Բաժիններ՝

«Բոքոնիկն» ամենապահանջվածն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Երրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Չորրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներն» են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Աննա Իսաբեկյանի «Փիսոն գնում է բժշկի» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այս հրաշալի պատմությունը՝ արդեն սիրված Փիսոյի արկածների մասին, կսովորեցնի ձեր երեխաներին չվախենալ բժշկի այցելությունից և պատրաստ լինել բժշկական զննության։

Վեցերորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» յոթերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Ութերորդ տեղում է Լուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, և նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։

Աննա Իսաբեկյանի «Փիսոն հագնվում է ինքնուրույն» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այս գրքում փոքրիկները կիմանան, թե ինչ է լինում, երբ փոքրիկ Փիսոն որոշում է գտնել փղիկով տաքուկ շապիկը, մայրիկի հետ ինչ զվարճալի խաղ է խաղում և երբ է խնդրում մայրիկի օգնությունը:

Տասներորդ տեղում է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» գիրքը: Մի օր արջի քոթոթը տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն… Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս