Բաժիններ՝

«Սարգիսն իր ընկերների պարծանքն է եղել. 2 ամսից կզորացրվեր». նահատակված զինվորի եղբայր

Արցախում զոհված 19-ամյա Սարգիս Վարդանյանը Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքից էր, ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի և իրենից փոքր քրոջ հետ:

«Բարի, բոլորին հասնող, դուխը տեղը տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում որդուն այսպես նկարագրեց Սամվել Վարդանյանը, որ մեր հեռախոսազանգի ժամանակ գերեզմանոցում էր…

«Սարգիսը դպրոցն ավարտել և ընդունվել էր բժշկական քոլեջ՝ ատամնատեխնիկական բաժին, կիսատ մնաց, պետք է վերադառնար և շարունակեր սովորել, ուզում էր այդ մասնագիտությամբ աշխատեր, առաջ գնար: Ծառայության մասին որ խոսում էր, ընդհանրապես չէր բողոքում, հակառակը՝ մեզ էր դուխ տալիս՝ դուխներդ տեղը պահեք: Վերջին անգամ ամռանն էինք հանդիպել…»,- պատմեց Սարգսի հայրը:

«Սարգիսն իր ընկերների պարծանքն է եղել, եթե ընկերները մի խնդիր ունենային, ինքն ինչ գործ ունենար, թողնում, գնում էր, ընկերների կողքին կանգնում: Ընկերը, հարազատը, եթե ինչ որ խնդիր էր ունենում, դա նաև իր խնդիրն էր»,- ասաց Սարգսի մորաքրոջ որդին՝ Նարեկ Գևորգյանը:

Նարեկն արդեն ծառայում էր, երբ Սարգիսը զորակոչվել է, շատ էր ուզում, որ եղբոր մոտ գնար, չէր ստացվել, բայց ծառայության ընթացքում հասցրել էին հանդիպել.

«Անցած տարի մայիսին ենք հանդիպել, գնացի իրենց զորամաս, տեսա, խոսեցինք… (լուսանկարում Նարեկն ու Սարգիսն են)»:

Սարգիսը 2 ամսից պետք է զորացրվեր: Եղբայրը հիշում է, երբ վերջին անգամ խոսել է նրա հետ, տրամադրությունը բարձր է եղել, ասել է, որ շուտով կվերադառնա տուն.

«Ամսի 6-ին զանգել էր, ասաց՝ ամեն ինչ լավ է, ընտիր է, մենք, որ այստեղ ենք՝ հանգիստ է լինելու, դուք հանգիստ եղեք, ինձ էլ բան չի մնացել, հես ա մենք էլ ենք պրծնում՝ գանք»:

Սարգիս Վարդանյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին, հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ Լեռնանիստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս