«Ալիևը խոսում է թուրք խաղաղապահների մասին. ի վերջո, այս ամենին վերջ տալու է Ռուսաստանը». Արման Աբովյան

Քանի դեռ Ադրբեջանը կառավարվում է Թուրքիայի կողմից, և քանի դեռ Ալիևը հանդիսանում է Էդրդողանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա՝ նշանակված Ադրբեջանում, անիմաստ է խոսել կրակի դադարեցման մասին, և այս դեպքում պատերազմը շարունակվելու է, որովհետև Թուրքիան Ադրբեջանի միջոցով իրականացնում է իր վաղեմի պանթուրանական ծրագիրը, իսկ դրա համար պետք է Հարավային Կովկասում ստեղծի և պահի լարվածության օջախ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Այս ամեն ինչում այսօր գլխավոր դերակատարը Թուրքիան է, որի հետ ոչ մի դեպքում մենք չպետք է դուրս գանք երկխոսության։ Դա չի՛ կարելի անել ոչ մի դեպքում։ Կա խաբկանք, թե կան ինչ-որ ուժեր, որոնցով հնարավոր է զսպել Թուրքիային, սակայն հնարավոր չէ զսպել այդ պետությանը ոչ մի սանկցիայով, այդ երկրին կարելի է զսպել միայն ռազմական բախումների միջոցով նրան ցավեցնելով։ Ռուսաստանն այս պարագայում շատ ակտիվ է աշխատում, ավելին՝ ռուսների չափ այս օրերին որևէ մեկը չի աշխատում։ Սիրիական և լիբիական ուղղություններով թուրքական անհաջողությունները և ռուսական օդուժի կողմից զանգվածային ռմբակոծությունները՝ թուրքամետ խմբավորումների դիրքերի, սա ռուսական կողմի աշխատանքն է, որը բացահայտ դրվագներից մեկն է, կան և չբացահայտվածները»,- ասաց Աբովյանը։

Ըստ պատգամավորի՝ թեև այսօր ռուսական լրատվամիջոցներով հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը համաձայնել է խաղաղապահների տեղակայմանը, սակայն դրանից պետք չէ զգոնությունը թուլացնել, որովհետև, ըստ Աբովյանի, Ալիևի ասածը վերաբերում է թուրք խաղաղապահներին։

«Պաշտոնապես հայտարարեմ իմ վերլուծությունը՝ Ադրբեջանն այստեղ խոսում է թուրք խաղաղապահների տեղակայման մասին, որովհետև Թուրքիան, որն այսօր արդեն այս տարածաշրջանում է, խնդիր ունի իր այդ ռազմական ներկայությունը լեգիտիմիզացնելու և դա կլինի խաղաղապահի կամ այլ տեսքով, դա կարևոր չէ։ Եթե Թուրքիան այսպես չլեգիտիմիզացվի, ապա նրա ձեռքերը կապված են լինելու»,- ասաց Աբովյանը։

Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է Թուրքիան Հարավային Կովկասում ռազմական ներկայություն ունենալ, միջազգային հանրությունը բազմիցս կրկնել է, որ պետք է բացառել արցախաադրբեջանական հակամարտության գոտում Թուրքիայի ներկայությունը, Աբովյանը պատասխանեց.

«Միջազգային հանրությունը խոսում է, իսկ Թուրքիան՝ գործում։ Թուրքիայի զորքը դա ՆԱՏՕ-ի զորքն է, և ՆԱՏՕ-ն կարծում է, որ տեղակայելով այս տարածաշրջանում Թուրքիայի զորքը, իրենք ունենում են լծակ՝ ազդելու Ռուսաստանի վրա. խոշոր հաշվով, այս ամենի վերջը տալու է Ռուսաստանը»,- ասաց Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս