Բաժիններ՝

«Ախպերս, ես գնացի, ամեն ինչ լավ է լինելու, հետ կգամ». Արցախում զոհված Գուրգենը որոշել էր սեփական բրենդը ստեղծել

«Միշտ ժպիտը դեմքին էր, ջղայնանալ չուներ ընդհանրապես, շատ բարի մարդ էր, կամեցող, հյուրասեր, նվիրված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Գուրգեն Միրզոյանի եղբայրը՝ Արայիկ Միրզոյանը:

Գուրգենը ծնվել էր Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Այգեշատ գյուղում: Ապրում էր ծնողների հետ, ունի 1 եղբայր, 1 քույր, ինքը միջնեկն էր: Եղբայրը հիշում է, որ դեռ փոքր էին, երբ ընտանիքը տեղափոխվեց Արցախ, մի քանի տարի այնտեղ ապրելուց հետո կրկին վերադարձան իրենց ծննդավայր, սակայն Գուրգենը շատ էր կապվել Կովսականի (Զանգիլան) հետ:

«Մոտ 5 տարի ենք ապրել այնտեղ ու հետ ենք եկել, բայց քանի որ հորաքույր, մորաքույր այնտեղ էին ապրում, Գուրգենն անընդհատ գնում էր իրենց մոտ: Բանակից զորացրվելուց հետո մեկնեց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, մոտ 5 տարի այդպես աշխատեց, բայց երբ հետ եկավ, վերադարձել էր էլի Զանգիլան, ու 5 տարին կլրանար, որ այնտեղ էր: Վերջին 3 տարին ես էլ էի տեղափոխվել այնտեղ, փոքրիկ սրճարան էի բացել, ու միասին համ ապրում էինք, համ աշխատում էինք, Գուրգենը նաև շինարարական աշխատանքներ էր անում»,- պատմեց Արայիկը:

Եղբայրը նաև պատմեց, որ Գուրգենը որոշել էր այս տարի ընդունվել համալսարան, սովորել Կապանի մասնաճյուղում, չհասցրեց.

«Դպրոցն էր միայն ավարտել, ուզում էր անպայման համալսարան ընդունվել: Զանգեց տուն, ատեստատն էր ուզում գտնեինք, չէինք գտնում, խառնվել էր իրար, ասում էր՝ ատեստատս գտեք, ուզում եմ ընդունվել այս տարիքում, դուք չե՞ք գտնում: Վերջը գտանք, տարանք, բայց այսպես եղավ…»:

Վերջին անգամ Գուրգենն Այգեշատ էր եկել սեպտեմբերի 15-ին և մինչև սեպտեմբերի 20-ը մնացել էր գյուղում, եղբորն էր բերել տուն, ապա վերադարձել: Գյուղում եղած ժամանակ մասնակցել էր նաև հորեղբոր ծննդյան արարողությանը:

«Վերջին անգամ իմ ծննդյան օրն էր եկել՝ սեպտեմբերի 15-ին, մի քիչ ուրախացանք, տանը գործեր ունեի, օգնեց, արեց»,- ասաց Գուրգենի հորեղբայրը՝ Դավիթ Միրզոյանը:

Արայիկը հիշում  է, որ եղբայրը, որը սովորաբար չէր սիրում նման խնջույքների մասնակցել, այդ օրը մասնակցել և լավ ուրախացել է.

«Այդ օրը շատ ուրիշ էր ինքը, լրիվ յուրահատուկ էր, Գուրգենը, որ չէր սիրում նման տեղեր գնալ, մի քիչ ավելի հանգիստ էր բնավորությամբ, այդ օրը սովորականից երկար մնաց, ահագին խոսեցին, ուրախացան»:

Եղբայրներով որոշել էին, որ Գուրգենը պետք է գնա, 1 շաբաթում իր գործերն ավարտի ու վերադառնա տուն, սակայն պատերազմը սկսվեց:

«Զանգեցինք, հետը խոսեցինք, ասեց՝ ես իմ գործն եմ անում, դեռ չեմ գնում, կսպասենք: Ասացի՝ Գուգ, որ գնալու լինես, այնպես է, որ ինձ էլ են կանչելու, ախպեր, մտածելով, որ ես էլ եմ ծառայել, հրետանավոր եմ, ասացի՝ միասին կգնանք, ի՞նչ է եղել: Ամսի 29-ին մեզ տեղեկացրին, որ Գուրգենը գնում է պատերազմ, հեռախոսն անջատել էր, որ չկարողանայինք զանգել, բայց sms էր գրել՝ ինձ, մամային, մեկ էլ այնտեղի իր մոտիկ ընկերոջը, որ գնում է: Տարբեր էր տեքստերը՝ մամային ուրիշ բան էր գրել, ինձ՝ ուրիշ բան: Գրել էր՝ ախպերս, ես գնացի, ամեն ինչ լավ է լինելու, հետ կգամ: Իմացա, որ մտերիմ ընկերոջ հետ էլ է պայմանավորվել, որ գնալու լինի՝ նրա հետ կգնա, բայց իրեն էլ էր այդ հաղորդագրությունը գրել, գնալուց հետո, որ ոչ մեկս չկարողանայինք իրեն կանգնեցնել: Անգամ իր մեքենան էր բերել այստեղ թողել, պապային է տվել, ասել է՝ վերցրու քշի, այնտեղ ի՞նչ եմ անելու: Սեպտեմբերի 29-ին գնացել է, 30-ին եմ մի քանի վայրկյան խոսել հետը, ասացի՝ Գուգ, ո՞նց ես, ասաց՝ նորմալ է ամեն ինչ, հարցրեցի՝ բա այդ ի՞նչ ձայն է, պատասխանեց՝ մենք ենք կրակում: Ասացի՝ լավ, ախպեր, զանգի մամային, մենք հետո էլ կխոսենք, զանգել է տուն,  խոսել, դրանից հետո էլ ընդհանրապես չենք խոսել… ամսի 2-ին իմացել ենք, որ մահացել է»,- պատմեց Արայիկը:

Գուրգենը, բացի համալսրաան ընդունվելուց, այլ նպատակ էլ ուներ, սեփական բիզնեսն էր ուզում ստեղծել, արդեն քայլեր էր ձեռնարկել դրա իրագործման համար.

«Գուրգենը նաև ձեռքի լավ շնորհք ուներ, սկսել էր փայտից ինչ-որ բաներ պատրաստել՝ սեղան, աթոռ, ճոճանակ, ժամացույցներ, ամեն ինչ, ինչ մտքին գար՝ սարքում էր: Որոշել էր բրենդ ստեղծել, այս տարի տարբեր սարքեր էր առնում, որ սկսեր կամաց-կամաց կատարագործել և բրենդ ստեղծեր: Ազատ ժամանակ չուներ, եթե ուներ, ապա նման բաներ էր անում, ինչ-որ մի բան սարքում էր»:

Գուրգեն Միրզոյանին հուղարկավորել են հոկտեմբերի 5-ին՝ հայրենի գյուղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս