Նորատուս համայնքի բնակիչներն աջակցություն են ցուցաբերել առաջնագծին
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչները նկատելի աջակցություն են ցուցաբերել Հայոց բանակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորատուսի համայնքապետարանից՝ գյուղում եւ արտերկրում ապրող նորատուսցիների հանգանակությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 6,5 միլիոն դրամ:
Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանն առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում եւ արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել եւ առաջնագծին է նվիրաբերվել «Վիլիս» մակնիշի 2 եւ ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին տրամադրվել է նաեւ տարբեր տեսակի սնունդ: Համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝ առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:
Խոսրով Խլղաթյան