և զրուցել նրա հետ: Մեր տեղեկություններով, նման ցանկություն ունի նաև ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Հիշեցնում եմ, որ մեր այցի նպատակն է՝ ուսումնասիրել կալանավորների և դատապարտյալների ազատազրկման մեջ ապրելու պայմանները, ինչը և կդառնա խորհրդարանական լսումների հիմնական թեման: Չեմ կարծում, որ այս այցելությունները և հանդիպումները կարելի է օգտագործել սեփական PR-շչիկությամբ զբաղվելու համար, քանի որ երկու հանձնաժողովների տարբեր խմբակցությունների բոլոր պատգամավորներն էլ ակտիվ և սրտացավ են խնդրի նկատմամբ և նպատակ ունեն օգտակար լինել այս լսումների արդյունքում»,- ասաց պատգամավորը: