«Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորման գործընթացը մոտենում է ավարտին. Հայկ Մարությանը ևս կմեկնի ճակատ». Հակոբ Կարապետյան
«Անձնակազմի հավաքագրումը, ըստ էության, կարելի է ասել, որ գործընթացը մոտենում է ավարտին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորման գործընթացին:
«Ուզում եմ ակնարկել, երբ ասում ենք՝ ստորաբաժանում, և ոչ թե՝ ջոկատ, արդեն հասկանալի է, որ նաև անձնակազմի քանակության հետ որոշակի առանձնահատկություն կա, առանց մանրամասնելու… Համենայն դեպս, ջոկատ չէ: Մնացած նախապատրաստական աշխատանքները նույնպես ընթացքում են և հնարավորինս արագ և նաև համապատասխան ռազմական գերատեսչություններից ստացած ցուցումների համաձայն, ստորաբաժանումը կմեկնի իր առաջադրանքի կատարմանը»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր. «Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը», մեր ճշտող հարցին, թե քաղաքապետը և՞ս մեկնելու է ճակատ, Կարապետյանը պատասխանեց. «Իհարկե այո»:
Մեր հաջորդ հարցին, թե արդյո՞ք ներկայիս ձևավորված ստորաբաժանման կազմում վարչական շրջանի ղեկավարներ կան, Հակոբ Կարապետյանը դրական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ էր արել՝ նշելով, որ այն ուղղված է մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին:
Ուղիղ եթերից մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ առանձնացված կետերով նշել էր, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է մեկնել առաջնագիծ և հաղթել: Ի դեպ, այս քայլերի հաջորդականությունը ֆլեշմոբի վերածվեց, ֆեյսբուքյան օգտատերերն այն տեղադրում էին իրենց էջերում: Այդ կոչին անդրադարձան նաև մարզպետարաններն ու քաղաքապետարանները՝ նշելով, որ հետևելով վարչապետի կոչին՝ ձևավորում են կամավորական ջոկատներ:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ևս գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումն ընթացքի մեջ է, ապա հավելել.
«Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»։