Հունաստանի արտգործնախարար․ «Թուրքիան վերածվել է ջիհադիստների տուրիստական գործակալության»
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 26-ին Աթենքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դենդիասը, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի գործողություններին, ինչպես նաև ակնարկելով Սիրիայից Ադրբեջան փոխադրած վարձկաններին, հայտարարել է, որ Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալություն:
«Ցավոք, տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր հայտարարը Թուրքիայի ապակայունացնող գործոնն է: Ես հայտնել եմ իմ անհանգստությունը ջիհադիստների համար տուրիստական գործակալություն դարձած Թուրքիայի դերի վերաբերյալ», – նշել է նա։
Դենդիասի խոսքով՝ Թուրքիայի ձեռնտու է սրել լարվածությունը տարածաշրջանում:
«Մեր երկրների հարաբերությունները դարավոր են: Մենք կարևորեցինք երկկողմ քաղաքական շփումների ամրապնդումը», – ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:
Լավրովն իր հերթին հայտնել է, որ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունն ու խնդիրները պետք է լուծել միայն երկխոսության ճանապարհով։
Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառված S-400 զենիթհրթիռային ՀՕՊ համակարգերի հարցը: